Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի կարելի աճ գրանցած վարչապետին եւ անկում թույլ տված վարչապետին խառնել»

Հունիս 03,2015 15:00

Հրանտ Բագրատյանը՝  Խոսրով Հարությունյանի
թույլ տված «հազվագյուտ անկման» մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեղադրել էր  Արամ Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին, որ ԱԺ-ում իրենց ժամանակվա սեւը սպիտակ են ներկայացնում եւ փորձում են անցյալը սրբագրել. «Այնպիսի տպավորություն է, թե մենք ամնեզիայով ենք տառապում: Ներկայացնում են, որ մենք ապրել ենք մեր նորանկախ Հայաստանի լավագույն շրջանում՝ ծաղկուն պետություն, դինամիկ զարգացող տնտեսություն: Սա ես անթույլատրելի եմ համարում»:

Այս առնչությամբ «Առավոտը» 1993-96թթ. վարչապետ Հրանտ Բագրատյանին հարցրեց՝ համաձա՞յն է քննադատությունների հետ: Ի պատասխան՝ պարոն Բագրատյանը Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալները ներկայացրեց, թե ով ինչպիսի վարչապետ է եղել եւ ինչ աճ է ունեցել. «Հայաստանն ունեցել է 13 վարչապետ, որից երկուսի տնտեսական նվաճումների մասին չեմ կարող ասել, որովհետեւ շատ քիչ են աշխատել. 3 ամիս՝ Արմեն Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը՝ 4.5 ամիս: Մնացածը գոնե կես տարի աշխատել են, եւ կա ՀՆԱ-ի ցուցանիշը: Քանի որ արդեն գոյություն ունի Համաշխարհային բանկի վիճակագրական դասիչը, որը բազմակողմանիորեն ստուգված է, մենք կարող ենք ասել, որ 11 վարչապետից 3-ի օրոք եղել է անկում, 8-ի օրոք եղել է աճ: Անկում թույլ տված վարչապետներն են՝ Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը: 1992-ի երկրորդ կիսամյակին մեր անկումը եղել է 41.8 տոկոս: Այդ անկումը եղել է Խոսրով Հարությունյանի օրոք: Այստեղ միայն այն չէ, որ անկման համար օբյեկտիվ պատճառներ կային: Պարզապես այդ ժամանակ տնտեսությունը պահանջում էր բարեփոխումներ եւ ռեֆորմներ, որոնք չէին արվում եւ խստորեն արտահայտվեցին 92-ի երկրորդ կիսամյակում: Դա հազվագյուտ անկում է: 1990-ից այս կողմ աշխարհում այդպիսի անկում եղել է եւս 4 անգամ՝ Հարավային Սուդանում 2012-ին՝ 46 տոկոս, Վրաստանում 1992-ին՝ 44.9 տոկոս, Իրաքում 1991-ին՝ 64 տոկոս եւ Լիբիայում 2011-ին՝ 62 տոկոս»:

Իսկ առաջին տնտեսական աճը ՀՀ-ում եղել է 1994-ին՝ վարչապետ Հրանտ Բագրատյանի օրոք. «ԱՊՀ-ում էլ մենք առաջինն էինք, որ աճ ստացանք: Սա այն դեպքում, երբ ՌԴ-ում առաջին տնտեսական աճը եղավ 1997-ին, իսկ Ուկրաինայում՝ 1999-ին: Այսինքն՝ հնարավոր էր պատերազմի պայմաններում ուժերի գերլարման եւ ճիշտ աշխատելու շնորհիվ ոչ միայն անկում թույլ չտալ, այլեւ աճ ունենալ: Այդ աճի ցուցանիշները բազմիցս ստուգվել են, եւ ստուգվել են հաջորդ իշխանությունների օրոք: Չեն կարող ասել բլեֆ է: Մի անգամ ստուգեցին, մի փոքր էլ ցուցանիշը բարձրացրեցին, մի բան էլ ավելի էր»:
Հրանտ Բագրատյանը պատմեց, որ մենք այլ ռեկորդներ էլ ենք ունեցել. «Բոլոր վարչապետների մեջ առաջին տնտեսական աճը գումարային եղել է Անդրանիկ Մարգարյանի օրոք: Իսկ ռեկորդային աճը՝ 13 տոկոս եւ ավելի, եղել է մեկ տարի Անդրանիկ Մարգարյանի եւ մեկ տարի Սերժ Սարգսյանի ժամանակ: Սա է վիճակագրությունը, եւ կուզենայի, որ սա ոչ միայն հաշվի առնեին, այլեւ այս դասիչի տվյալները հստակորեն արտացոլվեն պատմության գրքերում: Սովետական ոճով պատմություններ են գրում, թե 90-ականներին եղավ անկում: Այդպես չի, 90-ականներին չի, գրում են, թող գրեն՝ կոնկրետ ով: Չի կարելի աճ գրանցած վարչապետին եւ անկում թույլ տված վարչապետին խառնել մի ընդհանուր դասակի մեջ եւ անցնել: Սա արդեն պատմություն չի: Ես կոչ եմ անում, որ դադարեցնեն այդ խայտառակությունը, որն իբր պատմագիտություն է կոչվում: Մենք դեռ կենդանի ենք, եւ ամեն օր խախտում են պատմությունը»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ, անշուշտ, բոլորի օրոք էլ կարող է լինել գողություն, եւ գողությունը կարելի է անվանել թալան: Բայց չի կարելի այդ թալանը նույնացնել որեւիցե մի վարչապետի, որեւիցե մի իշխանության հետ, որի ժամանակ կա աճ. «Օրինակ՝ ինչի էինք մենք դժգոհում Տիգրան Սարգսյանի կառավարությունից: Որովհետեւ մենք չէինք կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ մեզ մոտ 2009-ից տնտեսությունն իջավ 14 տոկոս: Իհարկե, մենք հիշում ենք, որ 42 տոկոս անկում էլ ենք ունեցել, բայց դա անընդունելի ենք համարում: Այնպես որ՝ ասել, թե Տեր-Պետրոսյանի օրոք փոշիացավ մի բան, կներեք, բայց ես վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանի օրոք ավելի շատ փոշիացնում է այն մարդը, որի օրոք տնտեսության կեսն է մնացել: Եթե ուզում են պատասխանել իմ ասածին, պետք է գնան Համաշխարհային բանկ, դասիչների մոտ, ասեն՝ թվերը փոխեք: Այդ երկարաժամկետ ինդեքսները արտացոլված են նաեւ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի եւ նորաստեղծ ԵՏՄ-ի վիճակագրական դեպարտամենտի կողմից»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930