Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի վարչապետները

Հունիս 02,2015 18:40

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել  Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին հաջորդել է  ընդլայնված կազմով հանդիպումը:

Չեխիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և պաշտոնական այցով Չեխիա այցելելու համար. «Համոզված եմ, որ հայ-չեխական հարաբերությունները կարևոր փուլ են թևակոխել, և Ձեր այցը լուրջ ազդակ է, թե Չեխիան ինչ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը»: Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավմանը մեծապես  նպաստել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  պետական այցը Չեխիա:

Շնորհակալություն հայտնելով Չեխիա այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը  վստահություն է հայտնել, որ  այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ տալու համար:  «Ուրախալի է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են», – ընդգծել է ՀՀ վարչապետը և հավելել, որ դրան մեծապես նպաստել են բարձրաստիճան տարբեր մակարդակի փոխայցելությունները, մասնավորապես, 2014 թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցը: Արժևորելով երկու երկրների միջև  առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  տնտեսական համագործակցության ծավալները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին, և պետք է ջանքեր գործադրել  առկա մեծ ներուժը լիարժեք օգտագործելու համար:

Վարչապետը հեռանկարային է համարել համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում: Նրա համոզմամբ՝ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հայ և չեխ գործարարների միջև կապերի հաստատու­մը, և Պրահայում կայանալիք գործարար համաժողովը երկու երկրների գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու հնարավորություն կընձեռի:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ  է համարել երկու երկրների միջև ուղիղ օդային կապը՝ այս համատեքստում կարևորելով Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը, ինչն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Վարչապետի համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացմանը կխթանի նաև երկու երկրների միջև առկա միջմարզային ակտիվ համագործակցությունը, որի հաջողված օրինակներից են Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև հաստատված համագործակցային հարաբերությունները, ինչպես նաև  Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցությունը, որի վերաբերյալ կստորագրվի Հուշագիր:

Չեխիայի վարչապետը  նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը և զարգացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ  և հեռանկարներ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի անցկացման կարևորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում: ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարևորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ անդամ երկրների հետ:

Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերի ակտիվացման հարցում երկու երկրների վարչապետները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, առևտրաարդյունաբերական  պալատների  սերտ աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Չեխիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային սկզբունքների, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա և աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս,  անդրադարձել  ՀՀ-Եվրամիություն, ՀՀ –ԵԱՏՄ փոխգործակցությանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Չեխիայի վարչապետին փոխադարձ  պաշտոնական այցով հրավիրել է  Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ընդլայնված կազմով հանդիպումից  հետո տեղի  է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը:  Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին:

Փաստաթղթերի ստորագրումից հետո  կայացել է  Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես,  նշել է. «Քիչ առաջ ավարտվեց Չեխիայի վարչապետ, հարգարժան պարոն Բոհուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև հեռանկարային համագործակցությանը: Հատուկ ընդգծվեց հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և գործարար համաժողովներ անցկացնելու անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությունը: Մեծապես կարևորվեց երկու երկրների միջև միջմարզային համագործակցության ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Կարևորելով մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային սերտ կապերը՝ Չեխիայի վարչապետ պարոն Սոբոտկային առաջարկեցի 2016 թվականին Չեխիայում, իսկ 2017 թվականին Հայաստանում անցկացնել մշակույթի օրեր:  Տնտեսական կապերի խորացման առումով կարևորում եմ գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցում են Հայաստանից ժամանած մոտ հիսուն գործարարներ: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան նշել է. «Շնորհակալություն  եմ հայտնել Հայաստանի վարչապետին իմ հրավերն  ընդունելու և Չեխիա այցելելու համար:  Մեր երկու երկրների հարաբերություններն ավանդաբար լավ են և բարիդրացիական: Մեր հանդիպումը վերահաստատել է, որ  և՛ Հայաստանը, և՛ Չեխիան   շահագրգիռ են  հարաբերությունների զարգացման և խորացման հարցում: Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի համար Հարավկովկասյան տարածաշրջանում»: Չեխիայի վարչապետը կարևորել է տնտեսական հարաբերությունների աշխուժացումը ՝ նշելով, որ լիարժեք չի օգտագործվում առկա մեծ ներուժը: Նա կարևորել է նաև համագործակցության զարգացումն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում և նշել, որ լուրջ ներուժ կա տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերութունների ամրապնդմանը:

Վարչապետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Պրահայի Լիխտենշտեյնի պալատում ՉՀ վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի տրվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930