«Հայաստանը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի հարկային վարչարարության վրա»,- հունիսի 2-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը:
Քննարկման թեման էր «Քաղաքականության մարտահրավերները Հայաստանի համար տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ցնցումների համատեքստում»:
Նա շեշտեց, որ հարկային վարչարարության ոլորտում եկամուտ ստանալն այնքան էլ կարեւոր չէ, ինչքան թափանցիկ եղանակով դա ստանալը: Ըստ Թերեզա Դաբան Սանչեսի Հայաստանի խնդիրներից մեկը էներգետիկան է. «Էներգետիկայի վիճակը կրիտիկական է: Հայաստանը միջնաժամկետ էներգետիկ ռազմավարության կարիքն ունի, որպեսզի ապացուցի սերունդներին, նվազեցնի արժեքը, ավելի մատչելի դարձնի, որպեսզի մարդկանց էներգետիկան ավելի մատչելի գնով հասանելի լինի: Այս ոլորտում շատ խնդիրներ կան, մենք հավատացած ենք, որ Հայաստանի համար էներգետիկան առանցքային խնդիր է»:
Թերեզա Դաբան Սանչեսը առանձնացրեց նաեւ կապի խնդիրը: Ըստ նրա՝ Հայաստանը կարիք ունի կապ ունենալ ավելի շատ երկրների հետ. «Բաց երկնքի քաղաքականությունն արդեն ընդունվել է: Մենք պետք է դա իրականացնենք, պետք է ձեռք բերենք ավելի շատ ավիաընկերություններ, որոնք կգան այստեղ»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Հայաստանը պետք է օգտվի ԵՏՄ անդամ լինելուց՝ շարունակելով իր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Նա համարում է, որ Հայաստանը նաեւ պատրաստ պետք է լինի Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացմանը. «Իրանը մեծ տնտեսություն ունի: Չգիտենք, թե այս ամենը ինչպես կավարտվի, բայց հուսով ենք՝ դրական եղանակով: Եթե պատժամիջոցները վերանան, Հայաստանը ստեղծված իրավիճակից ինչպե՞ս է օգտվելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ