Լրահոս
Օրվա լրահոսը

Գազալցակայաններում պայթյունների ճնշող մեծամասնությունը վարորդների մեղքով է լինում. «Հայոց աշխարհ»

Հունիս 02,2015 12:18

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների եւ վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ ՌՈՒԲԵՆ ԲԱԴԵՅԱՆԻ համոզմամբ՝ գազալցակայաններում պայթյունների ճնշող մեծամասնությունը վարորդների մեղքով է լինում։

«Գազալցակայաններում պայթյունների 90 տոկոսը վարորդների մեղավորությամբ է լինում, քանի որ գազաբալոնները սխալ են շահագործում կամ ժամանակին չեն ներկայացնում փորձաքննության: Միայն մայիս ամսվա ընթացքում տարբեր գազալցակայաններում (Արմավիրում, Գառնիում, Երեւանում, Չարենցավանում) գրանցվեց պայթյունի չորս դեպք: Դրանք մեծ մասամբ գազաբալոնների ոչ ճիշտ շահագործման հետեւանք են:

Փորձաքննությամբ պարզվել է, որ Հարավարեւմտյան թաղամասում պայթած բալոնը դեֆեկտ ուներ, եւ եթե նախապես փորձարկվեր, ապա կարգելվեր դրա շահագործումը, կամ էլ փորձարկման ընթացքում այն կպայթեր՝ առանց որեւէ մեկին վնաս պատճառելու: Մինչդեռ փորձարկման համար պահանջվող 8-10 հազար դրամ խնայելու համար փաստորեն վարորդն իր մեքենան կորցրեց: Փառք Աստծո, զոհեր չեղան:

Գառնիի դեպքում նույնպես պատահարի մեղավորը վարորդն էր: Պարզվում է՝ նրա թե՛ մեքենան, թե՛ տեղադրված գազի բալոնը պիտանի չեն եղել շահագործման համար: Փորձաքննությամբ պարզվեց, որ այդ բալոնի կաղապարը նախատեսվածից երկու անգամ պակաս հաստություն ուներ, ինչը հակասում էր տեխնիկական անվտանգության կանոններին: Մինչդեռ վարորդն անտեսել էր գոյություն ունեցող չափորոշիչներն ու արգելքները, եւ նրա պատճառով զոհվեց գազալցակայանի աշխատակիցը»:

Ռուբեն Բադեյանը չի ընդունում վարորդների այն արդարացումները, թե իբր ֆինանսական միջոցները խնայելու համար են խուսափում բալոնները փորձարկելուց կամ պարզապես տեղեկացված չեն, որ հարկավոր է դրանք մի քանի տարին մեկ համապատասխան թեստավորման ենթարկել. «Երբ մեքենաների սեփականատերերին հարցնում ենք՝ ինչո՞ւ չեն ուզում բալոնները փորձարկել, նրանք պատասխանում են, թե վախենում են թեստավորման ժամանակ անորակ բալոնը պայթի, եւ իրենք ստիպած լինեն մեծ գումար ծախսել ու նոր բալոն ձեռք բերել: Ոմանք էլ ասում են, թե տեղյակ չեն, որ թեստավորումը պարտադիր պայման է, եւ որ դա չանելու դեպքում տվյալ մեքենան ռիսկային գոտում է հայտնվում:

Ինձ համար այդ մարդկանց նման անպատասխանատու մոտեցումն առնվազն զարմանալի է, քանի որ տեխնիկական անվտանգության պահանջներն անտեսելով՝ իրենց կամ ուրիշների կյանքի հետ են խաղում»,- ասում է մեր զրուցակիցը։
Տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետի տեղեկացմամբ՝ մեքենաների շատ սեփականատերերն այնքան չեն հասկանում խնդրի լրջությունը, որ անգամ բալոնը տեղադրելու համար դիմում են պատահական մարդկանց կամ հենց իրենք են դա անում: Մինչդեռ կան հատուկ լիցենզավորված ընկերություններ, որտեղ աշխատում են հատուկ մասնագետներ, եւ որոնք տեխնիկապես վերազինված լինելով՝ լավագույնս են կատարում այդ գործը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930