Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ նախագահը հարցը շրջանցեց

Հունիս 03,2015 13:18

«Մինչ այսօր Ադրբեջանը բավականին ապակառուցողական և անիրատես դիրքորոշում էր դրսևորել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայում»,-անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե խաղաղության են ձգտում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Նա հիշեցրեց, թե երբ Ռիգայում հավաքվել էին Եվրոպական միության երկրների ղեկավարները և Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարներ, որոնք համաձայնել էին ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցում, որը ընդգրկվեց նաև Ռիգայի հռչակագրում, Ադրբեջանը հակադրվեց այդ դիրքորոշմանը և ցույց տվեց, որ որևէ տեղաշարժ ու փոփոխություն չի կատարվել իրենց դիրքորոշման մեջ: Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ՝ ժամանակը ցույց կտա, թե ինչպես իրեն կդրսեւորի Ադրբեջանը:

Իվիցա Դաչիչն այս առիթով նշեց. «Ադրբեջանն ունի ինչ-որ գաղափարներ, որոնք ներկայացրել են ինձ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կազմի ընդլայնմանը, ապա դա պետք է  լինի կոնսենսուսային որոշում»:

Դառնալով Կոսովոյի հարցին՝ պարոն Դաչիչը վեջակետ դրեց.«Կոսովոն չի կարող լինել պետություն, մինչև նման որոշում չընդունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը»:

Հարցին՝ ինչու՞ առավել կոշտ չի արձագանքում ԵԱՀԿ-ն Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերին և ինչպիսի՞ գնահատական կտա Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, Իվիցա Դաչիչը, ըստ էության շրջանցելով հարցը, նշեց, որ դեռ պետք է հարցը ուսումնասիրվի ու տեսնեն, թե ինչքանով են այդ հայտարարությունները հիմնավոր և դեսպաններին հանձնարարեց ուսումնասիրել հարցը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Ասուլիսի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի և լրագրողներից մեկի միջև: Խոսնակը հրաժարվում էր հարցի իրավունք տալ լրագրողին, իսկ նա համառում էր: Արդյունքում, Տիգրան Բալայանը սպառնաց լրագրողին. «Դու այլևս այստեղ չես մտնելու, ես կարող եմ զրկել քեզ հավատարմագրումից, ես իմ իրավունքները լավ եմ ճանաչում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930