Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Լրատվամիջոցները հանրային նշանակություն ունեցող հարցերին շատ քիչ ուշադրություն են դարձնում»

Հունիս 03,2015 15:42

ԵՄԱ նախագահի խոսքերով՝ լրատվամիջոցների ուշադրությունը երկխոսության հարցերին շատ դեպքերում պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերով:

Երեւանի մամուլի ակումբը, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հունիսի 3-ին ներկայացրեցին «Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը» հետազոտության արդյունքները:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրել են նաեւ լրատվամիջոցների աշխատանքը: Ընտրվել են հանրային նշանակություն ունեցող իրադարձությունները ակտիվ լուսաբանող 6 լրատվամիջոցներ՝ Հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները եւ Aravot.am, News.am եւ Lragir.am կայքերը:

«Մեր լրատվամիջոցները հանրային նշանակություն ունեցող հարցերին շատ քիչ ուշադրություն են դարձնում:  Օրինակ՝ 2015 թվականի մարտին հանրային նշանակություն ունեցող հարցերին անդրադարձների կեսը ցեղասպանությանն էր վերաբերվում: Դա ինքնին բացասական երեւույթ չէ, բայց նշանակում է, որ այլ հարցերին քիչ ուշադրություն են դարձնում: Դա երեւի  ոչ միայն 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին է, այլ ավանդական երեւույթ է մեր մամուլում»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ ուսումնասիրված լրատվամիջոցներից երկխոսության հետ կապված հարցերին Հանրային հեռուստաընկերությունն ամենաքիչ ուշադրություն է դարձրել. «Հեռուստատեսությամբ կարծես թե հակառակ պատկերը պետք է լիներ: Իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը բոլորից շատ է ուշադրություն դարձրել երկխոսության հարցին: Եվրաինտեգրացիայի եւ եվրասիաինտեգրացիայի հարցերի անդրադարձների երեսուն տոկոսում մասնակցում էր քաղաքացիական հասարակությունը եւ խոսվում էր երկխոսության ռեժիմի մասին: Դա ամենաբարձր տոկոսն էր, երբ հանրային նշանակություն ունեցող տարբեր հարցերում քաղաքացիական հասարակության կարծիքն հաշվի է առվել»:

Նա նկատեց, որ լրատվամիջոցների ուշադրությունը երկխոսության հարցերին շատ դեպքերում պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերով. «Այսինքն՝ եթե կան դրամաշնորհներ, որոնք խրախուսում են լրատվամիջոցներում երկխոսության անդրադարձը, ապա այդ լրատվամիջոցում հարցը ուշադրության արժանանում է: Եթե չկա ծրագիր, ապա համապատասխան լրատվամիջոցում այդ հարցերը ավելի քիչ ուշադրության են արժանանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930