Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լինել յուրահատուկ

Հունիս 03,2015 10:11

Ամեն մի մարդ իր կյանքի ցանկացած պահին ընտրություն է կատարում: Մասնավորապես, պե՞տք է արդյոք «հաղթել» բոլոր վեճերում` սկսած մանր կենցաղային ընդհարումներից, վերջացրած «բարձր» քաղաքական եւ գաղափարախոսական վեճերով: Եթե մարդու գլխավոր նպատակն է «ճիշտ» լինել բոլոր պարագաներում, դա անիմաստ լարվածություն կհաղորդի նրա կյանքին: Ընտրության հարց է` լինել «ճի՞շտ», թե՞ լինել երջանիկ: Կամ` արեւմտյան քաղաքակրթությունը երեք տարեկանից երեխաների մեջ ներարկում է` «դու պետք է լինես առաջինը», եւ ամբողջ կյանքը դարձնում են մրցավազք` արմունկներով մյուսներին հրելով այդ «առաջնությունը» տարբեր ոլորտներում շահելու նպատակով: Համապատասխանաբար` հիասթափություններ եւ բարդույթներ` այդ բաղձալի նպատակներին չհասնելու համար: Ոչ մի ծնող եւ ոչ մի մանկավարժ սովորաբար չի ասում երեխային` պարտադիր չի, որ դու լինես առաջինը, աշխատիր լինել յուրահատուկ: (Ի դեպ, կարծում եմ՝ դա պետք է դառնա նոր տիպի կրթական համակարգի հիմքը):
Նույնն է նաեւ ազգային մակարդակով: Հայաստանում «արեւմտամետներն» ու «ռուսամետները» մշտապես վիճում են, թե որ կողմնորոշումն է «ճիշտը»` գտնելով ճիշտ կամ սխալ փաստարկներ «հակառակ կողմը» վարկաբեկելու եւ իրենց նախընտրածը գովերգելու համար: Իրականում այդ վեճում «ճիշտ» կամ «սխալ» չկա: Բացի այս երկու բեւեռներից՝ կարելի է լինել նաեւ «չինամետ» կամ «իրանամետ»` միայն թե ապահովվի Հայաստանի քաղաքացիների բարեկեցիկ եւ անվտանգ կյանքը: Ի՞նչ են շահում հայերը` «ալկաշներ» եւ «պնդոսներ» պիտակներն իրար երեսի նետելով: Միայն կորցնում ենք` ներքաշվելով ուրիշների վեճի մեջ: Վիկտորյա Նուլանդը եւ Սերգեյ Կուրղինյանը թող վիճեն իրար հետ, ոչ թե «մեր միջոցով»:

Նույնպիսի մոլորություն է, իմ կարծիքով, քանակական մրցակցությամբ չափից դուրս շատ տարվելը: Դա սխալ է ընդհանրապես, առավել եւս սխալ է Հայաստանի դեպքում: Մենք չենք կարող որեւէ՝ արդեն հայտնի ֆիզիկական ապրանք արտադրել ավելի շատ կամ նույնիսկ` ավելի լավ: Մեր արտադրանքը պետք է լինի յուրահատուկ, ուրիշներից տարբերվող, «անհատական»: Պատրանք է, որ մենք հիմա կվերագործարկենք, ասենք, «Նաիրիտը», 10 հազար մարդ աշխատատեղ կստանա, եւ մենք կաուչուկի արտադրությամբ աշխարհում առաջատար դիրքեր կզբաղեցնենք: Նման բան կարող է անել միայն գերտերությունը: Պետք չի նույնիսկ երեւակայության մեջ մտնել այդ մրցավազքի մեջ եւ մարդկանց էլ խաբել, որ 1-2 ամսից կամ թեկուզ 1-2 տարուց կարող է նման բան տեղի ունենալ:

Ո՞ր ոլորտներում է, որ մենք կարող ենք յուրահատուկ արդյունք ստանալ: Դա, իհարկե, քննարկելու հարց է, բայց ինձ թվում է` մշակույթի, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների` գիտելիքների, ոչ թե «չուգուն» ստեղծելու բնագավառում: Բայց ի հեճուկս բարձրագոչ խոսքերի՝ դրանք չեն դիտվում որպես ռազմավարական ուղղություններ, պետությունը չի անում եւ չի խրախուսում ներդրումները կրթության եւ գիտության մեջ: Մինչդեռ պարզ է, որ այսօր ամենահեռանկարային ներդրման թիրախը Մարդն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահագն Նազարեան says:

    Մեր բազմադարյան պատմության ընթացքին, ներքին ազգային հարցերը փոխադարձ զիջումներով լուծելու փոխարեն, նեղ օրերին, միշտ ապավինել ենք օտարների օգնության, որոնք իրենց հերթին, մեր պառակտված վիճակից օգտվելով, տիրել են մեր երկիրը եւ կեղեքել մեր ժողովրդին:
    Իրար դեմ թշնամական դիրքեր գրավելու փոխարեն, պետք է հասկանա’նք, թէ’ ոչ մեկ այլ պետություն մեզ ոչինչ կտա, առանց տասնապատիկ ստանալու:
    Այսօրվա պատմություն կերտողը միմիայն մենք ենք: Վաղը հաջորդ սերնդների անեծքին չ’արժանանալու համար, պետք է , որ վերջ տանք ազգակործան ու անիմաստ վեճերին:
    100 ամյակից չ’ստացանք որեւէ դրական արդյունք, որովհետեւ սպասում էինք՝
    օտարները ապսեյի մեջ մեզ հրամցնյյին մեր պահանջատիրությունը:
    Իրավիճակը նույնն էր 1920-կան թվականներին, երբ ներսում իրար էինք բզկտում, իսկ Եվրոպայի երկրներում մուրացկանության էինք դիմել, հիմա եւս նույն կեցվածքը ունենք:

  2. ՀՄ says:

    Արամ, դու կաուչուկից բան չես հասկանում, գոնե մի քիչ կարդա, էլի։ Երբ որ քործարանը փակվեց՝ աշխարհում յոթ երկիր ունեին արհեստական կաուչուկի գործարան։ Հիմա էլ՝ Հայաստանը դուրս եկավ, Թուրքիան ավելացավ։ Կաուչուկը էն բարդ արտադրությունն ա, որով Հայաստանը կարող է համաշխարհային շոիկա մտնել։ Իսկ արևմտյան քաղաքակրթությանը և երեխաների սխալ դաստիարակությանը նվիրված «пассаж»-դ լրիվ ցնդաբանություն է, կներես։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930