Պաշտոնական վիճակագրությունը վերջապես հրապարակեց ՀՀ իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ամբողջական վիճակագրությունը, որից երևում է, թե ինչպես է նվազել ներդրումների հոսքը։ Ասում ենք՝ վերջապես, որովհետև վերջին ամիսների ընթացքում Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումները ներկայացնում էր նոր մեթոդաբանությամբ, ինչն անհնար էր դարձնում ցուցանիշերը համեմատելը նախկին ժամանակահատվածների հետ։ Այժմ հրապարակվել են ներդրումներին վերաբերող տվյալները 2015թ. առաջին եռամսյակի համար։
Եվ այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն, 2015թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 60 մլրդ 171.8 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 35 մլրդ 292.4 մլն դրամ:
Ըստ երկրների՝ ներդրումների ամենամեծ զուտ հոսքը եղել է Ռուսաստանից՝ 13.38 մլրդ դրամ, այդ թվում՝ ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ 16.8 մլրդ դրամ։ Սակայն ամենամեծ անկումը նույնպես Ռուսաստանին է բաժին ընկնում։ Նախորդ տարի վերը նշված ցուցանիշերը կազմել են, համապատասխանաբար, 47.9 և 49.6 մլրդ դրամ։ Այսինքն, ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքերը Ռուսաստանից նվազել են 72%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 66%-ով։
Ընդհանուր զուտ հոսքերի մեծությամբ երկրորդ տեղում Նիդեռլանդներն է (10.2 մլրդ դրամ), որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (8.3 մլրդ դրամ), Բրիտանական Վիջինյան Կղզիները (6.3 մլրդ դրամ) և Կիպրոսը (4.5 մլրդ դրամ): Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի առումով Ռուսաստանին հաջորդում են Գերմանիան (5.7 մլրդ դրամ), Ֆրանսիան (4.7 մլրդ դրամ) և Իռլանդիան (2.5 մլրդ դրամ):
Կարդացեք նաև
Նշենք, որ ուղղակի ներդրումների հոսքի նվազման առումով առանձնանում է Միացյալ Թագավորությունը: 2014թ. հունվար-մարտին ՄԹ ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել էր ավելի քան 9.8 մլրդ դրամ, այս տարվա հունվար-մարտին՝ ընդամենը 752.3 մլն դրամ։ Այսինքն, ցուցանիշը նվազել է շուրջ 13 անգամ:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում