Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը բացում է գլխավոր դատախազի տեղակալի հետ կապված մի գաղտնիք

Հունիս 03,2015 14:00

Երեւան քաղաքի նախկին դատախազ Հրաչ Բադալյանը բանավոր հանձնարարություն էր տվել այն մասին, որ Միսակ Մարտիրոսյանը պետք է այնպիսի բացասական փաստեր հավաքի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Վլ. Գրիգորյանի նկատմամբ, որոնք բավարար լինեն նրա պաշտոնավարումը դադարեցնելու համար:

Դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի համար մեղադրողը կաշառքի եւ յուրացման համար միջնորդել է 14 տարվա ազատազրկում:
Երեկ 60 էջից բաղկացած պաշտպանական ճառով հանդես եկած Միսակ Մարտիրոսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրեց քրեական գործի նախաքննությունը, խախտումները, զուգահեռներ անցկացնելով այս կամ այն գործի դրվագներին, վկաների, կասկածյալների հետ առերեսումներին:

Նրա գնահատմամբ. «Նախաքննության մարմինն ի սկզբանե նպատակ է հետապնդել՝ ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել, այլ շոու կազմակերպել եւ դրանից օգուտ քաղել, քանի որ նույն ժամանակահատվածում, նույն քննչական բաժնում քննվում էր նույն եղանակով կատարված մի այլ հանցագործության վերաբերյալ քրեական գործ (խոսքը վերաբերում է Կենտրոն համայնքի սանմաքրում կազմակերպությանը), որով կատարվել էր 300 մլն դրամի յուրացում, սակայն դրանով ոչ մի աղմուկ չբարձրացվեց»: Մինչդեռ, երբ նրա քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել դեռեւս 4-5 մարդու, տեղեկատվություն էր տարածվել, որ հափշտակության չափը կազմում է 300-400 մլն դրամ: Միսակ Մարտիրոսյանի կարծիքով, այդ ամենը պատահական չէր արվում, քանի որ շոշափվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անունը: Նա ասաց, թե նախաքննության մարմինը համագործակցել է նաեւ լրատվամիջոցների հետ, եւ երբ իրեն որպես կասկածյալ հարցաքննել էին, «լրատվության միջոցներով անմիջապես տարածվեց հաղորդագրություն, թե իմ աշխատանքային գործունեությունը կասեցնելու նպատակով որոշում է կայացվել, որը ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին»:
Նա իր ճառում տվեց այն անձանց անունները, որոնք համագործակցել են քննչական մարմնի հետ. «Այդպիսիք էին Ա. Ղուկասյանը եւ Ա. Մովսիսյանը, որոնք իմ դեմ ցուցմունք տալիս ունեին կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, իսկ Վ.Կարապետյանին ուղղակի, մեր կարծիքով, ահաբեկել էին, քանի որ վերջինս էլ առերես հարցաքննության ժամանակ ասաց, որ իրեն ասել են, որ իր դեմ ցուցմունք կա, որը հիմնավորվեց նաեւ դատաքննությամբ»:

Misak_Martirosyan_1
Ա. Ղուկասյանը 23.09.13թ. բացատրություն է գրում ոչ միայն այն մասին, որ Լ.Պետրոսյանից 1. 000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել՝ դեպարտամենտի ղեկավարին փոխանցելու համար, այլ. «իբր 800 ԱՄՆ դոլարը փոխանցել է ինձ, նաեւ մի նոր դրվագ է ստեղծագործում, թե իր ամուսնու ազգական Ռ.Դարբինյանից եւս 1.000 ԱՄՆ դոլար է վերցրել ու իբր ինձ փոխանցել, քանի որ այդ ամենը սահուն չի ընթացել, դրա համար էլ հարկադրաբար Լ. Պետրոսյանը, Ա.Պետրոսյանը, Ա. Եղիազարյանը եւ Ա.Ղուկասյանը մեկ օրից ավելի ապօրինաբար զրկվել են ազատությունից ու պահվել ոստիկանությունում»:
Ըստ նրա, պատահական չէր, որ հետագայում Ա.Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին:

Ինչ վերաբերում էր իր տեղակալ Արմեն Մովսիսյանի նկատմամբ նախաքննության մարմնի ազդեցությանը, նա հայտնեց, թե քննիչները շահարկելով «MEZZO» բար-սրճարանի հարցը, որը պատկանում էր Ա. Մովսիսյանի ընտանիքին, կարողացել են գործարքի մեջ մտնել նրա հետ, որին հետեւել է իր դեմ մտացածին ցուցմունքը. «Այդ ժամանակ ստուգում են նշանակում դատական դեպարտամենտում, այն էլ 5 տարվա կտրվածքով, որի արդյունքներով էլ իմ վերաբերյալ ոչինչ չի հայտնաբերվում»:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը հայտնել էր, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նստավայրի շինարարության մրցույթը հաղթելու համար որպես կաշառք 5. 000. 000 դրամ Վահրամի միջոցով փոխանցել են Միսակ Մարտիրոսյանին: Ցնորամտություն համարելով այս տվյալը, Միսակ Մարտիրոսյանը հայտնեց, թե նշված մրցույթը տեղի է ունեցել 2007թ., իսկ ինքը դատական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել 2009-ին:

Մ. Մարտիրոսյանը նշեց գլխավոր դատախազի տեղակալի՝ Հրաչ Բադալյանի հարաբերությունների մասին, նրա անունից հանդես եկած քննիչի խոսակցությունը:
Դեռեւս 07.10.2013թ. նա ու իր պաշտպանը բացարկ են հայտնել այն ժամանակվա Երեւան քաղաքի դատախազ Հր. Բադալյանին. «Իմ պաշտպանյալն ինձ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ 2002թ. օգոստոսին Երեւանի դատախազի գրավոր հրամանի հիման վրա ինքն ընդգրկված է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ընթացիկ գործունեությունը ստուգող հանձնախմբում: Ընդ որում, մինչ նշված ստուգումները սկսվելը Երեւան քաղաքի դատախազն իրեն բանավոր հանձնարարություն էր տվել այն մասին, որ ինքը պետք է այնպիսի բացասական փաստեր հավաքի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Վլ. Գրիգորյանի նկատմամբ, որոնք բավարար լինեն նրա պաշտոնավարումը դադարեցնելու համար: Ստուգումներն ավարտվելուց հետո Միսակ Մարտիրոսյանը Երեւան քաղաքի դատախազին է ներկայացրել իր մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք բավարար չեն եղել Երեւան քաղաքի դատախազի ցանկությունն իրականացնելու համար: Մ. Մարտիրոսյանը նշել է, որ սա այն ամենն է, ինչ հնարավոր է եղել հայտնաբերել, ինչին Երեւան քաղաքի դատախազը պատասխանել է, որ եթե նման կերպով է կատարվում իր հանձնարարությունը, ուրեմն իրենք միասին չեն կարող աշխատել, որից հետո Միսակ Մարտիրոսյանը հայտնել է, որ եթե այդպես է գտնում, ուրեմն ինքը դիմում կգրի՝ կհեռանա, ինչին Երեւան քաղաքի դատախազը պատասխանել է, որ եթե այդպես է, ուրեմն այսօրվանից իրենք թշնամիներ են»:

Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել էր այսպիսի պատճառաբանությամբ, թե՝ Մ. Մարտիրոսյանի եւ նրա շահերի պաշտպանի պնդումներն իրական չեն, քանի որ քրեական գործում առկա չէ որեւէ դրսեւորում կամ փաստ, որով կհիմնավորվեր Հր. Բադալյանի «խոչընդոտող ազդեցությունը» նշված քրեական գործի լրիվության, օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա»:

Դեպարտամենտի իրավաբան ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր եւ տասներկու աշխատակիցների գործով մեղադրողները, չգիտես ինչու, հենց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ հավատ չեն ներշնչում, այն պարագայում, որ մեղադրանքը պաշտպանում են Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Վ. Ջանազյանը եւ դատախազ Հ. Մելքոնյանը, եւ որպես երրորդ մեղադրող է ներգրավում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Սասուն Խաչատրյանը: «Եթե նկատի ունենանք նաեւ այն, որ քննիչն ինձ համագործակցելու առաջարկ անելիս միշտ հանդես էր գալիս Հր. Բադալյանի անունից, այս առումով նշեմ միայն վերջին առաջարկը, իսկ մնացածը կներկայացնեմ ՀՔԾ քննիչներին: 03.03.14թ. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունն ինձ հանձնելու համար, նույն օրը, քննիչը, առանց փաստաբանի (այդ ժամանակ իմ շահերը ներկայացնում էին երեք փաստաբաններ), մուտք էր գործել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ ու ինձ հետ առանձին հանդիպման ժամանակ ասաց, որ Հր. Բադալյանի անունից լիազորված է ասելու, որ եթե չեմ գրում, գոնե բանավոր կոնկրետ հանցագործության փաստ նշեմ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ ու ես այդ միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելու, չեմ ներկայացնի, դատարանում էլ դու քո հարցերը կլուծես, որին ես պատասխանեցի հարցով, թե դու Հր. Բադալյանից համապատասխան լիազորագիր ունե՞ս, թե՞ ոչ, որից հետո էլ այդ քննիչ Դ. Գեւորգյանը այլեւս ինձ հետ ոչ մի քննչական գործողություն չկատարեց»,- նշեց Մ. Մարտիրոսյանը:

Մ. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ Միքայել Ստեփանյանին կաշառքով աշխատանքի ընդունելու համար:

Այս կապակցությամբ նախկին ղեկավարը հայտնեց, թե իրեն մեղադրել են իբր Անգին Ղուկասյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, նպաստել է արձակուրդում եղած ժամանակ իրեն փոխարինող անձին՝ Մ. Ստեփանյանին պաշտոնում նշանակելուն. «Ես արդեն նշեցի, թե ինչպես եմ «նպաստել», մեղադրական եզրակացությամբ անգամ որպես վկա չի դատակոչվել հրամանն ստորագրող անձը, այլ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, թե պարզվում է, որ արձակուրդում գտնվող պաշտոնատար անձը կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը»:

«Պատմվածք» համարելով Վիկտորյա Կարապետյանից կաշառք ստանալու դրվագը՝ մեկ հատ ոսկե մետաղադրամ եւ մեկ շիշ «Նապոլեոն» կոնյակը, նա նշեց, որ մեղադրանքի կողմը կրկին դիմել է ակնհայտ ապօրինության, նենգափոխել են Վ. Կարապետյանի ցուցմունքի բովանդակությունը, քանի որ վերջինս թե իր ցուցմունքում եւ թե առերեսվելիս հայտնել է, որ ոչ ոք իրենից կաշառք չի պահանջել, այլ ինքն իր ցանկությամբ, աշխատանքի նշանակվելուց հետո, իմանալով, որ հաջորդ օրը Մ. Մարտիրոսյանի ծննդյան օրն է, ուղղակի ցանկացել է գալ եւ շնորհավորել, չնայած նման բան չի եղել:

Պաշտպանական ճառում Մ. Մարտիրոսյանը մի շարք հարցեր բարձրացրեց. ինչու քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տեղ չի գտել Ռ.Դարբինյանի կողմից կաշառք տալու հայտարարության մասը, նախաքննական մարմինը ինչպես կարող էր քրեական գործ հարուցել, երբ նյութերը գտնվում էին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, ու դեռ ավելին՝ մարդկանց հարցաքննել, ինչու է կաշառք տալու փաստով քրեական գործ հարուցվել միայն Անգին Ղուկասյանի նկատմամբ, այլ ոչ թե նաեւ իր, եթե քրեական գործում նյութերն ուղղակի չեն փոխվել: Կամ՝ քննիչի կողմից 2014 թվականի ապրիլի 25-ին գործով որոշում է կայացվել մի շարք անձանց, այդ թվում՝ Ռուզաննա Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով մասի վարույթը կարճելու մասին, պատճառաբանելով, որ թեեւ վերջինիս արարքում առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ կաշառք տալու հանցակազմը, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ նա իր ցանկությամբ, կամովին, մինչ իրավապահ մարմինների կողմից հանցագործության մասին իմանալն իր կատարած արարքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին: Քննիչի այդ որոշումը դատախազի կողմից չի վերացվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930