Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մադրիդում

Հունիս 02,2015 18:28

Հունիսի 1-ին Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում տեղի ունեցավ հայտնի իսպանացի լրագրող, հրապարակախոս Անտոնիո Էլորսայի «Ցեղասպանություն. գրառումներ» գրքի շնորհանդեսը՝ ճանաչված իսպանացի պատմաբանների, իրավաբանների և համալսարանի պրոֆեսորական անձնակազմի մասնակցությամբ։

Գիրքը նվիրված է Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանմանն ու մեկնաբանմանը, դրա իրավական, քաղաքական և սոցիալական նշանակությանը: Հեղինակը Հայոց ցեղասպանության օրինակով անդրադառնում է ցեղասպանությունների դրդապատճառներին, իրականացման մեխանիզմներին, իրավական ձևակերպումներին, անպատժելիության անթույլատրելիությանն ու դրա վտանգավոր հետևանքներին:

«Կոմպլուտենսե» համալսարանի գլխավոր քարտուղար, նախկին դատավոր Արասելի Մանխոն-Կաբեսան, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Անտոնիո Էլորսային գրքի համար: Ընդգրկուն անդրադարձ կատարեց միջազգային իրավունքով ցեղասպանություն հանցակազմի կարգավորմանը, ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթներին, գործնականում այդ հանցագործության պատժելիությունն ապահովելու բարդություններին:

Իսպանիայի Սահմանադրական դատարանի նախկին անդամ Մանուել Արագոնը ներկայացրեց Իսպանիայի օրենսդրությամբ «Ցեղասպանություն» հանցագործության սահմանումը, այդ ոլորտում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները և Իսպանիայի օրենսդրական դաշտում առկա բացերը:

Իր հերթին «Կոմպլուտենսե» համալսարանի պատմության ամբիոնի տնօրեն Միրտա Նունյեսը խոսեց Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ իրենց ամբիոնի կողմից տարվող աշխատանքների մասին՝ կարևորելով Իսպանիայում թեմայի հասարակական հնչեղության ապահովման ու համալսարանական շրջանակներում տեղեկացվածության կարևորությունը:

Քննարկումն ամփոփեց Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն, ով շնորհակալություն հայտնեց հեղինակին և ներկաներին` ծավալված կարևոր քննարկման համար: Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, այս ասպարեզում վերջին զարգացումները, Իսպանիայի տեղեկատվական դաշտում, համալսարանական և գիտական շրջանակներում թեմայի ակտիվ քննարկման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930