Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ-ում ներկայացրեց 2014-ին իրենց կատարած ծախսերի հաշվետվությունը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նախապես հորդորեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հարցեր չտալ, մի քանի օրից այդ թեմայով խորհրդարանական լսումներ են լինելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդեց, որ, այնուամենայնիվ, մի քանի հարց ճշգրտի: Օրինակ, այն, թե ինչու է ՀԷՑ-ը հայտում գրել, թե 3.6 մլրդ-ի ցեմենտ են գնել, հետո էլ ավելացրել սարքավորումներ, սարքեր. «Որպեսզի արդարացնեն, որ իրենք 3.6 մլրդ-ի ծախս են արել, բերեցին մի հատ նոր ցուցակ, որը իրենց հին ցուցակն է կրկնում»:
Ռոբերտ Նազարյանը բացատրեց, թե ինչ խառնաշփոթ է ստեղծել ՀԷՑ-ը. «Մենք ստացել ենք 1 հայտ ՀԷՑ-ից: Երբ ստացանք, տեսանք, որ համապատասխանում է նորմերին, ընդունեցինք վարույթ, տեղադրեցինք հայտը մեր կայքում: Երբ սկսեցինք քննարկումը, պարզ եւ տրամաբանական հարց տվեցի ես պարոն Բիբինի ներկայացուցիչներին, ասեցի 3 մլրդ 600 մլն-ի ցեմենտի հայտ ես ներկայացրել, եթե դու 1 տարվա ընթացքում այդքան ցեմենտ ես օգտագործել, հիմնավորումները բեր ներկայացրու, որ գնահատենք՝ այդ ծավալի ցեմենտ պե՞տք է, թե՞ չէ: Ես նաեւ հետաքրքրվեցի մեր խոշոր շինարարական կազմակերպություններում ինչքան ցեմենտ է օգտագործվում, տեսա՝ 800 մլն-ից չի անցնում: Խառնվեցին իրար, գնացին ասեցին՝ հայտը հետ ենք կանչում, պիտի փոխենք դա: Ես էլ ասեցի՝ հարգելիներս, տեղադրված է հայտը կայքում, փոխելու հնարավորություն էլ ձեզ չենք տա, որովհետեւ կստացվի, որ ամեն անգամ երբ չեք կարողանում հիմնավորումներ ներկայացնեք, պիտի փոխեք հայտը: Իրանք վերցրեցին, տենց մի հատ նամակ գրեցին, որ այդ 3.6 մլրդ-ը ոչ թե մենակ ցեմենտ է, այլ՝ սարքեր, սարքավորումներ: Ես էլ հումորով ասեցի՝ վերջում էլ գրեիր գաջ մի հատ էլ, ինչի՞ ես մենակ ցեմենտ գրել: Փորձեցին իրենք այդ 3.6 մլրդ-ը հիմնավորել»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Նազարյանը հավաստիացրեց. «Այդ 3.6 մլրդ-ից մնացել է 0, որեւէ բան սակագնում դրանից չենք ներառելու՝ ոչ գաջ, ոչ ցեմենտ, ոչ սարքավորում, ոչ էլ այլ բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ