«Կարծում եմ՝ այսօրվա հետազոտությունը շատ կարեւոր է հասարակական վստահության համար համապատասխան մեխանիզմներ կառուցելու համար»,- հունիսի 3-ին «Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը» հետազոտության արդյունքների ներկայացման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նա նշեց, որ համարում է՝ քաղաքացիական հասարակությունը մեծ դերակատարություն եւ առաքելություն ունի քաղաքացիների եւ իշխանության միջեւ կապի ապահովման գործում. «Մենք՝ որպես իշխանության ներկայացուցիչներ, շատ ողջունելի ենք համարում այս հետազոտությունը: Պետությունը շատ կարեւոր է համարում քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում քաղաքականության, իրավական ակտերի մշակման եւ կյանքի կոչելու գործում: Պետությունը ստեղծել է համապատասխան մեխանիզմներ, որոնց միջոցով քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կարող են իրենց մասնակցությունն ունենալ պետական քաղաքականության եւ համապատասխան իրավական ակտերի մշակմանը»:
Սուրեն Քրմոյանը շեշտեց, որ իրենք հասարակական կազմակերպությունների հետ կատարելագործում են տեղեկատվության ազատության մեխանիզմները եւ նաեւ ստեղծում են հանրային խորհուրդների մեխանիզմ, որը իր կարծիքով՝ խթանելու է երկխոսության գործընթացը:
«Ես կարեւորում եմ այս երկխոսության գործընթացը: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը նախ այն եղանակն է, որի միջոցով մենք ստանում ենք մեր քաղաքականության հետ կապված հասարակության լայն զանգվածների կարծիքը: Արդյունավետ եւ ակտիվ մասնակցությունը երաշխավորում է նաեւ կառավարության թափանցիկ գործունեությունը, եւ ինչո՞ւ ոչ մենք այս շփումը դիտարկում ենք որպես հակակոռուպցիոն գործիք: Այն նաեւ թույլ է տալիս փոխադարձ քննադատության դաշտից գալ փոխադարձ արդյունավետ աշխատանքի դաշտ: Եվ ի վերջո կառավարության գործունեության մեջ հանրային վստահությունը շատ կարեւոր է, եւ այս պարագայում մենք այս երկխոսություն օգտագործում ենք, որպեսզի վստահությունը բարձրացնենք»,- հայտարարեց նա:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ