Իսրայելից Հայաստան ժամանած MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացրեց իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:
«Մեր երկրում, ինչպես ամեն ինչ, այնպես էլ առողջապահության համակարգը կազմակերպվում է առաջին հերթին պլանավորման ճանապարհով»,- նշեց բանախոսը:
Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի միջին տևողությունը կանանց մոտ անցնում է 81-ը, իսկ տղամարդկանց մոտ 80-ը: Յուրաքանչյուր ընտանիք միջինն ունենում է նվազագույնը երեք երեխա:
«Առողջապահությունը հեռանկարային ոլորտ է, որտեղ պետությունը մեծ ներդրումներ է կատարում»,- ընդգծեց առողջապահության հմուտ կազմակերպիչը։ Նա հայտնեց, որ Իսրայելում 1995 թվականից ներդրվել է առողջության պարտադիր ապահովագրման մասին օրենքը, որը թույլ է տալիս բնակչությանը օգտվել բժշկական լայն ծառայությունների փաթեթից:
1969 թվականին Իսրայելում կատարվել է առաջին փոխպատվաստումը: Արդեն ավելի քան չորս տասնամյակ է շատ երկրների համար դեռևս անհասանելի բժշկական օգնության այս տեսակն այստեղ մեծ զարգացում է ապրել: Ստեղծվել է տեղի առողջապահության նախարարությանն առընթեր Փոխպատվաստման ազգային ինստիտուտ: Առողջապահության կազմակերպիչը նշեց, որ արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևոր է, որպեսզի բժշկական կենտրոնները ժամանակին համընթաց քայլեն` մշտապես հետևելով գիտական նորարարություններին, աշխարհի առաջադեմ փորձին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Նատալյա Հեդվաթին այցի և ուսանելի ներկայացման համար:
«Մենք կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել, քննարկել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական ծառայությունների որակի վերահսկման, բժշկական կազմակերպությունների և մասնագետների լիցենզավորման գործընթացին: Ներկայացվեց նաև Իսրայելի «Շնայդեր» մանկական բժշկական կենտրոնի գործունեության և գրանցած հաջողությունների մասին տեսաֆիլմ: Հայ մասնագետներն առողջապահության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղեցին հյուրին:
ՀՀ առողջապահության նախարարություն