Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զավեն Բոյաջյանի թարգմանած «Վարդի անունը» կրքեր է բորբոքել

Հունիս 03,2015 13:00

ՀՀ նախագահի մրցանակը գրականության բնագավառում 2014թ. որոշակի փոփոխության է ենթարկվել: Բացի գեղարվեստական ստեղծագործություններից, այս անվանակարգում կարող են առաջադրվել նաեւ գեղարվեստական թարգմանությունները: Օրերս ՀՀ նախագահի մրցանակ շնորհվեց Զավեն Բոյաջյանին՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» թարգմանության համար: Ինչպես եւ սպասվում էր, եղան դժգոհություններ, նաեւ մասնագետների կողմից, թե չի կարելի գրականության եւ թարգմանության ոլորտում ընդամենը մեկ մրցանակ շնորհել, դրանք պետք է տարանջատել:

Մասնագետների կարծիքները լսելու նպատակով «Առավոտը» զրույցի հրավիրեց գրականագետներ Հասմիկ Հակոբյանին եւ Արքմենիկ Նիկողոսյանին:

«ՀՀ նախագահի մրցանակը իր կարեւորությամբ, արժեքային նշանակությամբ ակտիվ գործոն պետք է հանդիսանա գրականության խրախուսմանը եւ տարածմանը, գրական երկի հանրայնացմանը, հասարակության ուշադրությունը բեւեռի այս կամ այն ստեղծագործության վրա:

Hasmik_Hakobyan

Եվ այս համապատկերում, երբ որոշվում է մրցանակը հանձնել թարգմանությանը, թեկուզ ամենալավագույնին, այն կորցնում է իր բուն առաքելությունը: Տպավորություն է ստեղծվում, թե մենք այսօր չունենք լուրջ գրականություն, որը կարող է հայտ ներկայացնել պետական մրցանակ ստանալու,- ասաց Հասմիկ Հակոբյանը, հետո էլ հավելեց,- հարցի մեկ այլ կողմն է մրցանակի գործոնի ոչ ճիշտ օգտագործումը: Շատ հաճախ հասարակության լայն զանգվածներին այն պարզապես չի ներկայացվում, նրա գեղարվեստական արժանիքներին ոչ ոք չի անդրադառնում, անգամ մրցանակը շնորհող հանձնաժողովի անդամները»:

Մեր զրուցակիցը համոզված է, թե վերջին տարիներին էլ ընդունված կարգ է ձեւավորվել մրցանակները շնորհել ցուցակով, ըստ հերթի ու վաստակի: Գրականագետը տարակուսում է նաեւ. գուցե հենց այս հանգամանքնե՞րն են հաշվի առնվել թարգմանական գրականության միջոցով խախտել «ընդունված կանոնակարգերը» եւ այս բնագավառում որոշակի փոփոխություններ կատարել: Այսուհանդերձ, նա կարծում է, որ ի սկզբանե սխալ ընտրված ճանապարհ է դա: «Լիարժեք կիսում եմ այն տեսակետը, որ ցանկացած հաջողված գեղարվեստական թարգմանության միջոցով մենք ոչ միայն հաղորդակցվում ենք համաշխարհային գրականության բարձրարժեք գործերին, այլեւ մեր լեզուն լայնացնելու, նրա բազմապիսի հնարավորությունները բացահայտելու հրաշալի առիթ ստանում: Անխոս, նման թարգմանության հրաշալի օրինակ է Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» եւ արժանի մրցանակ: Այսուհանդերձ, կարծում եմ, որ ճիշտ կլինի տարանջատել երկու բնագավառները: Եթե այսպես շարունակվի, լուրջ մտավախություն ունեմ, որ գոնե առաջիկա տարիներին ոչ մի մրցանակ չի շնորհվի նոր ստեղծվող գեղարվեստական գրականությանը»,- համոզված է Հասմիկ Հակոբյանը:

Արքմենիկ Նիկողոսյանն էլ է կարծում, թե ոլորտները պետք է առանձնացվեն, բայց այս պահին նման կարգը նա համարում է արդյունավետ, որովհետեւ սա ինչ-որ չափով օգնում է ձերբազատվել նախկինում ձեւավորված որոշ վատ ավանդույթներից: «Իրենց հերթի դրած գրողները փոքր-ինչ կսթափվեն:

Arqmenik_NikogosyanՄյուս կողմից՝ Գրողների միության անդամ լինելու պարագան այս մրցանակի դեպքում որոշիչ չի դառնա: Ի դեպ, Զավեն Բոյաջյանը Գրողների միության անդամ չէ եւ ներքին գզվռտոցների թիրախում չի եղել ու նրա անունն էլ տարբեր կապերի ու հարաբերությունների շահարկման առարկա երբեք չի դարձել»,- համոզմունք է հայտնում գրականագետը: Նրա ձեւակերպմամբ՝ այս փաստը, որ թարգմանիչն է ստանում ՀՀ նախագահի մրցանակ, պայքարելով կրկին թարգմանիչների հետ, վկայում է այն մասին, որ վերջին տարիներին լայն թափ ստացած թարգմանական գործն աննկատ չի մնացել: «Որոշ գրողներ արդեն իսկ հասցրել են հանդես գալ բաց նամակներով եւ նույնիսկ թայֆականություն տեսնել նաեւ այստեղ, մասնավորապես՝ մեղադրել «Անտարես» հրատարակչությանը: Բայց Բոյաջյանի թարգմանության արժանիքներն այնքան մեծ են, որ նման խոսակցություններն ուղղակի զավեշտալի են»,- հայտնեց Արքմենիկ Նիկողոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սիրանուշ Համբարձումյան says:

    Անկասկած, գրողների և թարգմանիչների մրցանակները պետք է դառնան տարբեր անվանակարգեր: Թե չէ գրողները կարող են առաջիկայում մրցանակ չստանալ, քանի որ հավանաբար կլինեն նոր արժեքավոր թարգմանություններ: Ինչ վերաբերում է Զ. Բոյաջյանի մրցանակին, ապա լուրեր են շրջանառվում, որ կատարվել է ընթացակարգի խախտում: Պետք է լիներ հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցությամբ նիստ, և գաղտնի քվեարկությամբ պետք է որոշվեր ներկայացված երեք թարգմանություններից լավագույնը (գրողների գործերն արդեն մերժվել էին): Այդ քվեարկությունը տեղի չի ունեցել, քվեարկության արդյունքներ գոյություն չունեն, հարցը լուծվել է գեղական կարգով: Հետո նախագահը, տեղյակ չլինելով կատարված խախտման մասին, իր ստորագրությամբ հաստատել է որոշումը: Եթե այս լուրերը սխալ են, թող համապատասխան մարմինը հերքում հրապարակի՝ փաստացի տվյալներով և թեկնածուներից ամեն մեկի ստացած ձայների քանակով:

  2. Լ. Գրիգորյան says:

    Մրցանակ տալիս բնագրի հետ համեմատվե՞լ է գիրքը: Այդ բանգրի լեղուն իմացող քանի մասնագետ է երաշխավորել թարգմանության որակը: Բոյաջյանը վատ թարգմանիչ չէ, բայց ծիծաղելի է, որ Ուլիսեսի թարգնաամության համար Սամվել մկրտչյանին չտրվեց, բայց Բոյաջյանին տրվում է, քանի որ, ինչպես ասվեց, ունի ներքին թիկունք: Իսկ սկսնակ գրականագիտուհին լավ կանի սերտի հայոց լեզու. հայերենում չկա ամենալավագույն բառ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930