Ինչպես տեղեկացրել ենք,Աշոցքի գյուղացիները, դժգոհելով իրենցից գնվող կաթի գնի էժանացումից, Aravot.am-ին հայտնել էին, որ կաթնամթերող ընկերությունները գյուղացիների անարատ կաթը գնելու փոխարեն, գնում են Չեռնոբիլից ներկրված կաթի փոշին՝ այսպիսով կասկածելի որակի կաթնամթերք արտադրելով: Դժգոհողներից ոմանց պնդմամբ, կաթի փոշի ներկրողը ՀՀ նախագահի եղբայրն է:
Այսօր այս թեմայով Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ վստահեցնելով, որ ընթացիկ տարում Չեռնոբիլից Հայաստանի հանրապետություն կաթի փոշի ընդհանրապես չի ներկրվել: Բացի այդ, 2015 թվականի ընթացքում ՀՀ կաթի փոշի ներկրել են շուրջ 10 ընկերություններ, իսկ ներկված կաթի փոշու ծավալը նախորդ տարվա հետ համեմատ գրեթե նույնն է մնացել. նվազել է ընդամենը 38 տոննայով: «Սա ընդհանուր ծավալի մեջ շատ փոքր տոկոս է կազմում: Նաեւ կասկածներ էին հայտնել որակի հետ կապված, ուզում եմ շեշտել, որ մեր սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող կաթի փոշու անվտանգության ցուցանիշներին համապատասխանությունը վերահսկվում է թե՛ փաստաթղթային, թե՛ լաբորատոր փորձաքննության ուսումնասիրության արդյունքում»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Անձամբ շատ մեծ կասկածներ ունեմ ձեր ստուգումների վերաբերյալ: Բավական է մաէդկանց խաբեք: