Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմուտքը, Արցախը և Ղրիմը

Հունիս 02,2015 10:22

Օրերս Ռիգայում կայացավ Արևելյան Գործընկերության երկրների գագաթնաժողովը, որի արդյունքներով ընդունված հայտարարության շուրջ եղան բազմաթիվ քննարկումներ և տարաձայնություններ:

Մասնավորապես, հիմնական տարաձայնությունները եղան Լեռնային Ղարաբաղի մասի վերաբերյալ, ուր ընդդիմացողը Ադրբեջանն էր և Ղրիմի վերաբերյալ, ուր ընդդիմացողը Հայաստանն ու Բելառուսն էին:

Ինչպես հայտնի է, Հայաստանն առաջին անգամ չէ, որ ընդդիմանում է Ռուսաստանի Ղրիմի բռնակցումը դատապարտող հայտարարություններին (դա սկսվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկությունից):

Սա, թերևս զարմանալի չէ, քանի որ Հայաստանում և Արցախում շատերին Ղրիմի խնդիրը հոգեհարազատ է թվում: Մարդիկ այն նույնացնում են ԼՂՀ հիմնախնդրի հետ:

Բաքուն ու Ստեփանակերտը նույն կարծիքի՞ են

Ղրիմի և Ղարաբաղի խնդիրներն ամենաշատը նույնականացնում է պաշտոնական Բաքուն, որի պաշտոնական կարծիքն այն է, որ եթե չլիներ Արցախի անջատումը Ադրբեջանից, չէր լինի նաև Ղրիմի անջատումը Ուկրաինայից:

Եվ Ադրբեջանին այդ նույնացումը չափազանց ձեռնտու է, քանի որ Ղրիմի բռնակցման դեմ ամբողջ արևմուտքն է դուրս եկել, իսկ Արցախի անկախացման դեմ՝ ոչ:

Այս ֆոնին խիստ զարմանալի է դառնում այն, որ Արցախում տոնակատարություններ էին իրականացվում Ղրիմի անկախության հռչակման կապակցությամբ և բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարում էին, որ դա նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար:  Սակայն եկեք հասկանանք, թե ինչ նախադեպի մասին է խոսքը և որքանով են Ղրիմի ու Արցախի խնդիրները համեմատելի:

Անհամեմատելիությունը

Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր զարգանում Արցախյան հակամարտությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ՝ հռչակվեց ԼՂՀ անկախությունը, որը հաստատվեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեով:

Սակայն Սովետական Միությունը և ապա Ադրբեջանը, ում տարածքից անկախանում էր ԼՂՀ-ն, չհարգեցին արցախցիների ինքնորոշման իրավունքը և փորձեցին հարցը լուծել ուժով ու զենքով: Հայերս էլ ստիպված էինք զենքով պաշտպանել Արցախի իրավունքները:

Ի տարբերություն Արցախի՝ Ղրիմում ամեն ինչ սկսվեց ոչ թե ժողովրդի կամարտահայտմամբ, այլ ռուսական զորքերի ներխուժմամբ, որից հետո Ղրիմում փոխվեցին տեղական իշխանությունները և հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մասին, որից երկու շաբաթ հետո ռուսական զորքերի ներկայությամբ կայացավ այդ հանրաքվեն և Ղրիմը հռչակվեց Ռուսաստանի մաս:

Ի հեճուկս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարող Ղրիմի բնակիչների զգալի մասի (առավելապես 12 տոկոս թաթարների, 30 տոկոս ուկրաինացիների և ռուսների մի մասի) բոյկոտի, հանրաքվեն արձանագրեց 83 տոկոս մասնակցություն: Ընդ որում՝ որոշ քաղաքներ այնքան էին ուզում ինտեգրվել ՌԴ-ին, որ որոշ դեպքերում արձանագրում էին ավելի քան 120 տոկոս մասնակցություն:

Եվ զարմանալի չէ, որ ռուսական ավտոմատների փողի տակ նման արդյունքներ են արձանագրվում, քանի որ նույն ոգով անցնում են ներպետական ընտրությունները նույն Ռուսաստանում (այդ թվում` մինչև 146 տոկոս «Պուտինին կողմ» ձայների արդյունքներով):

Ի տարբերություն Արցախում հայկական ստորաբաժանումների՝ Ղրիմում ռուսական զորքերը հայտնվեցին հանրաքվեից առաջ (անգամ հանրաքվեի մասին որոշումից առաջ) և  այդ իսկ պատճառով արևմուտքը համարում է, որ տեղի ունեցածը սովորական օկուպացիա է և որևէ աղերս չունի ժողովրդի կամարտահայտման հետ:

Իսկ մեզ այդպիսի նախադեպ պե՞տք է

Ղրիմը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը բռնած և առավել ժողովրդավար Ուկրաինայից անցավ սակավ ժողովրդավար և ազգային հողի վրա սպանություններով լի Ռուսաստանին: Գործընթացի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց միջազգային ճնշումների տակ, կորցրեց իր տեղը «Մեծ ութնյակում», ընկավ պատժամիջոցների տակ և քաղաքականապես մեկուսացվեց:

Ղրիմի անկախությունը ճանաչեցին միայն Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան ու Սիրիան: Միաժամանակ, թվով ավելի քան 45 պետություններ հայտարարեցին, որ չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն, այդ թվում` ամբողջ Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան, Չինաստանը, «Մեծ ութնյակի» բոլոր անդամները՝ բացի ՌԴ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները՝ բացի ՌԴ-ից:

Իսկ ահա Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ, ինչը չափազանց բացասական ազդեց ՌԴ տնտեսության վրա:

Հազիվ թե մենք ցանկանանք, որ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը մի օր հայտարարի, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ, Արցախն էլ համարի բռնակցված:

Դատելով Եվրոպացի ու Ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններից, դա տեղի չի ունենում, քանի որ վերջիններս հստակ հասկանում են Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրների տարբերությունները:

Տրամաբանական կլիներ, որ Ղրիմի բռնակցումը պաշտպանելու փոխարեն Հայաստանի ԱԳՆ-ն միջոցներ ձեռնարկեր, որ համաշխարհային հանրությունը հստակ հասկանար, որ Արցախյան հակամարտությունը Ղրիմի հետ որևէ նմանություն չունի:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930