Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը։
Աստվածաբան, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ հոգևոր անվտանգության խնդիրներին սիրողական մոտեցում է ցուցաբերվում, որը կարող է ծանր հետևանք ունենալ: Հետաքրքրվեցինք՝ մասնավորապես սիրողական մակարդակ ասելով՝ ի՞նչ նկատի ունի, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Սոցիոլոգիական հետազոտություններն այդ խորությունը չունեն, կրոնական խճանկարի տեսակետից հետազոտությունները խորքային չեն: Դրանց արդյունքում պարզվում է, որ մեր բնակչության ողջ զանգվածը մի ուղղվածության է՝ քրիստոնյա է, կրոնական փոքրամասնություններն էլ իրենց դիտարկում են մեծամասնության շրջանում, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ»:
Վարդան Խաչատրյանը մտահոգություն հայտնեց նաև, որ մշակութային շերտը չի կարողանում վերարտադրել իրեն: Վարդան Խաչատրյանը որպես օրինակ բերեց այն, որ թեև ամբողջ աշխարհում կոչվում է ավետարանչական համայնք, սակայն մեզանում ասում են բողոքական համայնք:
Պատմաբան Արթուր Մկրտչյանը ահազանգեց, թե աղանդավորությունը մեծ տարածում ունի, փոխարենը չկան կանխարգելիչ միջոցառումներ:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ աղանդավորական կազմակերպություններին հետևողների թիվն աճու՞մ է ՀՀ-ում, պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ աճի միտումներ են նկատվում: Նա նաև նշեց, որ այս դաշտում կա օրենսդրական բաց և հնարավոր է առաջիկայում հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ: Նա նշեց, որ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, կիրառում են աղանդավորական կազմակերպությունների գործունեության կանխարգելման համար օրենքներ, ինչը ամենևին չի վնասում խղճի և դավանանքի ազատությանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ անդրադարձ կատարեց Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրներին ու նկատեց. «Թուրքիայում ձևավորվում է իսլամացած հայի ինքնություն: Բայց չգիտենք՝ ով է իսլամացած հայը, փոխարենը թվեր ենք կրակում նրանց թվի մասին»: Նա նկատեց, թե արդյոք մեր բարձրացրած աղմուկը իսլամացած հայերի նկատմամբ օգնո՞ւմ է նրանց, թե հակառակը՝ վնասում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ