Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բիբինին ԱԺ-ում մեկուսացրեցին լրագրողներից

Հունիս 02,2015 16:59

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության հետ փակ հանդիպման էր մասնակցում ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Մի քանի ժամ տեւած քննարկումից հետո Բիբինը հեռացավ ԱԺ-ից՝ առանց պատասխանելու լրագրողների հարցերին: Նրան արագ լրագրողներից մեկուսացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը նրան տարավ Գալուստ Սահակյանի աշխատասենյակ, այնտեղից էլ հետնամուտքով դուրս:

Քննարկմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին վստահեցրեց, որ իրենք ամեն հարց տվել են Բիբինին. «Դեռ հանձնաժողովի նիստը չի եղել: Քննարկումն այս ձեւաչափով առաջին անգամ էր, բոլոր կողմերը բոլոր հարցերը բարձրացրեցին, խմբակցության անդամները բավականին ակտիվ էին, չկար մեկը, որ հարց չբարձրացներ: Մենք պարզապես կսպասենք հանձնաժողովի նիստին, իսկ մինչ այդ կլինեն նաեւ լսումներ: ՀՀԿ-ն դրանից առաջ պետք է ունենար իր դիրքորոշումները, որովհետեւ վերջիվերջո եւ լավ բանի, եւ վատ բանի պատասխանատվությունը կրում է մեծամասնությունը»:

Թե ինչ եզրահանգման են եկել հանդիպման արդյունքում եւ ինչ դիրքորոշում է որդեգրել ՀՀԿ-ն՝ Վահրամ Բաղդասարյանը չասաց. «Խմբակցության նիստ կանենք երկուշաբթի, ամփոփումներ կկատարենք, եզրահանգումներ կանենք»:

Հարցին՝ համոզե՞լ են ձեզ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ համոզելու կարիք կա: Ինչը կլինի օբյեկտիվ, որը ընկալելի կլինի հանրության կողմից՝ կլինի այդպես: Այսօր հարց բարձրացվեց, որ հանձնաժողովն իրենց ներկայացրած թվի հետ ունի տարաձայնություններ, ուսումնասիրում են փաստերը, եւ այն օբյեկտիվ փաստարկները, որոնք կլինեն, այդ շրջանակներում հանձնաժողովը կկայացնի իր որոշումը»:

Մեր հարցին՝ իսկ Դուք Բիբինին չասացի՞ք մեր երկիրն ինչ վիճակում է, ինչո՞ւ եք թանկացնում էլեկտրաէներգիան՝ նա պատասխանեց. «Բիբինին ասվել է այն, ինչ անհրաժեշտ է: Ինքը առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է՝ հետեւություններ կանի: Իրենք պետք է գնային եւ մտորեին: Հանձնաժողովի նիստին շտապողականություն պետք չի ցուցաբերել: Իրենք այնտեղ իրենց պատճառաբանությունները կասեն»:

Հարցին՝ սակագինը չբարձրացնելու հնարավորություն կա՞՝ Վահրամ Բաղդասարյանը չպատասխանեց. «Դեռ ուսումնասիրման փուլում է, չեմ կարող ասել»:

Հարցին՝ իրենց շքեղությունների հարցը քննարկե՞լ եք՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորը քննարկվել են, դրանք չի կարող մտնել սակագնի մեջ, բացառված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930