Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 29-30-ը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի շրջանակում քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները:
Այնուհետ Երևանից ժամանած պատվիրակությունը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Գանձասարի եկեղեցի և տաճարին նվիրաբերել նոր ջահ: Գանձասարում պատվիրակության անդամներն այցելել են նաև եկեղեցու հարակից տարածքում կառուցվող մատենադարան, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Ասկերանի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Արա Սադոյանը գործընկերոջ հետ քննարկել է մեկ տարի առաջ կնքված համագործակցության հուշագրի կետերը: Կողմերը քննարկել են նաև Ասկերանում «Երևանյան» պուրակի կառուցմանն առնչվող ընթացիկ հարցեր:
Ասկերան կատարած այցի շրջանակում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև տեղի զորամասերից մեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արա Սադոյանը բարի ծառայություն է մաղթել նրանց:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան