Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ Ադիբեկյանին. «ՀՀՇ-ն 1 տարի հետո էլ բացել է «Նաիրիտը», մե՞ջն ինչ կար»

Հունիս 03,2015 15:05

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը օրերս հրավիրած ասուլիսում ասել էր, թե իր առաջին բարձրագույն կրթությունը քիմիկոս-տեխնոլոգ մասնագիտությունն է եղել, եւ ինքը պրակտիկա անցել է Պոլիվինիլացետատ գործարանում: Հետո նա, որպես մասնագետ, գնահատական էր տվել «Նաիրիտի» գործարկմանը՝ ասելով, որ «Նաիրիտի» ճակատագիրը հայ հիմարության բացառիկ դեպքերից մեկն է, եւ որ այն փակեց ՀՀՇ-ն. «Նաիրիտը» կարող էր աշխատել, տալ քլորոպրենային կաուչուկ, եւ դրա պահանջարկը կար ոչ միայն  Սովետական Միությունում եւ ոչ միայն Ռուսաստանում: Բայց ինչ եղավ, այն էլ եղավ: Հիմա խնդիրը հումքն է, որի գինն  ազդում է վերջին արդյունքի գնի վրա: Շուկան պահանջարկ ունի»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հարցրեց՝ կարո՞ղ էր աշխատել «Նաիրիտը», թե՞ ոչ:

Նա պատասխանեց. «Ե՛վ Նաիրիտը, ե՛ւ ատոմակայանը ԽՍՀՄ  որոշմամբ են փակվել: «Նաիրիտը» չէր կարող աշխատել, որովհետեւ  փակ էր Ադրբեջանի երկաթգիծը, եւ մենք չէինք կարող ստանալ բուտադիեն: «Նաիրիտի» հիմնական հումքը բուտադիենն է, որը գալիս էր Սումգայիթից, Վոլգոգրադից եւ այլն: Նորաշենի գիծը փակ է եղել: Վրաստանով հնարավոր չէր բուտադիեն բերել, որովհետեւ Վրաստանն արգելում էր: Դա ծովափնյա գիծն է: Հետո այդ գիծն էլ փակվեց: 1-2 անգամ մեզ հաջողվեց բերել բուտադիեն, բայց շատ ծանր էր: Պետք էր բերել ծովով, հետո կռանով երկաթգիծ տանել տարաները»:

Պարոն Բագրատյանը պատմեց, որ ժամանակին «Նաիրիտը» գործարկել են մասամբ՝ ացետիլենի բազայի վրա. «Առանց բուտադիենի, 8-10 հազար տոննայից ավելի անհնար է այնտեղ արտադրել: Եթե մի պահ ընդունենք, որ ՀՀՇ-ն է դա փակել, չնայած այդպես չի եղել, բայց ՀՀՇ-ն 1 տարի հետո էլ բացել է, մե՞ջն ինչ կար: Ե՛վ փակելու ժամանակ, ե՛ւ բացելու ժամանակ հնարավոր չէր բուտադիեն ստանալ: Բուտադիենի համար տրանզիտ երկաթգիծ է պետք, որ վագոնը բարձես, մինչեւ Երեւան գա, ոչ թե տեղափոխություններ անես, դա խիստ վտանգավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Բութադիեն և ոչ թե բուտադիեն։ Բուտադիեն նյութ գոյություն չունի աշխարհիս երեսին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930