Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է (Տեսանյութ)

Հունիս 03,2015 12:21

Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի գյուղերն իրար կապող հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր տասնամյակներ առաջ։  Ճանապարհի քիչ թե շատ բարվոք վիճակը մինչ այժմ պահպանվում էր փոսային նորոգումներով:

2014թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից գումար տրամադրեց այս ճանապարհահատվածի հիմնանորոգման համար: 4,6 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվեցին անցյալ տարի՝ Մրգաշեն գյուղի 1,6 կմ երկարությամբ հատվածից: Այս ճանապարհին  առկա ջրանցքները հատող երկու կամուրջների հիմնանորոգումը ևս ավարտվել է 2014-ին։ Ճանապարհի մնացած մասը, որը նախորդից կրկնակի երկար է, ճանապարհաշինարարները պետք է կառուցեն մինչև ամռան ավարտը:

Ճանապարհի հիմնանորոգող «Տեր Հայրապետյան շին» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Մարզպետ Մելքոնյանի խոսքով՝  ճանապարհածածկի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 15 օրվա ընթացքում։ Դրանից հետո արդեն կիրականացվեն կողնակների, մուտքերի, իջատեղերի ասֆալտապատման, ճանապարհի նշագծման և կահավորման աշխատանքներ։

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել նախանշված ժամկետից շուտ։ Դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները,  տեխնիկան և աշխատուժը: Գրեթե ամեն օր շինհրապարակում են լինում նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի մասնագետները: Մեր այցի ժամանակ, օրինակ, աշխատանքներին հետևում էր տնօրենը՝ Էմիլ Սարգսյանը:

Նա նշեց, որ շինարարության ավարտից հետո ունենալու ենք շատ որակյալ ճանապարհ:

«Իրականացվում է ամենօրյա տեխնիկական հսկողություն, որի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Կատարվում են անհրաժեշտ բոլոր փորձարկումները,  ուստի որակի հետ կապված որևէ խնդիր բացառում ենք»,- մանրամասնեց է. Սարգսյանը:

«ՀՀ նախագծերի պետական փորձաքննություն» ՓԲ ընկերության  աշխատակից, փորձաքննություն իրականացնող Արտակ Թովմասյանն էլ հավելեց, որ ճանապարհների շինարարության տեխնիկական հսկողությունը կատարվում է ամենօրյա չափագրումների միջոցով։ Դրանից բացի, իրականացվում են լաբորատոր փորձարկումներ, որից հետո թույլատրվում է ասֆալտաբետոնե խառնուրդ ստանալ, և միայն խառնուրդի փորձանմուշի լաբորատոր փորձարկումից հետո ասֆալտաբետոնե խառնուրդը մեքենաներով տեղափոխվում է շինհրապարակ:

Արդեն փռված ասֆալտի տարբեր հատվածներից, պատահականության սկզբունքով, վերցվում են փորձանմուշներ, որոնք ևս անցնում են լաբորատոր փորձարկման փուլ: Դրական արդյունքի դեպքում միայն տրվում է ճանապարհի շահագործման թույլտվություն:

Անդրադառնալով կառուցվող ճանապարհահատվածին՝ Ա. Թովմասյանը հավաստիացրեց, որ ճանապարհի որակը համապատասխանում է շինարարական բոլոր ստանդարտներին: Նա նաև նկատեց, որ այսօր կառուցվող ճանապարհների որակը շատ ավելի բարձր է, քան, օրինակ, մեկ տասնամյակ առաջ, ինչը նոր տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների օգտագործման, ինչպես նաև ավելի պրոֆեսիոնալ ճանապարհաշինարարների առկայության արդյունք է:

Խստացվել են նաև ճանապարհը կառուցող ընկերություններին ներկայացվող պահանջները, ինչից միայն շահում է ճանապարհի որակը:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումն այս պահին շարունակվում է նաև հանրապետության մյուս մարզերում: Ֆինանսական միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից և Համաշխարհային բանկի կողմից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930