Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը՝ Ծառուկյանի ընկերություններում ստուգումների եւ թիվ 1 կոռուպցիոներ լինելու մասին

Հունիս 02,2015 15:45

Այսօր Վարդան Այվազյանի հետ վիճաբանությունից հետո Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու կռվեցին:

Նա ասաց, որ իրենք ունեն արտաբյուջե. «Կան բազմաթիվ շենքեր, որոնք եթե արտաբյուջետային միջոցներ չլինեն, մենք չենք կարող իրականացնել: Մենք ամբողջ երկրի մասշտաբով բոլոր հարկային տեսչությունները վերակառուցում ենք, վերազինում ենք: Եթե միջոցներ չունենանք՝ չենք կարող: Հիմա ամբողջ ՀՀ տարածքով մնացել է Կապանի հարկային տեսչության շենքը եւ Իջեւանում: Քաղաքի հարկային տեսչության տարածքները, մարզային տարածքները ոչ մի շենքային, տեխնիկական հագեցվածության համակարգերով իրարից չեն տարբերվում, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում են գործում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է գտնվում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումը: Նա պատասխանեց. «Հիմա անընդհատ էդ ա: Երբ որ կավարտենք, կներկայացնենք, ձեզ կասենք»: Հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանի եղբոր օբյեկտներում ե՞րբ եք ստուգումներ անելու՝ նա ասաց. «Արդեն շատ հարցեր տվիր, խելոք մնա»:

Հարցին՝ իսկ հակակոռուպցիոն խորհուրդն ի՞նչ փուլում է գտնվում, ինչպե՞ս է աշխատում՝ նա հորդորեց դիմել խորհրդի նախագահին: Դիտարկմանը, որ հասարակությունը մտավախություն ունի, որ այս կազմը չի կարողանա պայքարել կոռուպցիայի դեմ՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա, եւ դա լավ է, որպեսզի կոռուպցիոն հանձնաժողովն ավելի լավ աշխատի»:

Իսկ երբ լրագրողներն ասացին, որ այդ հանձնաժողովում են գտնվում ՀՀ թիվ 1 կոռուպցիոներները՝ Գագիկ Խաչատրյանը բարկացավ. «Էդ արդեն ուրիշ թեմայա»:

Հարց եղավ նաեւ օլիգարխների՝ եկեղեցիների կառուցման մասին, ավելի լավ չի՞ ներդրումներ անեն երկրում, տնտեսությունը զարգացնեն՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ դա իրենց անձնական միջոցներով են կառուցում. «Կարո՞ղ  եմ ես ասել գնացեք, ամեն մարդ ինքն է որոշում»:

Մեր հարցին՝ իսկ Դուք եկեղեցի չե՞ք ուզում կառուցել՝ նա պատասխանեց. «Ես որ ուզեմ, դուք կիմանաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930