Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անհետևողական քաղաքականության պատճառով այսօր հայ-թուրքական հարաբերությունները հայտնվել են փակուղային իրավիճակում: Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրված քննարկմանը նա զուգահեռներ տարավ ՀՀ երեք նախագահների` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ կատարած աշխատանքներում ու քննադատեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը:
Պարոն Կարապետյանը, մասնավորապես, նշեց. «ՀՀ երեք իշխանություններն էլ արել են ամեն բան, որ կայացնեն, կարգավորեն հայ-թուրքական հարաբերությունները: Տեր-Պետրոսյանն իր քաղաքականությունն է ունեցել, Ռոբերտ Քոչարյանը շատ չի տարբերվել իր վարած քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով, բայց ուրույն մոտեցումներ է ցուցաբերել հատկապես Ղարաբաղի հարցում, քանի որ տարբեր մոտեցումներ ուներ»:
Դառնալով Սերժ Սարգսյանին` պարոն Կարապետյանը փաստեց. «Սերժ Սարգսյանը ժառանգեց մի իրավիճակ, որտեղ պարզ չէր, թե ինչ կլինի: Բայց չկար փոխվստահության կտրուկ անկում, շատ վատ չէին, պարզապես չկային հայ-թուրքական հարաբերություններ: Բայց այսօր բացի երկկողմանի հայհոյանքներից, այլ բան չկա: Փակուղային, այլ բնորոշում չեմ կարող գտնել: Սերժ Սարգսյանն իր անհետևողականությամբ, համաձայնելով ստորագրել փաստաթղթի տակ, որտեղ կա պատմական ենթահանձնաժողովի ձևավորումը, ինչին դեմ էին 1-ին և 2-րդ նախագահները, Հայոց ցեղասպանության հռչակագրին հակասող հարցազրույցով Հյուրիեթում, հանգեցրել է այդ իրավիճակին: Դա տեսնում է Թուրքիան, միջազգային հանրությունը, տեսնում են, որ կարծես լուրջ մարդկանց հետ գործ չունեն: Նման քաղաքականությունը լուրջ խոչընդոտ է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան էլ ամեն բան անում է`ուժի դիրքերից հանդես գալով, նման իրավիճակի հանգեցմանը, ինչին նպաստել է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով` Թուրքիային Հայաստանը չի հետաքրքրում, այլ ցեղասպանության հետ կապված գերտերությունների հարաբերությունները, որոնք հայկական հարցը շահարկում են և ճնշումը մեծացնում Թուրքիայի վրա»:
Վլադիմիր Կարապետյանը համակարծիք է, բայց ուզում է հասկանալ, ո՞րն է այս իրավիճակի պատճառը. «Չեմ ուզում քաղաքական օրակարգն առաջ տանել, պարզապես հիշեցնեմ, որ երբ Վրաստանում տեղի ունեցան փոփոխություններ, նոր իշխանությունը մեծ հեղինակություն ձեռք բերեց միջազգային հանրության կողմից, կարողացավ բարձրացնել ավելի մեծ հնչեղության հարցեր: ՀՀ-ն այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած բարձրացված հարց բանի տեղ դնող չկա: Ո՞վ պետք է բարձրացնի` Էդիկ Նալբանդյա՞նը, որը չգիտի, որ Բրազիլիայում չի ընդունվել ցեղասպանություն և պաշտոնապես հայտարարություն է անում: Ո՞վ կընդունի նման ղեկավարներին կամ Սերժ Սարգսյանին, որի խոսքի հակասությունները բացատրեցի»:
Վլադիմիր Կարապետյանի կարծիքով` «եթե մենք դառնանք նորմալ պետություն, որտեղ կա մրցակցություն, իշխանափոխություն ընտրական մեխանիզմներով,մեր ձայնն ավելի հնչեղ կլինի ու մեզ հետ հաշվի նստող կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ