Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նազարյանը «պաս» է տալիս իշխանությանը՝ հոսանքի թանկացման դեմ թող կառավարությունը դիմակայի

Հունիս 02,2015 12:22

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ում լրագրողների հարցին՝ իշխանությունները պատրա՞ստ են այն բողոքի ալիքին, որը հնարավոր է բարձրանա Ձեր որոշման արդյունքում՝ պատասխանեց. «Հարգելիներս, չեմ կարող պատասխանել այն հարցին, որն իրավունք չունեմ պատասխանելու: Մենք այս հարցերը պարտադիր նաեւ իշխանության հետ կքննարկենք: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ սակագնի մեծությունն այսպիսին պետք է լինի: Դրա համար կան պատկան մարմիններ՝ սկսած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, վերջացրած մնացած հարցերով: Պետք է իրենք վերլուծություններ անեն եւ իրենց մոտեցումները կարողանան համարժեք քայլերով, եթե սակագնի բարձրացում գնաց, բարձրացմանը դիմակայեն: Ես կարծում եմ, որ այն չափով, ինչ չափով որ սակագինը կբարձրանա, մեր կառավարությունը կգտնի ռեսուրսներ սոցիալապես անապահով խավերի համար»:

Լրագրողները սկսեցին ճնշում գործադրել հանձնաժողովի նախագահի վրա՝ բա մնացա՞ծը, բա նրանք, ովքեր նպաստառու չեն, բայց աշխատավարձն էլ չի բարձրանալու, ի՞նչ անեն, ախր որոշում կայացնողը Դուք եք: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Իմ որոշում կայացնելը… տեսեք ինչ գործառույթներով է օժտված մեր հանձնաժողովը: Ես խոստանում եմ մեր ամբողջ ազգաբնակչությանը, որ իմ գործառույթների շրջանակներում կանեմ այնպիսի բան, որ մեր էներգետիկան շարունակի մնալ կայուն, կարողանա իր անվտանգ շահագործումն իրականացնել եւ կարողանա ձեզ անընդհատ էներգետիկա մատակարարել: Ես պետք է հավասարակշռեմ այդ ռիսկերը: Համոզված ասում եմ՝ ցանկացած սակագնի հայտ, որ մենք ստանում ենք, ամենածանրը տանում են մեր հանձնաժողովի պատասխանատուները: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը»:

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ սակավաջուր տարի եթե չլինի, միջուկային վառելիքի գնի հետ կապված իրենց կանխատեսումներն իրականանան, սակագինը չի փոխվի:

Լրագրողների դիտարկմանը, որ Ջրտնտպետկոմի նախագահն ասաց, որ սակավաջուր տարի չէ, ինչի՞ պիտի հոսանքը թանկանա՝ պատճառաբանելով սակավաջուր տարով՝ Նազարյանը պատասխանեց, որ Ջրտնտպետկոմի նախագահն ասել է այս տարվա համար, որ այս տարի ավելի հաջող տարի է, քան նախորդ տարի, իսկ մենք այսօր խոսում ենք 2014-2015-ի սակագնային տարվա մասին: Իսկ նախորդ տարի մեր հիդրոէլեկտրակայանները ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել՝ պայմանավորված միայն սակավաջրությամբ. «Միջուկային վառելիքի գինը, ի ուրախություն մեզ, չի փոխվել, բայց քանի որ պայմանագիրը դոլարային է, այդտեղ արդեն մենք շոշափելի, լուրջ խնդիր ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930