Կան մարդիկ, որոնք օրը սկսում եւ ավարտում են մի հագուստով, քանի որ այլընտրանք չունեն, մարդիկ էլ կան, որ օրվա մեջ մի քանի անգամ փոխում են հագուստը:
Ինչպես ամեն մի միջավայր թելադրում է իր պահանջները, այնպես էլ օրվա տարբեր ժամերին պետք է հագնել համապատասխան հագուստ:
Օրինակ՝ առավոտյան հագուստը, որը հագնում են արթնանալուն պես, հարդարանքի ժամանակ, հագնում են թեթեւ խալաթ, որից հետո՝ տնային խալաթ կամ հագուստ։
Եթե որեւէ տեղ չունեք գնալու, ապա փոխարինում եք տնային հագուստով, որը պետք է լինի հարմար, գեղեցիկ, մաքուր եւ պետք է սազի հագնողին։ Շատ տհաճ է տանը ոչ մաքուր հագուստով կամ թափթփված մազերով շրջելը։ Ցերեկային հագուստ հագնում են աշխատանքի ժամանակ (եթե աշխատանքային արտահագուստ չի պահանջվում), փողոցում, թանգարանում, ցուցահանդեսում, սրճարանում, ճաշարանում, ցերեկը հյուր գնալիս։ Կանանց ցերեկային հագուստի ձեւն ու կտորը պետք է լինեն պարզ ու համեստ, առանց աչքի զարնող հարդարանքի։ Ցերեկային հագուստի համար անհարմար են թավիշը, դիպակը, թափանցիկ կտորները՝ շիֆոն, ժանյակ, փայլուն մետաքս եւ այլն։ Ցերեկը փողոցում հագնում են ցածր կամ միջին բարձրության կրունկներով պարզ կոշիկներ։
Աշխատանքային հագուստը պետք է համապատասխանի աշխատանքի բնույթին, լինի հարմար, գործնական ու պարզ։
Կարդացեք նաև
Տղամարդիկ ցերեկը հագնում են մարզական, կիսամարզական կամ սովորական կոստյումներ։ Գծավոր, թավշե տաբատների հետ սազում են միայն մարզական վերնազգեստները, որոնք հագնում են միայն ցերեկը։ Մարզական վերնաշապիկը հագնում են առանց փողկապի։
Դասական վերնաշապիկի հետ (եթե հագնում են առանց պիջակի) տաբատը պետք է առանց ուսակապերի լինի։ Ամառային կարճաթեւ վառ վերնաշապիկները կարելի է հագնել կարճ տաբատի հետ հանգստի վայրում կամ բնության գրկում, սակայն այդպիսի հագուստով, նույնիսկ ամենաշոգ ժամանակ, պաշտոնական վայր գնալ չի կարելի։
Մարզական հագուստը, բացի հարմար, թեթեւ ու գեղեցիկ լինելուց, պետք է նաեւ մարմնի ջերմաստիճանը կարգավորելու հատկություն ունենա։ Յուրաքանչյուր մարզաձեւ ունի իր համապատասխան հագուստը։
Հետճաշյա հագուստը կրում են օրվա երկրորդ կեսին կամ երեկոյան՝ սրճարան, ռեստորան, թատրոն, համերգ գնալիս, ընտանեկան երեկույթի, ծննդյան օրվա առթիվ եւ այլն։
Հետճաշյա հագուստն ընտրվում է ավելի շքեղ եւ լրացվում համապատասխան արդուզարդով։ Տղամարդու հետճաշյա հագուստը պետք է լինի մուգ գույնի կոստյում` համադրված սպիտակ կամ այլ գույնի վերնաշապիկով ու փողկապով։ Հարգի են սեւ կոշիկները։
Կանանց երեկոյան զգեստի համար հարմար են թավիշը, մետաքսը, բրդյա կտորները, շիֆոնը, ժանյակը, դիպակը եւ այլն։ Զարդերը կարող են լինել թանկարժեք ու տպավորիչ։ Ցանկալի է հագնել բարձրակրունկ կոշիկներ եւ կրել փոքր պայուսակ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.06.2015