Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղին վտանգ»

Հունիս 02,2015 14:39

Օ՜ Ռուսիա, չկա հին փառքդ:

Երկգլուխ արծիվդ՝ կործանված,

Դեղին մանուկներին՝ խաղալիք

Դրոշդ պատառոտված:

Վլադիմիր Սոլովյով

Ժամանակին այսպիսի մի արտահայտություն էր հաճախ շրջանառվում աշխարհում՝ «դեղին վտանգ»: Չինացիները և ընդհանրապես մոնղոլական ռասայի ժողովուրդները ժամանակի ընթացքում կարող են հզորանալ և խաթարել սպիտակ ռասայի հաստատված գերակայությունն աշխարհում: Հիմա, իհարկե, տեսության ռասայական ասպեկտը մղվել է հետին պլան, բայց գաղափարը մնացել է: Այն վերաբերվում է, առաջին հերթին, Չինաստանին, ապա՝ Ճապոնիային և Արևելյան Ասիայի արագ աճող ու զարգացող երկրներին՝ «ասիական վագրերին» (Հարավային Կորեա, Թայվան, Հոնկոնգ, Սինգապուր) և մյուսներին՝ Թաիլանդ, Մալայզիա, Ինդոնեզիա:

Այս երկրներն, իրոք, վերջին ժամանակներս աներևակայելի թռիչք են գործել: Դրանցից Ճապոնիան է, որ իր զարգացումը սկսել է շուտ՝ XIX դարում, բայց XX դարում էլ է զարգացել բարձրագույն տեմպերով: Հարավային Կորեան 1950-53 թթ. ամայացնող պատերազմից հետո անասելիորեն տուժած մի երկիր էր, այն վիճակում, ինչ Աֆրիկայի ամենահետամնաց երկրները: Իսկ հիմա, մի քանի տասնամյակ անց՝ ամենաբարձր զարգացածության հզորագույն մի երկիր: Ինչևէ, կարևորը, իհարկե, Չինաստանն է: 1970-ականների վերջից երկիրը Դեն-Սյաոպինի ղեկավարությամբ իրագործվող ռեֆորմների շնորհիվ հասել է այն բանին, որ արդեն հիմա՝ 2014-ին, տնտեսական հզորությամբ անցավ ԱՄՆ-ից: Երկրի բնակչությունն է 1.37 միլիարդ մարդ, ավելի քան մեկ ու կես անգամ ավելի, քան ողջ սպիտակամորթ Եվրոպայի, ավելի քան չորս անգամ ավելի՝ քան բնակչությամբ երկրորդ տեղը գրավող ԱՄՆ-ի և մոտ ինը անգամ ավելի, քան Եվրոպայի ամենաբազմամարդ երկրի՝ Ռուսաստանի բնակչությունը: Այսպիսով, «դեղին վտանգի»՝ սպիտակների համար «վատթարագույն» կանխատեսումները կարծես թե իրականանում են:

Այս «վտանգը» շատ առանձնահատուկ է: Չինացիները, օրինակ, կարծես թե չեն ուզում լեզվական առումով հաղթել անգլերենին: Նրանք, ինչպես և ճապոնացիները, կորեացիները և մյուսները, ամբողջ թափով անգլերեն են սովորում: Նրանք նաև շատ հակված չեն նաև իրենց «բաձր ռասա» համարելու, և նրանց կանանց մեջ ընդունված է, օրինակ, աչքերը պլաստիկ վիրահատության ենթարկելով նմանվել եվրոպացիների:

Նրանք գրավում են աշխարհը իրենց արտադրանքով և դրական վերաբերմունք սերմանում իրենց նկատմամբ իրենց արվեստով՝ հատկապես մասսայական կինոֆիլմերով: Նրանցում չկա հզոր ագրեսիա, ինչպես աշխարհը ողողած ամերիկյան ֆիլմերում: Վերջիններս, նույնիսկ իրենց մշակութապես մոտ եվրոպացիների մեջ հակազդեցություն են առաջացնում: Ամերիկյան ֆիլմի հերոսը՝ խախտելով բոլոր նորմերը, իր ճանապարհին սպանում է բազում հակառակորդների և հասնում արդարության: Իսկ չինականը՝ ոչ: Այնտեղ հերոսը, սկզբից թույլ և պարտված մի երիտասարդ, «ուսուցչից» իմաստություն և պայքարելու ու հաղթելու արվեստ է սովորում և ի վերջո հաղթում իր անարդար հակառակորդին: Այդ ֆիլմերը դիտվում են ողջ աշխարհում և նույնիսկ քմահաճ եվրոպացիների մեջ ուժեղ հակազդեցություն չեն առաջացնում:

Հաշվի առնելով նրանց մարդկային և տնտեսական ռեսուրսը, այդ գերակայությունը ոչ շատ ուշ պետք է դրսևորվի նաև մյուս ճակատներում: Օրինակ, նրանք դեռևս զարմանալիորեն չեն երևում մասսայական արվեստի մի այնպիսի կարևոր ճյուղում, ինչպիսին պոպ երաժշտությունն է: Բայց դա էլ կլինի, կարող եք կասկած չունենալ:

Սպիտակ ռասան, իր հյուսիսային և հարավային ճյուղերով, ներկայումս ներքաշված է մի ցավալի հակամարտության մեջ: Պատճառները գուցե շատ են ու բարդ, բայց այն ինչ տեղի է ունենում, գաղափարական առումով հիմնված է երկու կրոնների և նրանցից բխող երկու աշխարհայացքների հակադրության վրա: Քրիստոնեություն և իսլամ: Երկու կրոն, որը դավանում են, համապատասխանաբար, աշխարհի բնակչության մեկ երրորդը և մեկ չորրորդը: Երկու այսպես կոչված «աբրահամյան» կրոն, որ ծագել են նույն՝ հին հրեական ակունքներից, պաշտում են նույն աստծուն, նույն հրեշտակներին, նույն մարգարեներին, բայց չեն կարողանում հաշտվել: Քրիստոնյաները միշտ էլ արհամարհել են ու վերացրել իրենց ենթակա մուսուլմաններին, սրանք էլ երկրորդ կարգի մարդ համարել ու կոտորել իրենց հպատակ քրիստոնյաներին (և այդ երկուսն էլ վատ են վերաբերվել երրորդ «աբրահամյաններին»՝ հրեաներին):

Մեզ, որպես քրիստոնյաների, շատ ավելի հայտնի են մահմեդականների գազանությունները, հատկապես մեր նկատմամբ, որոնք ավարտվեցին ցեղասպանությամբ: Բայց պետք է ասել, որ պատմության ընթացքում մահմեդական երկրներում քրիստոնյաները գոնե որպես երկրորդ տեսակի մարդ ապրելու իրավունք ունեցել են, իսկ մահմեդականներն արևմտյան քրիստոնեական աշխարհում՝ ոչ: Այնտեղ քրիստոնեությունը շատ ավելի անհանդուրժողական էր, քան իսլամը: Ընդհանրապես, մինչև քրիստոնեությունը աշխարհը չի իմացել տոտալիտար կրոններ: Հին աշխարհում, այդ թվում և մեծ կայսրություններում կրոնական հալածանք և սեփական հավատի պարտադրանք չի եղել: Իսկ արևմտյան քրիստոնյաները այլահավատների գոյության իրավունքն իսկ բացառում էին, այլահավատ կամ աղանդավոր ենթադրվողներին այրում: Ցեղասպանությունները կրկնվել են մի քանի անգամ՝ հրեաներին վերացրել են Իսպանիայում, մահմեդականներին՝ Սուրբ երկրում, ուղղափառ քրիստոնյաներին՝ Կոնստանդնուպոլսում, բալթիական սլավոններին իրենց երկրում և այլն (հիշենք և եվրոպացիների գազանություններն իրենց գաղութներում քրիստոնեություն տարածելիս): Արևելյան քրիստոնյաները, ոչ այդ չափով, բայց նույնպես գազանություններ արել են: Ասենք, Ռուսաստանում էլ են այրել այլ ուղղությունների ներկայացուցիչներին, Իվան Ահեղի հրամանն էր՝ խեղդել հրեաներին գետում, իսկ մեզանում դաժանաբար հալածել են պավլիկյաններին, թոնդրակեցիներին և մյուս աղանդավորներին:

Աշխարհը գնում է առաջ, զարգանում, մարդիկ, թվում է, ավելի ու ավելի հանդուրժողաբար են սովորում վերաբերվել իրար, բայց քրիստոնեական և իսլամական աշխարհների հակադրությունը ներկայումս ավելի սուր է դարձել, քան տասնամյակներ առաջ: Իսլամական ֆունդամենտալիզմը տարածվում է ու նորանոր դիրքեր գրավում աշխարհում: Իսկ Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում և Նիգերիայում քրիստոնյաներն ու մուսուլմանները բարբարոսաբար կոտորում են իրար:

Այս երկու, իրար այդքան մոտ կրոնների միջև ներկայումս, չնայած թափված ջանքերին, հաշտության եզրեր դժվար են գտնվում: Մեծ անհանդուրժողականություն և ատելություն կա դրված նրանց մեջ: Ահա Քրիստոսի խոսքերը՝ «Մի կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր…» (հիշենք, թե ինչպիսի ատելությամբ են հայ միջնադարյան հեղինակները խոսում հեթանոս հայերի և աղանդավորների մասին, որոնց ոչնչացնելով Գրիգոր Լուսավորիչը և նրա հետևորդները «լույս էին տարածում»): Ասենք, ժամանակակից, թեկուզ և ոչ շատ հավատացյալ հայի համար, թվում է, թե մահվան հավասար է մահմեդական դառնալը: Նույնը և հակառակ կողմից: Ընդհանրապես, նախորդ կրոնից հրաժարումը որոշ պետություններում քրեորեն պատժվող հանցագործություն է համարվում, իսկ մուսուլմանի՝ քրիստոնեություն ընդունելը կարող է պատժվել մահվամբ: Կրոնական ատելությունը դրսևորվում է հատկապես մեր տարածաշրջանում և մերձակայքում: Նայեք, թե ինչ կատարվում Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Զոհեր, սպանություններ, պատերազմ, խալիֆաթի վերականգնման ջանքեր և այլն:

Արևելյան Ասիայի երկրների կրոնական համակարգերը շատ ավելի հանդուրժողական են, քան մերը: Ժամանակին այնտեղ էլ, իհարկե, կրոնական հողի վրա կռիվներ եղել են, բայց ոչ աշխարհի մեր մասին բնորոշ մասշտաբների: Այսպես, Ճապոնիայում, 1637-38 թթ. Սիմաբարայի քրիստոնյաների ապստամբության պարտությունից հետո գլխատվել է 37000 մարդ, իսկ քրիստոնեությունը՝ արգելվել: Տեսնում ենք, որ առանց աբրահամյան կրոնի ներմուծման մասշտաբային կրոնական պատերազմ չի լինում: Բայց դրանից հետո ավելի քան երկու հարյուր տարի երկրում ոչ մի քիչ թե շատ նշանակալի ռազմական ընդհարում չի եղել. դե պատկերացրեք, սամուրայները տառապել են անգործության մեջ: Խեղճ մարդիկ: Իսկ եթե օրորոցում չխեղդեին քրիստոնեությունը, երևի դարերով ապահովված կլինեին պատերազմով: Մինչդեռ ճապոնացիներն իրենց տարածաշրջանի ամենամարտաշունչ և ռազմամոլ ժողովուրդն են, ինչպես թյուրքերն Ասիայում և գերմանացիները՝ Եվրոպայում, և այդ տեսակետից շատ են տարբերվում խաղաղասեր չինացիներից:

Ինչպես ասվեց, ներկայումս արևելաասիական քաղաքակրթության ծավալումը կրոնական անհանդուրժողականության և ռասայական ատելության, մարդկանց՝ իրար նկատմամբ ավելի բարձր ու ցածր լինելու տեսություններ չի ենթադրում, օտարին կրոնափոխ անելով երջանկացնելու և հավերժական փրկության հասցնելու գաղափարախոսություն էլ չունի: «Սրբազան պատերազմի» և «խաչակրաց արշավանքների» կոչեր, ատելության քարոզներ չկան: Նրանց կրոնը, մեր պատկերացումներով, ավելի շուտ փիլիսոփայություն է: Իրենք էլ հակված չեն այլազգիներին երջանկացնելու և «փրկելու»՝ իրենցով անելու կրոնական ոլորտում, ինչպես քրիստոնյաները և մուսուլմանները՝ միսիոներությամբ և բռնությամբ:

Կրոնը Չինաստանում սկզբից ևեթ բազմատեսակ է եղել՝ բուդդիզմ, ավանդական հավատալիքներ, դաոսիզմ, կոնֆուցիականություն: Չկա տիրապետող կրոն, և մարդը կարող է լինել միանգամից մի քանի կրոնների հետևորդ: Այդ կրոնները նույնիսկ դժվար է համեմատել մեր՝ շատ ավելի տոտալիտար, ծայրահեղ կանոնակարգված և հետևորդներին խիստ պահանջներ ներկայացնող կրոնների հետ, այդ պատճառով նրանց համար երբեմն օգտագործվում են «հոգևոր գործունեություն», «կանոնների համակարգ» և «փիլիսոփայական դպրոց» տերմինները: Բացի այդ, բնակչությունը հիմնականում կրոնամետ չէ, կան շատ աթեիստներ: Բայց, չնայած կոմունիստական գաղափարախոսությանը, պետությունը մտահոգված է ավանդական կրոնների՝ որպես ազգային մշակույթի կարևոր տարրի պահպանությամբ: Ի միջի այլոց, կան տոկոսային հարաբերությամբ ոչ շատ քրիստոնյաներ, բայց, հաշվի առնելով երկրի բնակչության ահռելի քանակը, ըստ որոշ հաշվարկների նրանց թվով Չինաստանը աշխարհի երրորդ քրիստոնեական երկիրն է (ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո, Ռուսաստանից առաջ):

Ճապոնիայում ևս շատ գեղեցիկ իրար հետ համատեղվում են բուդդիզմն ու տեղական ավանդական կրոնը՝ սինտոյիզմը կամ շինտոյիզմը: Ասենք, ծնունդն ու հարսանիքն անում են սինտոյիստական ծեսով, մահը և հոգեհացը՝ բուդդիստական: Տարածաշրջանի մի շարք այլ երկրներում ևս չկա տիրապետող, պետական կրոն, այլ տարածված են մի քանի, այդ թվում՝ տեղական ավանդական կրոններ:

Ասիայի մյուս հզորագույն և արագ զարգացող երկիրն է Հնդկաստանը, որն իր բնակչությամբ արդեն համարյա չի զիջում Չինաստանին (1.29 միլիարդ): Այնտեղ չկա մեկ ժողովրդի բացարձակ մեծամասնություն մյուսների նկատմամբ, ինչպես Չինաստանում, բայց կա գերիշխող կրոն: Հնդկաստանի բնակչության հիմնական մասը՝ 80 տոկոսը դավանում է հինդուիզմ, որը նույնպես արևմտյան կրոնների պես ագրեսիվ և տոտալիտար չի: Խաղաղասիրություն, հանդուրժողականություն և ինքնակատարելագործում՝ ահա այն երեք կետերը, որոնց վրա է կանգնած հինդուիզմի հոգևոր կառույցը: Հնդկական խաղաղասիրությունը հանրահայտ է աշխարհում, հատկապես պետության հիմնադիր Մահաթմա Գանդիի կերպարով և գործով: Հարավ-արևելյան Ասիան պատմության ընթացքում զարգացել է չինական և հնդկական մշակույթների ազդեցության տակ: Հնդկաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից և Չինաստանից կինոարտադրության բնագավառում՝ տարեկան արտադրվում է շուրջ 3000 ֆիլմ: Դրանք դիտվում են աշխարհի 90 երկրներում, որոնցից շատերում բարձրագույն վարկանիշ ունեն:

Պետք է նշել, որ Ասիայում համարյա չկան երկրներ, ուր քրիստոնյա է բնակչության մեծամասնությունը (բացի Ֆիլիպիններից, մոտ 100 միլիոն բնակչությամբ): Մինչդեռ մի շարք բազմամարդ և արագ զարգացող երկրներ՝ Ինդոնեզիան, Մալայզիան, Պակիստանը և Բանգլադեշը իսլամական երկրներ են (ընդհանուր բնակչությունը շուրջ 520 միլիոն):

Աշխարհը բնակեցված է շատ անհավասարաչափ: Ասիայի հյուսիսային կեսը գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, ուր ապրում է ընդամենը 35 միլիոն մարդ: Իսկ մայրցամաքի մյուս կեսում ապրում է 3.5-4 միլիարդ մարդ՝ ավելի քան 100 անգամ շատ (Չինաստան, Հնդկաստան և այլն): Ինչպես ասել է Զբիգնև Բժեզինսկին Ռուսաստանի վերաբերյալ՝ «եթե տարածությունը դատարկ է, հարցրեք ձեզ, որքա՞ն երկար այն կմնա դատարկ: […] Եթե Ռուսաստանը կարողանա իր Հեռավոր Արևելք և Սիբիր ներգրավել ինվեստիցիաներ և մարդկանց, այնտեղ ուղղել ներգաղթողների հոսքեր, ապա, այդ դեպքում, դուք ապագա ունեք»: Ռուսաստանը, որոշ առումներով, եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության ամենաագրեսիվ երկիրն է: Նա է, որ ձգտում է պահպանել իր կայսերական դիրքերը, ճնշել իր հարևաններին և նույնիսկ տարածքներ գրավել նրանցից: Բայց և այնպես, ակնհայտ է, Ռուսաստանի արևելքի և նրա հարավային հարևան Չինաստանի միջև եղած բնակչության խտության անհամաչափությունը պիտի ինչ-որ կերպ լուծվի: Այդ լուծումը շատ դժվար է լինելու: Ռուսաստանը մեծ ու հզոր երկիր է (ռազմական ուժով՝ երկրորդը ԱՄՆ-ից հետո) և նման դեպքերում հնարավոր են մեծ կոնֆլիկտներ: Բայց և այնպես, Ռուսաստանը շատ է զիջում Չինաստանին բնակչությամբ, տնտեսության հզորությամբ և զարգացման դինամիկայով (համախառն ներքին արդյունքով՝ մոտ չորս ու կես անգամ, զիջելով նաև ԱՄՆ-ին, Հնդկաստանին, ճապոնիային և Գերմանիային): Եվ չինացիները դեռևս հակված չեն ագրեսիայի: Մյուս կողմից, ներկայումս ինքը՝ Ռուսաստանն է Չինաստանի և Հնդկաստանի հետ նոր տնտեսական մի դաշինքում միավորվելու կազմակերպչական աշխատանքներ իրականացնում (Բրիքս՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան հանրապետություն): Ուրեմն, այդ հակասությունն ինչ-որ խաղաղ եղանակով լուծելու մեծ շանսեր կան: Սիբիրյան վակուումը պիտի լուծվի ոչ առանց չինացիների մասնակցության:

Ինձ թվում է, որ սպիտակ ռասայի ստեղծած քաղաքակրթության նշված ներքին հակասությունը, որը ներկայումս անլուծելի է պատկերանում, կարող է լուծել հենց «դեղին վտանգի» հաղթարշավը: Եվ մարդկության փրկությունը գուցե գալու է Չինաստանի մեծ, խաղաղասեր ու ստեղծագործ ժողովրդի քաղաքակրթական իմաստությունից: Այդ գործում էական պետք է լինի նաև Հնդկաստանի ներդրումը:

 

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Չինաստանը աշխարհի երրորդ քրիստոնեական երկիրն է (ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո?????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930