ԱՄՀ-ի կանխատեսմամբ 2016 թվականին Հայաստանը կարձանագրի 1 տոկոս տնտեսական աճ
«Հայաստանն ունի փոքր եւ բաց տնտեսություն, եւ այն, ինչ տեղի է ունենում նրա սահմաններից դուրս շատ կարեւոր է»,- հունիսի 2-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը:
Քննարկման թեման էր «Քաղաքականության մարտահրավերները Հայաստանի համար տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ցնցումների համատեքստում»:
Խոսելով տնտեսական աճի մասին՝ Թերեզա Դաբան Սանչեսը նշեց, որ իրենց կանխատեսմամբ համաշխարհային տնտեսական աճը 2015 թվականին կկազմի 3,5 տոկոս, իսկ 2016-ին՝ 3,7 տոկոս: Նա նկատեց, որ այդքան տնտեսական աճը ցածր է. «Հիշենք՝ մինչեւ համաշխարհային ճգնաժամը տնտեսական աճը 4-5 տոկոս էր կազմում, այսպիսով՝ դա ցածր ցուցանիշ է: Դա լավ նորություն չէ»:
Կարդացեք նաև
ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ասաց, որ եվրոպական երկրները եւս տնտեսական աճի առումով խնդրահարույց են. ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2015 թվականին նրանց տնտեսական աճը կկազմի 1.5 տոկոս, իսկ 2016-ին՝ 1.6: Նա հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է նաեւ, որ 2015 թվականին Հայաստանը տնտեսական աճ չի արձանագրի, իսկ 2016 թվականին՝ կարձանագրի 1 տոկոս աճ. «Հավատացած ենք, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսությունը փոփոխություններ չի ունենա, քանի որ Ռուսաստանն իր ազդեցությունն կունենա Հայաստանի վրա: Այս կանխատեսումները կարող են անընդհատ փոխվել: Առաջ Հայաստանի մասին կանխատեսումները շատ ավելի դրական էին. Հայաստանի համար 4-5 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվում, բայց ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որ Հայաստանը տնտեսական աճ չի արձանագրի: Մենք համարում ենք, որ 2016 թվականին տնտեսությունը կվերականգնվի եւ աճ կարձանագրի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ