Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին եկեղեցաշինության է կոչված, ոչ թե կազինոներ եւ հասարակաց տներ կառուցելու»

Հունիս 03,2015 13:30

Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի
տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի դիտարկումները

Վերջին շրջանում համառ է այն մտայնությունը, թե եկեղեցաշինությունը մոդայիկ է դարձել Հայաստանում, ու կառուցվող եկեղեցիները կրում են կամ հովանավորների, կամ նրանց հարազատների անունները: «Առավոտը» թեմայի վերաբերյալ զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: Սրբազանն ասում է, որ ըստ ընկալման, եկեղեցու սովորության, ավանդության են սրբերի անուններ դրվում, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել եկեղեցաշինության հետ առնչություն ունեցողների անունների հետ, ինչը երկրորդական հարց է:

Ինչ վերաբերում է ընդհանրապես եկեղեցաշինությանը, ապա Բագրատ սրբազանի ընկալումը հետեւյալն է. «Ներքին զգացողությամբ կարող եմ ասել, որ հավանաբար ոմանց այդքան էլ հաճելի եւ ձեռնտու չէ, որ եկեղեցիներ կառուցվեն այս երկրում: Եկեղեցու կոչումը եւ առաքելությունը նաեւ եկեղեցաշինությունն է, եկեղեցին ոչ թե միայն անտեսանելի ժողովրդի հավատն է, այլեւ տեսանելի, ընկալելի, ըմբռնելի, շոշափելի արտահայտությունը, որը եկեղեցաշինությունն է: Սա՝ իր հոգեւոր բովանդակությամբ:

Միանշանակ ասում եմ՝ եկեղեցին եկեղեցաշինության է կոչված, չի կոչված ոչ կազինոներ կառուցելու, ոչ հասարակաց տներ կառուցելու, ոչ ասֆալտ անելու, ոչ էլ գործարաններ կառուցելու… Այսօր ով չի ձանձրանում, խոսում է աղանդավորական շարժումների մասին, կրոնական տարբեր միավորների մասին, երեխաների՝ կրոնական տարբեր շարժումներում ներգրավվելու մասին, դրանք նաեւ պատճառաբանում ենք եկեղեցու գործունեությամբ ինչ-որ իմաստով: Եկեղեցաշինությունը այն տարածքներում, որտեղ հատկապես եկեղեցիներ չկան, գործունեության այն ձեւերից եւ միջոցներից մեկն է, որպեսզի այդ բոլոր երեւույթները կանխվեն, կամ կարողանան ինչ-որ ձեւով նվազեցվել: Սա, իր հոգեւոր ընկալումից զատ, ունի նաեւ նյութական նշանակություն, այդ մեկ եկեղեցու կառուցումը բազմաթիվ մարդկանց աշխատատեղ է ապահովում, ցեմենտի գործարաններ են աշխատում, քարի արտադրամաս, ավազահանքեր են աշխատում, բազմաթիվ մարդիկ են աշխատում, եւ մեր այսօրվա պայմաններում այդ մարդիկ նաեւ իրենց ոչ միայն օրական հացն են վաստակում, արժանապատիվ կյանքի են կոչված լինում, եւ ի՞նչը եղավ պատճառը՝ եկեղեցաշինությունը… Եվ նաեւ բարոյական իմաստով՝ զուտ աչքի համար տեսանելիորեն»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ եկեղեցի տեսնելը մարդու մեջ ինչ-որ բան է փոխում, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ, ոչ բոլորն են քարացած մտքով ու սրտով ապրում՝ խաչի ներկայության գոյությունը նպաստում է, որ հոգեւոր արժեքներով էլ ապրեն: «Կարծես այդ եկեղեցաշինությունը ոմանց համար դարձել է անմարսելի մի երեւույթ, որովհետեւ որքան շատ խոսեն դրա մասին, որքան շատ փորձեն մարդկանց կյանքը փչացնել, այդքան իրենց շահը, ինքնահաստատումը տեղի կունենա»,- տարակուսանք է հայտնում հոգեւորականը:

Բագրատ սրբազանին հիշեցրինք, որ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասուլիսներից մեկում ասել էր, որ ներկայումս կառուցվող եկեղեցիները նոր խոսք չեն եկեղեցաշինության ոլորտում, ու նույնիսկ ինչ-ինչ չափանիշներով հակասում են ավանդույթներին, որովհետեւ մեր եկեղեցիները նախկինում ավելի համեստ են եղել ու զուսպ:

«Ես ծանոթ չեմ իր տեսակետին, բայց ուզում եմ հիշեցնել, որ Անիի տաճարը կա, Զվարթնոցի տաճարը…Կարծում եմ, որ իրենց համեստության ու շքեղության մեջ դրանք ներդաշնակ համադրություն են: Ինչ վերաբերում է Արտակ Ղուլյանին, այն, ինչ ինքը եւ իր կազմակերպությունն են իրականացնում, լավագույնս համապատասխանեցնում են մեր անցյալի ժառանգության ավանդույթներին եւ ներկայի արտահայտություններին: Իմիջիայլոց, համեստություն՝ չի նշանակում անպայմանորեն խեղճություն, շքեղությունն էլ կարող է լինել համեստության մեջ: Կարծում եմ, որ այսօր նոր զարգացումներ են տեղի ունենում եկեղեցաշինության մեջ»,- ասաց հոգեւորականը: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այն թեմային, թե ինչու հին եկեղեցիները վերականգնելու փոխարեն՝ նորերն են կառուցում: «Հին եկեղեցիները նույն ծախսերն են պահանջում… Համենայնդեպս, հին եկեղեցին վերականգնելիս էլ գործարան չի վերականգնվում, դարձյալ եկեղեցի է վերականգնվում: Հին եկեղեցիները մեծ մասամբ պատկանում են մշակույթի նախարարությանը, իսկ այն եկեղեցիները, որոնք վերադարձվել են Մայր Աթոռին, վերականգնված են կամ վերականգնման ընթացքի մեջ են: Ի դեպ, երկրորդ եզրաշերտն էլ կա: Այսօր հայ եկեղեցին քարոզչության խնդիր ունի, հատկապես այն վայրերում, որտեղ բացակայում են եկեղեցիները, օրինակ՝ Չարենցավանը, որ չուներ եկեղեցի, Արտաշատը, Սեւան քաղաքը: Հիմա կասեք Սեւանի վանքը կա: Սեւանի վանքը գործում է որպես կղզու վանական համալիր, բայց քաղաքային՝ զուտ քաղաքի մեջ գտնվող քարոզչական միջոց, վայր, աստվածային ընտանիք ու տուն գոյություն չունի: Սեւանցիներին գնացեք հարցրեք՝ գո՞հ են, թե՞ դժգոհ, որ եկեղեցի ունեն: Երեւանցիներն ու Սփյուռքում գտնվողներն անընդհատ խոսում են, թե Սեւանում ինչո՞ւ են եկեղեցի կառուցել, գնացեք՝ սեւանցիներին հարցրեք: Սեւանում ծառայել եմ, գիտեմ՝ դա ինչ է, արտաշատցիներին հարցրեք: Երեւանցի եւ Սփյուռքում ապրող, քեզ ի՞նչ, որ Սեւանում եկեղեցի են կառուցել կամ չեն կառուցել»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vard Arakelyan says:

    Մենք շատ ուրախ ենք և հպարտ,որ ունենք
    Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին․․ Շնորհակալություն․․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930