ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերպություններում ընդգրկված արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:
Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը:
Կարդացեք նաև
2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը:
Թանկացումներ եղել են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է <Աշխատավարձի ինդեքսավորման մասին> օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր օրենքով չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:
Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող 114000 ընտանիքները: Արդյո±ք նրանք ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ վարձավճարներին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 34 -րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական լարվածությունը զսպող մեխանիզմների անհրաժեշտությունը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա