Սիվիլիթաս հիմնադրամի կողմից իրականացված ազգային անվտանգության և օտարերկրյա ռազմական բազաների նկատմամբ հանրային վերաբերմունքի հարցման արդյունքների համաձայն` Հայաստանի բնակչության գերակշռող մասի համար (81 տոկոս) ընդունելի չէ, որ երկրի ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվի այլ պետություն եւ/կամ միջազգային կառույց:
Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը այլ պետությանը և/կամ միջազգային կառույցին վստահած բնակչության մեծամասնությունը որպես այդպիսի երկիր նշել է Ռուսաստանը:
Բնակչության 55 տոկոսն ընդունելի է համարում Հայաստանում՝ այլ պետության կամ կառույցի ռազմական բազայի ներկայությունը: Ըստ հարցման արդյունքների` բնակչության մեծ մասի հիմնավորումները՝ միանալու Մաքսային միությանը (այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միությանը), ավելի շուտ ելնում են «անվտանգությունից», քան պայմանավորված են տնտեսական գործոններով:
Այս առիթով հրավիրված քննարկմանը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, ռուսական բազայի` հայաստանյան ներկայության մասին խոսելով, բարձրացրեց այն հարցը` արդոք այդ ռազմաբազայի ներկայությունը ուժեղացնո՞ւմ, թե՞ թուլացնում է Հայաստանը: Այնուհետև նշեց. «Ցանկացած օտար զորք երկրի տարածքում թուլացնում է այդ երկիրը, քանի որ որոշումները դու չես ընդունում»:
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե չի հավատում` ՀՀ-ում կա մեկը, որ կարծում է, թե ՀՀ-ի անկախացումից հետո, երբ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ էր Ադրբեջանի հետ, հետերկրաշարժային իրավիճակում, Թուրքիան կհապաղեր հարցերը լուծել այնպես, ինչպես պատմության ընթացքում լուծել է: Վլադիմիր Կարապետյանը այն ժամանակվա իշխանությունների որոշումն այս հանգամանքներով է պատճառաբանում:
Մանվել Սարգսյանը նշեց, թե բոլորը մտածում են` ե՞րբ ստեղծվեց նման համակարգ, որի արդյունքում հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, եթե ռուսական զորքերը չլինեին, թուրքերը կներխուժեին: Պարոն Սարգսյանը սա երկրորդական հարց է համարում ու նկատում, թե առավել էական է այն` արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է ապահովել մեր անվտանգությունը, թե` ոչ: Ըստ նրա` խնդիրը սրվեց, երբ Ռուսաստանը սկսեց զինել Ադրբեջանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ