Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ծննդյան վկայական, կրթությունից դուրս մնացած երեխաներ. մարզերում երեխաների իրավունքները հաճախ պաշտպանված չեն

Հունիս 01,2015 18:26

Այսօր«Մեդիա կենտրոնում» «Երեխաների իրավունքների պաշտպանությունը մարզերում» թեմայով քննարկմանը փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ մարզերում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով գոյություն ունեն մի շարք խնդիրներ: Մասնավորապես մտահոգություն հայտնեցին երեխաների առքուվաճառքի, ապօրինի որդեգրման, անուշադրության մատնելու երևույթներին: Հատկապես կարևորվեց այս խնդիրների լուծման հարցում սոցիալական աշխատողների դերակատարությունը:

Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը նշեց. «Խնամակալության ու հոգաբարձուների խորհուրդների գործունեությունը գյուղական համայնքներում անարդյունավետ է: Խորհուրդները գործում են հասարակական կարգով և այնտեղ աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ»:

Տիկին Առաքելյանն առաջարկեց, որ համայնքային բյուջեից որոշակի տոկոս հատկացվի համայնքներում սոցիալական աշխատողի հաստիք ունենալու համար: Նաիրա Առաքելյանը մտահոգություն հայտնեց, որ մի շարք համայնքներում չեն գործում ցերեկային կենտրոններ, այդ պատճառով երեխաները մատնվում են անուշադրության:

Գյումրիի «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի համակարգող Արմեն Պետրոսյանը փաստեց, թե բավականին լուրջ խնդիրներ կան սահմանամերձ և լեռնային շրջաններում. «Ցանկացած իրավախախտում այստեղ հնարավոր է՝ սկսած ծննդյան վկայականների բացակայությունից, երեխաների՝ կրթությունից դուրս մնալուց և այլն: Երազգաորսում դեպք էր գրանցվել, երբ հայրություն չէր ճանաչել, երեխաները ծննդյան վկայական չունեին, չորս տարեկան երեխա էր, բայց հոդաբաշխ խոսք չուներ»:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը հայտնեց, որ Արմավիրի միայն 4 խոշոր համայնքների բյուջեներն են հատկացրել ռեսուրսներ երեխաների համար ցերեկային կենտրոններ բացելու համար. «Ցավոք, ռեսուրսները քիչ են»:

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը նշեց, որ  բարեփոխումների փուլում են գտնվում ու մինչև 2018-ը բարեփոխումների ծրագրի շրջանակներում անդրադարձ կկատարվի երեխաների պաշտպանության վերաբերյալ բոլոր իրավական ակտերին: Այնուհետև  ճշտում արեց, թե երեխաների ապօրինի որդեգրման մասին պետք չէ խոսել քանի դեռ չկա դատարանի որոշում:

Դառնալով սոցիալական աշխատողի անհրաժեշտությանը՝ տիկին Հայրապետյանը նշեց. «Կզարգանա սոցիալական աշխատողի ինստիտուտը: Սոցիալական աշխատողը պետք է աշխատանք տանի ընտանիքի անդամների հետ, նրա աշխատանքի արդյունքում երեխաների դեմ բռնությունները կնվազեն»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930