Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված գրքերի շնորհանդես

Հունիս 01,2015 19:10

Հունիսի 1-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով  2014թ հրատարակված գրքերի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ տարեցտարի մեր հետազոտությունների թիվը ոչ միայն չի փոքրանում, այլև առավել թիրախային է դառնում: Հաճույքով պետք է նշեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից ակտիվ ու արդյունավետ համագործակցում ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, առավելապես ակադեմիայի 5-6 ինստիտուտների հետ: ԵՊՀ-ն, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և ԵՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնները նույնպես մեր գործընկերներն են և նախանձախնդրորեն են վերաբերվում մեր դրամաշնորհներին»:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար, նշեց, որ գերատեսչությունը մշտապես աջակցում է հայագիտության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, միջոցառումներին:

2014թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակվել են 12 գիտական ուսումնասիրություններ, որոնք հիմնականում ունեն հայագիտական ուղղվածություն, եւ մեծապես կարող են օգտակար լինել Հայաստանի եւ Սփյուռքի հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող գիտնականներին եւ կենտրոններին:

ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական Վլադիմիր Բարխուդարյանն անդրադարձավ «Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմություն» աշխատությունը (Վ.Բ Բարխուդարյան, Հ.Ս. Ալեքսանյան (Հյուսիսային Կովկաս, Նոր Նախիջևան, Աստրախան, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա), որը ներկայացնում է Ռուսաստանի հայ գաղթօջախների բազմադարյա պատմությունը՝ դրանց ձևավորումից մինչև ժամանակակից փուլն ընկած զարգացումները:

Խոսելով “Programs of Genocide in the Ottoman Empire (1876- 1920)” հետազոտության մասին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ գրքում տեսական ցեղասպանագիտության տեսանկյունից համակողմա­նի հետազոտվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծրագրի ծագումնաբանության գործընթացը:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Գալստյանը, ներկայացնելով «Արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային համակարգերի զուգադրական քննություն» (Կազմ՝ Ն.Գ.Հովհաննիսյան, Ս.Կ.Տիոյան, Ա.Ս.Գալստյան), աշխատությունը՝ ընդգծեց, որ գրքում զուգադրական քննության են ենթարկվում արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային մի շարք ենթահամակարգեր, մատնանշվում են երկու ճյուղերի տերմինահամակարգերի փոխհարստացման, մերձեցման և միասնական զարգացման հնարավորություններն ու ուղիները:

«Հայկական կտակների իրավական դաշտի ուսումնասիրություն» հետազոտական աշխատանքին անդրադարձավ (Վ.Գրիգորյան, Լ.Կարապետյան, Մ.Մարտիրոսյան, Լ.Միրզոյան, ՀՀ սփյուռքի նախարարություն, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն) փորձագետ Լիլիթ Միրզոյանը: Գրքում փորձ է արվել ուսումնասիրել Իսրայելում, Պորտուգալիայում, Կիպրոսում և Հնդկաստանում հայերի թողած կտակների իրավական կարգավիճակը՝ վերհանելով տվյալ երկրներում հայերի կտակների իրավական ասպեկտները` սահմանված տվյալ երկրների օրենսդրությամբ, միջազգային մասնավոր իրավունքով և միջազգային պայմանագրերով:

    «Համընդհանուր ցանցային լեզվի օգտագործմամբ հայերենի բառապաշարային տվյալների հենքի մշակում» աշխատությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը: Բառարանը համակարգված անդրադառնում է ժամանակակից լեզուների բառապաշարին՝ նորագույն տեխնիկական միջոցների հաշվառմամբ:

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը ներկայացրեց՝ «Գրական Սփյուռք, Սփյուռք 2014.» տարեգիրքը (ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Հ.Սարիբեկյան, Ա.Նիկողոսյան, Ա.Ավանեսյան), որը հրատարակվում է արդեն 5-րդ տարին:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը անդրադարձավ ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով իրականացված իր՝ «Սփիւռքահայ գրականութեան նուաճումները և զարգացման միտումները (1920-1960-ական թթ.)» մենագրությանը: Նյութն ընդգրկում է անցյալ դարի 20-60-ական թթ. արձակի և բանաստեղծության ձևավորման ու զարգացման միտումները:

Հայագետ Սոնա Հարությունյանի՝ «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» աշխատության մասին խոսեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով, որ գրքում իմի են բերվել Հայոց ցեղասպանության մասին Իտալիայում լույս տեսած հուշագրություններն ու գեղարվեստական գրականությունը:

 Ս.Սրապիոնյանն ընթերցեց հեղինակի շնորհակալական նամակը՝ ուղղված նախարար Հրանուշ Հակոբյանին, որտեղ մասնավորապես նշված էր. «Փորձել ենք ներկայացնել Հայոց ցեղասպանության թեմայով Իտալիայում լույս տեսած հուշագրությունների և գեղարվեստական գրականության պատկերը, ինչպես նաև վերլուծել Մեծ եղեռնի թեման լուսաբանող միջոցների (գրականություն, թարգմանություն, կինո) ազդեցությունն ընթերցողի ու հանդիսատեսի վրա, միջոցներից յուրաքանչյուրի հնարավորության սահմանները»:

«Նորավանք» ԳՀԿ գիտքարտուղար Վահրամ Հովյանը հանգամանորեն ներկայացրեց «Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում» ՀՀ սփյուռքի («Նորավանք» ԳԿՀ) և «Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» հետազոտությունները:

«Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում» գրքում դիտարկվում են ըստ աշխարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջանների՝ Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք և հետխորհրդային երկրներ: Ներկայացված են արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնման նախադրյալները, այդ կենտրոնների դերը հայության կյանքում, նրանց գործունեության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև արտասահմանյան հայագիտական կենտրոնների արդի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

«Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» աշխատության մեջ ներկայացված են Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընտրության հարցում Սփյուռքի որոշ լրատվամիջոցների և առանձին հայ փորձագետների դիրքորոշումները:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը խոսեց «Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» աշխատության մասին (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ): Գիտական հրապարակումը պետական նպատակային ծրագրով իրականացված սփյուռքի հետազոտությունների ասպարեզում բազմամյա մշակումների արդյունք է: Գրքում զետեղված հոդվածները հիմնվում են 2011-2014թթ. ընթացքում Երևանի (ՀՀ), Մոսկվայի (ՌԴ), Լոս-Անջելեսի (ԱՄՆ) և Թեհրանի (ԻԻՀ) hայերի շրջանում կատարված էթնոսոցոլոգիական ուսումնասիրությունների տվյալների վրա:

Ամփոփելով շնորհանդեսը՝ ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ ՍՆ Հայրենադարձության և հետազոտությունների վարչությանը հանձնարարեց առանձնացնել բոլոր ներկայացվող աշխատություններում վեր բարձրացված հիմնահարցերը, ձևավորել առաջարկությունների փաթեթ և միջոցներ ձեռնարկել դրանց գործնականում կիրառելու ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930