Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքահավաքի անկորուստ և ժամանակին կազմակերպման և կատարման գործում մեծ օժանդակություն են ցուցաբերում զորամասերը

Հունիս 02,2015 10:45

Քաշաթաղի շրջանում` մերձարաքսյան Որդնավ գյուղի տարածքում, գարնան վերջին օրվանից սկսվել է գարու բերքահավաքը: Թովմասարի սարահարթում նույնպես շուտով կաշխատեն կոմբայնները: Բերքահավաքի անկորուստ և ժամանակին կազմակերպելու նպատակով շրջանի Իշխանաձոր գյուղում, որը դարձել է տարածքի կենտրոնը, գործում է բերքահավաքի կազմակերպման և հակահրդեհային շրջանային շտաբը, որը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Հունիսի 1-2-ին եղա Իշխանաձորում ծանոթացա կատարվող աշխատանքներին: Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ տարածքում, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Արտուշ Մխիթարյանի, Արտավազդ Ալեքսանյանի և Հակոբ Սայամյանի ղեկավարությամբ գործում են հակահրդեհային հենակետեր Թովմասարի, Կովսականի և Որոտանի սարահարթերերում, իսկ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի ղեկավարությամբ գործելու է նույնանման կետ շրջանի հյուսիսային թևի համայնքներում: Կենտրոնական շտաբում գործում է շուրջօրյա հերթապահություն շրջվարչակազմի կառույցների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ: Հերթապահությանը մասնակցում են նաև շրջանում գործող ուժային և այլ կառույցների ներկայացուցիչները:

DSCN7489 DSCN7470 DSCN7438 IMG_7038

Ս. Խաչատրյանը կարևորեց նաև այն, որ բերքահավաքի անկորուստ և ժամանակին կազմակերպման և կատարման գործում մեծ օժանդակություն են ցուցաբերում շրջանում տեղակայված զորամասերը` թե տեխնիկայով, և թե մարդկային ուժով:

Հերթապահությանը մասնակից են նաև տարածքի 21 համայնք` ղեկավարների և կամավորների ներկայությամբ:

Կարևոր է նաև բժշկական օժանդակությունը: Այդ նպատակով տարածքում էր նաև շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Կառլեն Բալայանը և Կովսականի հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը: Զրույցի ընթացքում Կ. Բալայանը տեղեկացրեց, որ կենտրոնական շտաբը և հենակետերն ապահովված են առաջին բուժօգնության դեղանյութերով և պարագաներով: Կարևորեց հատկապես այն, որ տարբեր դեղամիջոցների հետ շտաբին հատկացվել է օձերի խայթոցի դեմ պայքարող շիճուկ: Շտաբների ներկայացուցիչներին տրվել է տեղեկություն` ինչպես գործել առաջին բուժօգնության ժամանակ:

Օրվա ընթացքում շտաբ այցելեց նաև ԼՂՀ «Առողջապահության նախարարության ՊՀՀՏ ՀՀԿ» ՊՈԱԿ Քաշաթաղի շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի պետ Արմիդա Առուշանյանը:

«Հերթական այցը տարածք նպատակ է հետապնդում ստուգել խմելու ջրի վիճակը»,- ասաց Ա. Առուշանյանը` հավելելով, որ ստուգայցեր են իրականացվում դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, բուժկետերում, խանութներում և այլ հիմնարկներում:

Օրվա ընթացքում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանի, աշխատակազմի գյուղվարչության հողային ֆոնդի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ հողաշինարար Գալուստ Սահակյանի հետ բարձրացանք Թովմասար, որտեղ մի քանի օրից կսկսվի հացահատիկի բերքահավաքը: Այստեղ 2014 թ. աշնանը և 2015 թ. գարնանը կատարվել է մոտ 8000 հեկտար գարու և ցորենի ցանքս: Մայիսի 31-ից այստեղ տեղակայվել է հակահրդեհային հենակետը, որտեղ հերթապահում էին ԼՂՀ ԿԱ ՊԾ Քաշաթաղի ՇՓԲ Տիգրանավանի հրշեջ-փրկարար ջոկատի աշխատակիցներ Համլետ Ղազարյանը, Արթուր Վարդանյանը և Արտյոմ Պապոյանը: Տեղեկացրեցին, որ արդեն երկրորդ օրն է, ինչ իրականացնում են հերթապահություն: Հենակետն ապահովված է զինվորական վրանով, պատրաստ կանգուն է հրշեջ մեքենան: Մշտապես տեղում է շտապօգնության «ՈՒԱԶ»-ը:

Իշխանաձորում գործող «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲԸ-ի Քաշաթաղի բաժնից/տնօրեն Սուրեն Աբունց/ 2 հերկող տրակտոր նույնպես տրամադրվել է հակահրդեհային հենակետին:

Տիգրանավանի հրշեջ-փրկարար ջոկատի հրամանատար, կապիտան Միքայել Կնյազյանի տեղեկատվությամբ` հենակետի տեղադրման հենց առաջին օրը հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել Կովսականում, Արծվաշենում և նախկին Վարդանանց գյուղի տարածքում: բարեբախտաբար լուրջ վնասներ չի գրանցվել: Մ. Կնյազյանը նշեց նաև, որ շոգ եղանակի պատճառով ցանկացած պահի հնարավոր է հրդեհի օջախներ առաջանան, ուստի անհրաժեշտ է մշտապես լինել աչալուրջ:

Նույն օրը հանդիպեցինք Որդնավի տարածքում գարու հունձ կատարողներին: Կոմբայնավար Էդգար Փարսյանը տեղեկացրեց, որ անցած և այս օրը 3 կոմբայն են աշխատել տարածքում: Ապահովվել ե համեմատաբար լավ բերքատվություն` հեկտարից 30ց: Նշեց նաև, որ մի քանի օրից կավարտեն հնձի աշխատանքներն արաքսամերձ այս հարթավայրում:

Նույն օրը` երեկոյան շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ բարձրացանք Թովմասարի սարահարթ, որտեղ ճանապարհներ հարթեցնող մեքենայով դաշտամիջյան ճանապարհներն է բարեկարգվում և արտեզրերի փշերն ու չոր խոտը հողով ծածկվում: Մեքենավար Սարգիս Գասպարյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում արտեզրերում 3կմ երկկողմանի տարածք է հերկել` փշերը ծածկելով հողով: Այս օրերի ընթացքում արդեն 250 կմ նման աշխատանք է իրականացվել:

Երբ բարձրանում էինք Թովմասար, հորդ անձրև սկսվեց` քամու ուղեկցությամբ, որոշ հատվածներում նաև կարկուտ տեղաց: Շրջելով տարածքում` պարզվեց անձրևն ու քամին որոշակի վնաս են հասցրել արդեն հասունացող արտերին. կոտրվել են հասկերի ցողունները և խոնարհվել:

Մթնշաղին ցած իջանք` հույսով, որ վնասը քիչ կլինի, և բնությունն այսուհետ բարեհաճ կլինի հողօգտագործողի նկատմամբ:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930