Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը՝ Աշոցքի բողոքի ակցիայի մասին. «Իրավացի է ժողովուրդը, որ բողոքում է»

Հունիս 02,2015 21:07

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ բողոքի էին դուրս եկել Աշոցքի բնակիչները կաթի գնանկման պատճառով. նրանք պնդում են, որ կաթնամթերող ընկերությունները կաթի փոշի են ներկրում Հայաստան՝ արհեստականորեն նվազեցնելով տեղի անարատ կաթի պահանջարկը ու, այսպիսով` քայքայելով գյուղերը:

Կաթնամթերող ընկերություններն էլ իրենց հերթին իջեցնում են գյուղացիներից գնվող կաթի գինը. երեկվա դրությամբ այն դարձրել են 130 դրամ՝ մեկ լիտրի դիմաց, նախկին 160 դրամի փոխարեն: Աշոցքի բնակիչները սպառնում են՝ եթե առաջիկա օրերին ՀՀ վարչապետը անձամբ չգնա իրենց տեսության, չլսի իրենց խնդիրը, ապա կփակեն Գյումրի-Վրաստան միջպետական ճանապարհը:

Երեկ բողոքի ակցիայից հետո գյուղատնտեսության փոխնախարարներն էին այցելել Աշոցք, սակայն բնակիչները նրանց տեսնել չեն ուզում, նրանք ուզում են լսել հենց վարչապետի բացատրությունները, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ մի օլիգարխ կաթի փոշի ներկրի Ուկրաինայից ու գյուղացիներին այս միջոցով սնանկացնի: Ըստ գյուղացիների, քանի որ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանի Դաշնությունը կաթի փոշի չեն ներկրում Ուկրաինայից, ապա «վերջինիս վրա մնացած փոշին» էժան գներով ձեռք են բերում հայ օլիգարխները ու «սաղացնում» Հայաստանի բնակիչների վրա կաթնամթերքի տեսքով:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ լսեց Աշոցքից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքը, որն ասաց. «Ժողովրդի մեջ վրդովմունք կա, որովհետեւ կաթի գինն ահավոր իջնում է, անգամ հասարակ ջրի գնից ցածր է: Իրավացի է ժողովուրդը, որ բողոքում է. ինչի՞ համար, ոչ թե նրա համար, թե ինչո՞ւ է ցածր, այլ նրա համար, որ տվյալ երկիրը, որ երկիրը ուզում է լինի, ինչքան արտադրանք չպիտի ունենա, որ դրա պակասը լրացնի կաթի փոշու ներմուծմամբ, բայց երկիրդ արտադրանք ունի եւ կաթի փոշի ես ներմուծում, քո տեղական արտադրանքի գինը գնալով իջեցնում ես, իրոք պարադոքս է, ասենք ջրի գնից էժան կաթ: Այդպիսի բան չի լինում…Հասկացանք ջրի գնից էժան նավթ, որովհետեւ նավթը սնունդ չէ, իսկ կաթը առաջին օգտագործման սննդամթերքներից է, որն անհրաժեշտություն է: Միանշանակ համաձայն եմ ժողովրդի հետ»:

Մեր հարցին, թե դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կաթի գնանկման դեմ, Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ պայքարելու խնդիր չկա, այլ հարցը անհրաժեշտ է կառավարությանը ճիշտ ներկայացնել:

«Եղբայր, մենք ունե՞նք, թե մեր երկիրը ինչքան կաթնամթերք է արտադրել, եւ ինչքան պահանջարկ ունենք, ասենք ունենք 10 միավոր, որ պետք է մենք ունենանք տեղական արտադրություն եւ պակաս է 5 միավոր, թող պակաս 5 միավորը կաթ փոշի բերեն, բայց էդ 10-ը իրացնեն, որովհետեւ դա մեր ժողովրդի արտադրանք է, մեր ժողովուրդը էդ 10-ով է ապրում, հասարակ, պարզ թվաբանություն է »,- ասաց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե երեկ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներն այցելել էին Աշոցք, նրանցից մեկը՝ Գրիշա Բաղիյանը Aravot.am-ին տեղեկացրեց , որ գյուղացիներից գնվող կաթի գինը ժամանակավորապես, ամառվա սեզոնին կմնա 130 դրամ ու այդպես կպահպանվի, իրենք համաձայնության են եկել Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերի հետ, բացի այդ, ըստ փոխգյուղնախարարի կաթի փոշու ներկրումը նվազել է, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն այսպես արձագանքեց. «Բայց գյուղատնտեսության փոխնախարարը ի՞նչ գործ ունի մասնավորի գնի հետ խառնվի, դրանք շուկայական փոխհարաբերություններ են: Գյուղատնտեսության փոխնախարարը ի՞նչ իրավունք ունի, գնա ասի՝ ձեր կովից կթած կաթը էդ գինը ունենա: Գյուղատնտեսության փոխնախարարը թող գնա, մի հատ հաշվարկներ անի, շատ կաթի փոշի չներմուծվի, ժողովրդի կաթը առնեն»:

Պատգամավորն ասաց, որ ինքը առաջիկայում կգնա Աշոցք ու կհանդիպի բնակիչներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930