Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ ունեցած բանակցությունների հետո հայտնել է, որ խնդրել է վերջինիս Հայաստան այցելության ընթացքում արծարծել Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
«ԱՊԱ» գործակալությունը հաղորդել է, որ նախարարն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է. «Ես պարոն Դաչիչի այցելությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որեւէ առաջխաղացում եմ սպասում: Եկել է ժամանակը հարցը մեռյալ կետից առաջ շարժելու: Բոլոր կողմերը հետաքրքրված են հակամարտության կարգավորմամբ: Համանախագահ երկրները նույնպես աշխատում են առաջընթացի հասնել»:
Մամեդյարովը նաեւ ասել է, որ շուտով հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, եթե ոչ հակամարտության վերջնական կարգավորման նպատակով, ապա դրան հասնելու որեւէ ճանապարհ ընտրելու համար. «Բնականաբար դա կլինի Մինսկի խմբի շրջանակներում»:
«ԱՊԱ»-ի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահն էլ իր հերթին ասել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի քաղաքական կամքի առկայության դեպքում. «Հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ ճանապարհով է: Անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը: Ես վերաբերմունք արտահայտեցի այդ հարցի կապակցությամբ: Հավատում եմ, որ հատուկ ներկայացուցչի եւ Մինսկի խմբի ջանքերով մենք կկարողանանք կարգավորման հասնել»:
Կարդացեք նաև
Դաչիչը նաեւ ասել է, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում մի քանի նախաձեռնություններ կառաջարկի: «Կարծում եմ, որ մենք պետք է կատարենք Հելսինկյան Եզրափակիչ Ակտի դրույթները, զերծ մնանք երկակի չափանիշներից»:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ Իվիցա Դաչիչը հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է ԼՂ հակամարտության հարցը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ