Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Հունիս 01,2015 21:15

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-ին ժամանել է Պրահա:

Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը: Վարչապետը և պատվիրակության անդամները  ծանոթացել են  նաև Լիդիցեի պատկերասրահում ներկայացված` երեխաների կերպարվեստի 43-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին:

Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Դիմելով ներկաներին` վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից և դառնում համամարդկային մի ուղերձ և պատգամ:

Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես և Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն,  առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում և հոգիներում: Համալիրի մաս կազմող երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից:

Այս տարի հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ և, ցավոք, ոչ անհետևանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության:

Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի քրիստոնյա մանուկներ, տասնյակ հազարավորները բռնի թրքացվեցին և օտարվեցին իրենց ընտանիքներից ու ազգությունից:

Այսօր Լիդիցեի հուշահամալիրում ներկայացված «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները»  ցուցադրությունը, որը ներկայացրել է համալիրի հայաստանյան գործընկեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, լուսանկարների միջոցով մարդկային ողբերգության պատմությունների մի շարք է, որը ցնցող ազդեցություն է թողնում բոլորի վրա: Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն դրանք չենք կարող կոչել բացառիկ ու աննախադեպ, քանի որ երեխաներին բաժին հասած այս ճակատագրերը համամարդկային ողբերգության դրսևորումներ են: Խորհրդանշական է, որ ցուցահանդեսի բացումը համընկնում է Երեխաների միջազգային օրվա հետ, որ մարդկությունը նշում է այսօր:

Հարգելի բարեկամներ

Այսօր, վաղը և ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, Աուշվիցում և այլուր մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը` վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու և մարդկությանն ապագա չարիքներից զերծ պահելու համար»:

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Ամփոփելով Լիդիցե կատարած այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, «Կցանկանայի իմ անկեղծ զգացմունքներն արտահայտել այսօրվա կապակցությամբ: Խորհրդանշական է, որ Լիդիցեի հուշահամալիր այցելությունը համընկել է Երեխաների միջազգային օրվա հետ:

Այսօր ես ծաղկեպսակ զետեղեցի զոհված երեխաների հուշակոթողին, մեր չեխ բարեկամների հետ բացեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսը, այցելեցի Լիդիցեի՝ արվեստների 43-րդ մանկական միջազգային ցուցահանդես, որտեղ այլ երկրների երեխաների գործերի հետ մեկտեղ ներկայացված են հայաստանցի մանուկների հրաշալի աշխատանքները: Անչափ տպավորված եմ դրանցով: Այս այցելությունն իմ մեջ ամրապնդեց պարտավորվածության այն զգացումը, որ մենք` մեծերս, մեր երեխաների և թոռների համար պետք է ստեղծենք խաղաղ և բարեկեցիկ ապագա»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930