Թումանյան քաղաքը գունեղ ու մանկաշատ էր: Հարյուրավոր փոքրիկներ և մեծահասակներ էին եկել՝ տոնելու Երեխաների պաշտպանության օրը:
Հունիսի 2-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած տոնախմբությանը, որ կրում էր «Բարև՛, մանկություն» խորագիրը, մասնակցում էին Թումանյանի, Վանաձորի, Դսեղի, Մարցի, Քարինջի, Դեբետի և Ձորագյուղի երեխաները:
Հիմնադրամի խմբակների մանկական ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, 5,000 տարվա պատմություն ունեցող ազգային տարազների տաղավար, աճպարարներ, ծաղրածուներ, օճառե ծիածանագույն պղպջակներ, երգ ու պար, ասմունք ու շախմատ. օրը բազմազան էր, տրամադրությունը՝ տոնական:
«Մեզ այսօր այստեղ հավաքեց մանկության տոնը: Մեզ համար շատ կարևոր էր, որ հնարավորինս երեխաներ Լոռու մարզից գային, ուրախանային, և միևնույն ժամանակ տեսնեին իրենց կողքին իրենց նման շատ երեխաներ կան՝ նույնքան տաղանդավոր, խելացի և պայծառ: Սա մեզ նաև նոր վստահություն ներշնչեց, որ ոչ միայն երեխաներն են ուզում ներգրավվել, այլև համայնքների ներկայացուցիչներն են պատրաստակամ իրենց փոքրիկներին հնարավորություն տալ նոր միջավայրում հայտնվելու»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Հայաստանի մանուկներ հիմնադրամն աշխատում է Արմավիրում, Արագածոտնում, հիմա արդեն նաև Լոռու մարզի մի շարք համայնքներում ևս և միտում ունի մեծացնելու այդ համայնքների քանակը:
Կարդացեք նաև
Միջոցառումն առանձնահատուկ էր շախմատի բլից մրցաշարով, որն անցկացնում էր տոնակատարության հատուկ հյուրը՝ օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Ու թեև չեմպիոնն անվերջ նշաձողեր էր սահմանում երեխաների համար, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսի խաղը ոգևորել էր գրոսմայստերին:
«Հուսամ, որ այսօրվա երեխաների միջից դուրս կգան ապագա չեմպիոններ. ամեն դեպքում՝ նախադրյալներ կան, ու բավականին հետաքրքիր երեխաներ կային: Հույս ունեմ, որ չեմպիոնների հաջորդ սերունդը հենց այս երեխաների միջից է լինելու: Շա՛տ պարապեք, մի՛ ընկճվեք և հավատացե՜ք վաղվա օրվան»,- ոգևորեց Տիգրան Պետրոսյանը:
Նա լավագույն մասնակիցներին հանձնեց իր մակագրությամբ գրքեր, որոնք մանուկներին էր նվիրել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքույկներ ստացան նաև հանդիսության ամենաակտիվ մանուկները:
Երեխաների ոգևորությունն ու տրամադրությունը վարակիչ էին և ներշնչում էին նման տոնակատարությունը դարձնելու ավանդական. «Շատ շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և խնդրում, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կրեն»,- ասաց Մարգարիտա Շահվերդյանը: Իսկ մի խումբ թումանյանցներ հատուկ երախտագիտություն հայտնեցին երաժշտական համույթներին, որ իրենց ելույթներով հիացրին քաղաքին՝ մեծից փոքր:
Տոնական ծրագիրը եզրափակվեց Հայաստանի և Լոռու մարզի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ «Որդան կարմիրի» համերգային ծրագրով. ազգային, հայրենասիրական երգերի ռոքային կատարումները նոր ոգևորություն բերեցին բոլոր մասնակիցներին:
«Անհնար էր այս հրավերը չընդունել և չնվագել երեխաների տոնի կապակցությամբ: Հաճույքով ենք եկել: Ուզում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ էս էրեխեքին, էս երիտասարդությանը ուրախացնելու գործում»,- ասաց «Որդան կարմիր» ռոք խմբի մենակատար Վահան Պողոսյանը:
Իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից բոլոր երեխաներին մատուցվող տոնը շարունակվելու է նաև այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ արդեն Արմավիրի և Արագածոտնի երեխաների մասնակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ