Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը հայտարարել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսմամբ՝ 2015 թվականին Հայաստանը տնտեսական աճ չի ունենա, իսկ 2016 թվականին կունենա 1% տնտեսական աճ:
Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ եթե հիմնադրամը նման միտում է կանխատեսել, նշանակում է, որ դրական զարգացումներ է նկատել: Սակայն ինքն այլ կերպ է դիտում երեւույթը. «Տնտեսական աճը թիվ է, ՀՆԱ է, որը եւս թիվ է: Եթե ընդունենք մի տարբերակ, որ էլեկտրաէներգիայի գինը թանկացնում են, մնացած բոլոր ապրանքների գները թանկանում են, եւ վերջնական արդյունքում՝ մեր ՀՆԱ-ն նախորդ տարվա նկատմամբ ավելի մեծ է լինում: Դրա անունը փորձում ենք դնել տնտեսական աճ, իսկ մարդկանց բարեկեցությունը դրանից չի փոխվում: Հետեւաբար՝ թվի տեսքով տնտեսական աճ հնարավոր է, որ երեւա, բայց իրականում, ժողովրդի բարեկեցության վրա այդ տնտեսական աճը չի երեւալու: Այսինքն՝ այդ թիվը լինելու է, կարող է վերջում համոզեն նկարել, բայց իրականում, որեւէ մի ոլորտ, որը զարգանում է, տնտեսության համար լոկոմոտիվի դեր է կատարում, գրեթե չկա: Այսինքն՝ այս պահի դրությամբ դա նկատելի չէ»:
Վիլեն Խաչատրյանը համարում է, որ Հայաստանի տնտեսության պայմաններում 2015 թվականին ժողովուրդը չի զգալու տնտեսական աճ. «Առաջին ամիսների ընթացքում դրամական փոխանցումների տեսանկյունից ամեն ամիս Հայաստան եկող փողերից առնվազն 50 միլիոն դոլար միայն Ռուսաստանից է նվազել: Արտահանման եւ ներմուծման ցուցանիշները, երբ որ նայում ենք, դրանք եւս անկում են ապրում: Անունը դնում են՝ միասնական էլեկտրոնային համակարգը չի գործում ԵԱՏՄ երկրների տարածքում, այդ պատճառով նման միտումներ են արձանագրվում: Բայց եթե անկում են արձանագրում, թո՛ղ դրամական փոխանցումները նույն մակարդակին մնային»:
Անդրադառնալով 2016 թվականի գնահատականներին՝ տնտեսագետը նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե գնահատականը աճի շրջանակներում է. «1 տոկոս աճը մեր երկրի նման տնտեսության մեջ չի երեւում, մարդիկ դա չեն զգալու: Իսկ դա պայմանավորում են այն հանգամանքով, որ Ռուսաստանի տնտեսության մեջ որոշ չափով առողջացման երեւույթներ են նկատվում: Մեր տարածաշրջանը ռիսկերի տակ է, եւ մտածում են, որ այդ անկման փուլը մինչեւ 2016 թվականը հաղթահարվի եւ աճի միտումներ նկատվեն: Կառավարության ասած աճին չի համապատասխանում իրենց կանխատեսած աճի միտումները, հենց դրանում է բացասական միտումը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ