ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ վստահության մեծ պակաս կա:
Երեւանի մամուլի ակումբը, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հունիսի 3-ին ներկայացրեցին «Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը» հետազոտության արդյունքները:
Հետազոտությունն իրականացել է «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հետազոտության ընթացքում տարբեր շերտեր ներկայացնող քսան քաղաքացիների հետ խորացված հարցազրույցներ են անցկացվել, քննարկումներ են կատարվել եւ ուսումնասիրվել են լրատվամիջոցների աշխատանքը:
Կարդացեք նաև
«Մեր ուսումնասիրության մասնակիցների կողմից մի հարցում փոխհամաձայնություն կա, այն է, որ երկխոսությունը շատ կարեւոր է երկրի զարգացման համար: Այդ կարծիքին են ե՛ւ կառավարության, ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ քաղացիական հասարակության ներկայացուցիչները: Միեւնույն ժամանակ՝ այդ երկխոսության գնահատականը տարբեր է: Եթե պաշտոնական ատյանների ներկայացուցիչները գտնում են, որ հիմնականում դրական գործընթաց է, եւ նույնիսկ, եթե կան բացթողումներ, դրանք ժամանակի հետ ուղղվելու են, այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեծ մասը եւ ընդդիմությունը համարում է, որ լուրջ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ, որպեսզի երկխոսության արդյունավետությունը բարձրացվի»,- ասաց նա:
Նա նշեց, որ 20 հարցվածներից 16-ն ունեին երկխոսության փորձ, եւ նրանցից չորսը հիասթափություն է ապրել այդ փորձից: Բորիս Նավասարդյանը նկատեց, որ վստահության մեծ պակաս կա քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ. «Հայաստանում երկխոսության մշակույթը զարգացած չէ, եւ նույնիսկ, եթե երկու կողմերը պատրաստ են դրան, մեխանիզմները արդյունավետ չեն գործում: Մշակույթի զարգացման համար մեծ ջանքեր են պետք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ