Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանի թանկացումների պատճառը հենց կառավարման համակարգն է». հոգեբան

Հունիս 02,2015 17:29

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի համոզմամբ՝ ժողովրդի, պետության վիճակը հիմնականում կախված է կառավարման համակարգից. «Լավ կառավարման համակարգի դեպքում կեցության մակարդակը բարձր է լինում, վատ կառավարման համակարգի դեպքում՝ ցածր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ վերջին շրջանի թանկացումների պատճառը հենց կառավարման համակարգն է:

Ռ. Աղուզումցյանը գտնում է, որ բուհերը լրջորեն պետք է զբաղվեն կառավարիչներ պատրաստելով. «Հայաստանում նոր-նոր են սկսել ժամանակակից և որակով կառավարիչներ պատրաստել: Մինչև այդ, կառավարիչներ ընտրել են՝ հաշվի առնելով ոչ թե նրանց կառավարչական գիտելիքներն ու հմտությունները, այլ բոլորովին ուրիշ հատկանիշներ: Ինչ-որ առումով դա մինչև հիմա շարունակվում է»,- ասաց Ռ. Աղուզումցյանը:

Նրա խոսքով՝ թեև հայաստանյան մի քանի բուհեր պատրաստում են կառավարիչներ, բայց վերջիններիս համար աշխատանքի ընդունվելը շատ լուրջ խնդիր է դառնում. «Վերջերս շարժ է նկատվում, որ կառավարչի աշխատանքի համար հենց այդ ուղղությամբ պատրաստված մասնագետների ընդունեն,- ասում է նա,- բայց բանն այն է, որ համակարգը, որտեղ աշխատում են մարդիկ, որոնք անձնական փորձով են դարձել կառավարիչ, այլ ոչ թե ժամանակակից կառավարման ձևերին տիրապետելով, բավականին ամուր են նստած իրենց տեղերում, և բնական է, որ նոր մարդկանց համար շատ դժվար է աշխատանքի ընդունվելը»:

Ռ. Աղուզումցյանը կառավարման համակարգում շատ է կարևորում նաև կառավարման հոգեբանության դերը. «Զարգացած երկրներում շատ մեծ տեղ է տրվում կառավարման հոգեբանությանը,- ասաց նա.- ինչպե՞ս կարող ես ղեկավարել մարդկանց, եթե չգիտես հոգեբանություն և չես ճանաչում ուրիշներին»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ Ռուբեն Հայրապետյանը, համաձայնելով Ռ. Աղուզումցյանի դիտարկումներին, հավելեց, որ կառավարման հիմնախնդիրները մեր երկրում շատ-շատ են: Դրանց մի մասը, ըստ նրա, վերաբերում է նաև հոգեբանական խնդիրներին և կառավարիչ մասնագետների պատրաստմանը. «Պաշտոններ զբաղեցնող շատ մարդիկ, որոնք պատասխանատու են կառավարման գործառույթների համար, ոչ տիրապետում են համակարգային մոտեցման հմտություններին, ոչ էլ տեղյակ են, թե ռազմավարական կառավարումն առհասարակ ինչ է: Մինչդեռ, կառավարումը լրջագույն գիտություն է, որը դու ոչ թե քո բնածին կարողություններից ելնելով պիտի փորձես զարգացնել աշխատանքային գործունեությանդ ընթացքում, այլ ստանաս համապատասխան կրթություն»,- ասաց Ռ. Հայրապետյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930