«Չնայած Եվրոպական խաղերի մեկնարկին դեռ 10 օր կա, Բաքուն ամբողջությամբ պատրաստ է հյուրերին ընդունել»,- այս մասին, ըստ «ԱՊԱ» գործակալության, հայտնել է Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը (լուսանկարում):
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը ցանկանում է Եվրոպական խաղերը ուղիղ եթերով հեռարձակել. «Հայաստանը ցանկանում է Եվրոպական խաղերը հեռուստացույցով ցույց տալ: Սակայն դեռ պաշտոնական ոչինչ չկա, բանակցությունները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ Բաքու են ժամանելու մոտավորապես 30 երկրների պաշտոնական ներկայացուցիչներ»:
Ազադ Ռահիմովը նշել է, որ Եվրոպական խաղերի ջահը 5 օրից կավարտի իր մեկամսյա ճանապարհորդությունը եւ կժամանի Բաքու: 150 ջահակիրների հետ ջահը Բաքու բերելու արարողությանը կմասնակցի նաեւ երգչուհի Իլհամա Գուլիեւան: «Երեւի նա չի կարողանա վազել, սակայն 10-20 մետր կանցնի: Այսինքն` նա կլինի ջահակիրների հետ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ