Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական շանտաժի գործոնը բնավ չի վերացել»

Հունիս 03,2015 14:30

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի՝ երբ ԵՄ-ի հետ նոր պայմանագրի ստորագրման պահը գա, «Կրեմլը կարող է նորից իր ուզածը պարտադրել»

– Պարոն Գրիգորյան, «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովն ի՞նչ արդյունքներ արձանագրեց, այն արդարացրե՞ց սպասումները, որոնք առկա էին:

– Որոշ սպասումներ իրականացան. վաղուց էր պարզ, որ ԱլԳ երկրների հետ ԵՄ-ի հետագա համագործակցությունը տարբեր ձեւաչափերով է զարգանալու` կախված բարեփոխումներ իրականացնելու առանձին երկրների պատրաստակամության աստիճանից: Ավելի հստակեցվեց հատկապես ասոցացման պայմանագրեր ստորագրած ԱլԳ երկրներում պետական ինստիտուտների թուլացման եւ բարեփոխումների ոչ բավարար ընթացքի վտանգավորության ընկալումը. կոռուպցիան, տնտեսական առաջընթացի բացակայությունը եւ այլ անբարենպաստ գործոններ ոչ թե պարզապես նպաստում են առանձին վերցրած ինչ-որ երկրում անկայունությանը, այլ ռուսական ազդեցության ուժեղացմանը, որն էլ սպառնալիք է եվրոպական անվտանգության համար: Ըստ այդմ, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի իշխանություններին ավելի հստակ պահանջներ են ներկայացվելու` բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու նպատակով, սակայն առանց շռայլ խոստումների` հեռանկարային ԵՄ անդամակցության եւ այլնի վերաբերյալ: Այս համատեքստում հատկանշական էր, օրինակ, Ուկրաինային նոր խոշոր վարկի տրամադրումը` միջոցների օգտագործման վերահսկողության մեխանիզմների կատարելագործման հետ մեկտեղ:

Միեւնույն ժամանակ, այլեւս հնարավոր չէ ձեւացնել, որ գոյություն ունի վեց երկրից կազմված մի տարածաշրջան: Կան եվրաինտեգրման ուղիով առաջ ընթանալու պատրաստ եւ ժողովրդավարության հիմնական չափանիշներին համապատասխանող երկրներ, կան բազմաթիվ քաղբանտարկյալներ ունեցող եւ առհասարակ մարդու տարրական իրավունքները կոպտորեն խախտող, միանձնյա կառավարմամբ երկրներ (որոնցից մեկը, սակայն, միանշանակ եվրոպական քաղաքակրթությանն է պատկանում, իսկ մյուսն էներգետիկ անվտանգության տեսանկյունից է կարեւորվում), եւ ի վերջո՝ կա մի երկիր, որը գրեթե բացառապես Ռուսաստանի շահերով է առաջնորդվում: ԵՄ-ն չի կարող այդքան տարբեր վեց երկրների նկատմամբ միասնական քաղաքականություն իրականացնել, եւ չնայած «Արեւելյան գործընկերություն» անվանումը դեռ կպահպանվի, փաստացի այն՝ որպես ընդհանուր ծրագիր, չի աշխատելու: ԵՄ երկկողմ հարաբերությունները Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ավելի մեծ կարեւորություն են ներկայացնելու, հնարավոր է նաեւ ԱլԳ ներսում ավելի նեղ ձեւաչափի ստեղծում` ԵՄ-ի եւ նշված երեք երկրների մասնակցությամբ:

– ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել՝ ընդհուպ մինչեւ նոր համաձայնագրի ստորագրումը, բայց պետք է հաշվի առնվեն ՀՀ-ի պարտավորությունները ԵՏՄ անդամակցությանը: Կարծես արդեն ԵՄ պաշտոնյաներն են այդ «համատեղելիությունը» միանգամայն հնարավոր համարում: Հայաստանը, փաստորեն, կարող է շահե՞լ այս վիճակում: Ի՞նչ եք կարծում՝ կգնա՞ն ՀՀ իշխանությունները մինչեւ վերջ` նոր փաստաթղթի ընդունման, Մոսկվան դա կհանդուրժի՞: Եվրոպացի պաշտոնյաներն էլ շարունակ կրկնում են, թե «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ստացվում է՝ բարենպա՞ստ իրավիճակ է:

– Իսկ ի՞նչ կարող է շահել Հայաստանը: Այն, որ Մոսկվայի թույլտվությամբ սահմանափակ համագործակցությո՞ւն կիրականացնի ԵՄ-ի հետ: Մի քիչ վերացական, բայց հայաստանյան իրականությունից տեղյակ մարդկանց հասկանալի օրինակ բերեմ. ենթադրենք՝ ինչ-որ բիզնես ունենք, մի պաշտոնյա պահանջում է կեսը հենց այնպես հանձնել իրեն, հետո համաձայնվում է «ընդամենը» 40% վերցնել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ 10% շահեցինք. ոչ, 40% կորցրեցինք, այդպես չէ՞: ԵՏՄ-ին անդամակցությամբ եւ Ռուսաստանից կախվածության ուժեղացմամբ Հայաստանը միայն ժամանակ եւ այլ ռեսուրսներ է կորցնում, եւ գնալով խորանալու է ճեղքվածքը թեկուզ անմիջական հարեւան Վրաստանի հետ: Մինչդեռ ռուսական էքսպանսիան կանգ առնելու միտում չունի. արդեն բանը հասել է նրան, որ ռուսական ինչ-որ ընկերության դպրոցի շենք են տրամադրում` կասկածելի հիմնավորումներով:

Իսկ այն, որ մի քանի օր առաջ Եվրոպական հանձնաժողովն իսկապես հավանություն տվեց Հայաստանի հետ նոր պայմանագիր նախապատրաստելու առաջարկին, դեռ չի նշանակում, որ այդ գործընթացն արդյունավետ կլինի. ռուսական շանտաժի գործոնը բնավ չի վերացել: Այո, նոր պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ ԵՄ-ի հետ նախնական խորհրդակցություններ անցկացնելուն եւ Ռիգայի համաժողովին մասնակցելուն Մոսկվան չի ընդդիմացել. դա Ռուսաստանին ինչ-որ չափով կարող էր նաեւ ձեռնտու լինել (ի վերջո, նույնիսկ, ընդհանուր առմամբ լավատես հայ վերլուծաբաններից ոմանք են ընդգծում, որ Ռիգայի համաժողովին Ս. Սարգսյանի մասնակցությամբ կանխվեց Ղրիմի բռնակցման վերաբերյալ առավել կոշտ բանաձեւի ընդունումը), բայց դա հետագա աշխատանքները հաջողությամբ ավարտելու առումով երաշխիք չէ: Երբ նոր պայմանագրի ստորագրման պահը գա, Կրեմլը կարող է նորից իր ուզածը պարտադրել:

– Սերժ Սարգսյանը Ռիգայում հանդիպել էր Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել էր Հայաստանի՝ Եվրասիական միության եւ ԵՄ միջեւ կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարեւոր հարթակ: Հայաստանն ունի՞ այսօր նման կարեւոր հարցում լուրջ «խաղացող» դառնալու հնարավորություն:

– ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ «կամուրջ» դառնալու անհեթեթ գաղափարը հայ պաշտոնյաներն են առաջ քաշում` իրենց «ճկունությունը» ցուցադրելու նպատակով: Գուցե Շվեդիայի վարչապետը քաղաքավարությունից ելնելով ինչ-որ դրական արձագանք է տվել նմանատիպ հերթական հայտարարությանը: ԵՏՄ-ն ԵՄ-ի կողմից համարժեք գործընկեր ընդհանրապես չի համարվում, այլ իրավացիորեն համարվում է ռուսական նախագիծ, որի հետ որպես ինքնուրույն կառույցի հետ համագործակցելու նպատակ չի դրվում` նաեւ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պատճառով: Բացի այդ, երկու միությունների հենց հիմնարար սկզբունքներն են անհամատեղելի:

– Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության ընդունմանը ԼՂ հակամարտության հարցով Ադրբեջանի պատվիրակությունը դիմադրել էր, սակայն ի վերջո ստորագրել էր: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանը ԵՄ-ին զիջումներ է արել` ստորագրելով Ռիգայում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը: Այսօր քննարկվում է Ադրբեջան-Արեւմուտք լարվածության հարցը, եւ կարծիքներ կան, որ ամենեւին պետք չէ ուրախանալ անկանխատեսելի Ադրբեջանով: Դուք վտանգ տեսնո՞ւմ եք Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մեջ, կամ առհասարակ՝ դա անկանխատեսելիությո՞ւն է, թե՞ հերթական «շանտաժային» քաղաքականություն:

– Ադրբեջանը շատ նմանություններ ունի Ռուսաստանի հետ, եւ շանտաժը նրանց քաղաքական գործիքներից մեկն է. ժամանակին անգամ իրենց թուրք «եղբայրներին» էին սպառնացել գազի կտրուկ թանկացմամբ` Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման փորձի դեպքում: Սակայն Ադրբեջանն Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես էներգետիկ անվտանգության առումով կարեւոր գործընկեր` Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Բացի այդ, Ադրբեջանն, ի տարբերություն Ռուսաստանի, իսկապես գլոբալ անվտանգության առումով վտանգ չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրին, Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրեց Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ իր բացասական վերաբերմունքը եւ կշարունակի գործընթացն այդ ձեւաչափից հանելուն նպատակաուղղված սադրանքները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930