Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավանդական» եւ «ոչ ավանդական» ընդդիմությունը

Հունիս 03,2015 12:00

«Քաղաքացիական պայմանագիրը»
պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին

Շաբաթ օրը տեղի է ունեցել միանգամից երկու քաղաքական իրադարձություն՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը եւ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համագումարը: Առաջինի օրակարգն ավանդական էր՝ հեղափոխություն, իշխանափոխություն, որից հետո արտահերթ ընտրություններ: Հիշեցնեմ, որ 1992 թվականի ամառվանից սկսած այդպիսի կարգախոսներով հանրահավաք են արել ԱԺՄ-ն, Դաշնակցությունը, Արկադի Վարդանյանը, «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ժառանգությունը», ՀԱԿ-ը: 23 տարում տարբեր ուժերի կողմից ձեւակերպված այդ նպատակները չեն իրագործվել՝ նախեւառաջ այն պատճառով, որ իշխանությունը երբ զգում է թեկուզ նվազագույն վտանգ, բիրտ ուժ է կիրառում եւ աշխատեցնում է իր տրամադրության տակ գտնվող ռեպրեսիվ համակարգը: Ընդ որում՝ նրանք, ովքեր դա անում էին առաջ, բողոքում են նրանցից, ովքեր դա անում են հիմա:
Երբ վերը թվարկած քաղաքական ուժերին հարցնում էի եւ հարցնում եմ հերթական ընտրությունների մասին, նրանք այդ հարցից մի փոքր նեղվում են. «Ինչպե՞ս, ի՞նչ հերթական ընտրություններ, երկիրը կործանվում է, մենք այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ» եւ այլն: Ըստ այդմ, սպասվում էր թեժ ամառ կամ թեժ աշուն, որի ընթացքում ժողովրդական զանգվածները կիրագործեն բաղձալի հեղափոխությունը: Նման մոտեցումն, իհարկե, համապատասխանում էր եւ հիմա էլ է համապատասխանում բնակչության մեծ մասի սպասումներին, որոնց համաձայն՝ իրենց խնդիրների համար պատասխանատու են իշխանությունները, եւ եթե գան բարի եւ ազնիվ մարդիկ, այդ խնդիրները կլուծվեն: Սակայն 23 տարում հեղափոխություն այդպես էլ տեղի չունեցավ:

Nikol_Pashinyan

Այդ առումով «Քաղաքացիական պայմանագրի» մոտեցումը տարբերվում է ընդդիմության ավանդական մոտեցումից. շաբաթ օրը նորաստեղծ կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, որոնք, հիշեցնեմ, տեղի են ունենալու երկու տարուց պակաս ժամկետում: Դա, իհարկե, կարող է արժանանալ «ավանդական ընդդիմադիրների» քննադատությանը՝ ջուր են լցնում իշխանության ջրաղացին, ուզում են, որ երկիրը եւս երկու տարի կործանվի: Բայց, համաձայնեք, ցանկալին իրականի տեղ դնելը նույնպես «շռայլություն» է:

Դրական պահ է ինձ թվում այն, որ նորաստեղծ կուսակցությունը մինչեւ ընտրությունները պատրաստվում է հավաքագրել դիտորդների եւ վստահված անձերի պատկառելի բանակ, որը «կծածկի» Հայաստանի բոլոր տեղամասերը: Ինձ դուր եկավ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը չդարձավ կուսակցության առաջին դեմք: Վատ գաղափար չէ նաեւ «ստվերային կառավարությունը», թեեւ այստեղ կարող են բազմաթիվ վերապահումներ լինել:
Բայց ամենակարեւոր հարցը, որի շուրջ ես կառաջարկեի մտորել թե այդ եւ թե մնացած կուսակցություններին, հետեւյալն է. մեր բնակչությունն ուզում է ունենալ օրինակա՞ն իշխանություն, թե՞ բարի եւ հոգատար իշխանություն եւ արդյոք կապո՞ւմ է մեկը մյուսի հետ: Եթե նժարը երկրորդի՝ «բարի եւ հոգատարի» կողմն է, ապա ցանկացած ընտրություններում փող եւ այլ բարիքներ բաժանողը տեսականորեն կարող է առանց ակնհայտ բռնությունների եւ կեղծիքների հասնել հաջողության: Եվ այս դեպքում նույնիսկ 10 հազար սփյուռքահայ դիտորդ չի օգնի:

Ավելի լայն դնեմ հարցը՝ մեր ժողովուրդն ուզո՞ւմ է պետություն ունենալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ ես պետությանը հարկ եմ վճարում ու նրա օրենքներին ենթարկվում, ակընկալում եմ ինչ որ արտակարգ իրավիճակներում որոշակի արդյունավետ ծառայություններ պետության կողմից իմ շահերի պաշտպանության գործում: Սա հիշեցնում է ապահովագրական ընկերության գործունեությունը: Էլ ինչո՞ւ հեծանիվ հնարել, մենք առավել արդյունավետ կառավարման համակարգ կստեղծենք, եթե բոլոր ցանկացողները՝ քաղաքացիներն ու ոչ քաղաքացիները վարկ վճարեն այդ մասնավոր ապահովագրական ընկերությանը, հստակ պայմանագիր՝ բոլոր պարտադիր ու ոչ պարտադիր կետերով կնքեն ու ենթարկվեն պայմանագրի պահանջներին: Թող այդ ընկերությունը իր մասնաճյուղերն ունենա բոլոր բնակավայրերում: Ի տարբերություն սովորական ապահովագրական ընկերությունների, այս մեկը պետք է ընդգրկի օգտատերի բոլոր ոչ անձնական շահերը: Հետո էլ կարելի է մի կուսակցություն ստեղծել ու բոլոր օգտատերերով իշխանության բերել մեր այդ կուսակցության անդամներին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930