Մեկ շաբաթյա այցով Հայաստանում գտնվող պատմաբան, հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանը Aravot.am-ին մանրամասներ պատմեց վերջերս Փարիզի քաղաքապետարանում իր եւ ադրբեջանցու միջադեպից:
Միջադեպը եղել է անցած ամիս Փարիզի քաղաքապետարանում ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պարոն Մութաֆյանի հոր աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ, երբ ինքը ԼՂՀ պատմության թեմայով դասախոսություն էր կարդում. «Որովհետեւ այդ նույն քաղաքապետարանում երեք ամիս առաջ Ադրբեջանի դեսպանը ելույթ ունեցավ, գիրք ներկայացրեց, որով Ադրբեջանը աշխարհի դրախտ էր ներկայացվել, առաջարկեցի Ղարաբաղի պատմությունը ներկայացնել: Դասախոսության սկզբում նկատեցի, որ 13 ադրբեջանցի էին եկել ու սրահի մեջ տեղավորվել: Ես էլ ուզեցի ցույց տամ իրենց, որ գիտեմ՝ ադրբեջանցի են ու ասացի՝ ուրախ եմ, որ մեր ազերի ընկերները եկան, որ մի քիչ պատմություն սովորեն: Ցույց տվեցի Ղարաբաղի պատմությունը՝ հատուկ չնշելով հայկական աղբյուրները: Միայն արտասահմանյան աղբյուրներով ցույց տվեցի, թե Ադրբեջանը որտեղից է գալիս:
Անցյալ ամռանը մեկ ամիս կնոջս հետ Պարսկաստան էի գնացել, այնտեղ չեն ընդունում Ադրբեջանը, իրենց համար դա գրաված անուն է, Ադրբեջանը Ատրպատականն է Պարսկաստանի հյուսիսն է ու վերջ: Այդ մասին պատմեցի, բոլորը սուս մնացին, հետո, երբ ասացի՝ հարցեր կա՞ն, մի աղջիկ վեր կացավ, իսկ ես գիտեի՝ ով է՝ Ադրբեջանի դեսպանի առաջին խորհրդատուն է ու սկսեց հակադարձել իմ ասածներին: Ասացի՝ կներեք, հիմա հարցեր տալու ժամանակն է, եթե դասախոսություն պետք է կարդաք, դիմեք քաղաքապետարանին, թույլտվություն ստացեք, կարդացեք: Այնքան աղմուկ բարձրացավ, որ մարդիկ բողոքեցին, դուրս եկան ու այդպես էլ ավարտվեց հանդիպումը»:
Պատմաբանն ասաց, որ ադրբեջանցիները փորձում էին տապալել իր դասախոսությունը, բայց ձախողեցին. «Մի քիչ ափսոս եղավ, որ հարցեր տալու հնարավորություն չեղավ ադրբեջանցիների սարքած աղմուկի պատճառով, բայց կարեւորը, որ բոլոր մասնակիցները դասախոսությունը մինչեւ վերջ լսեցին ու շատ հետաքրքրված էին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ