Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքի բնակիչները բամբասեցին իրենց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Տեսանյութ)

Հունիս 01,2015 18:15

Այսօր Aravot.am-ը Աշոցքի կենտրոնում կաթի գնի նվազման պատճառով բողոքի դուրս եկած բնակիչներից հետաքրքրվեց, թե իրենց բողոքը հայտնե՞լ են արդյոք իրենց պատգամավորին ՝ ծնունդով Աշոցքից ու հենց այս տարածքից ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին: Բնակիչները, լսելով պատգամավորի անունը, թույլ չտվեցին, որ ավարտեինք հարցը ու սկսեցին քննադատել Աշոտ Աղաբաբյանին: «Որ երեսը տեսնենք, կհայտնեք… Անունով էլ մեր դեպուտատն է, հեչ երեսը չենք տեսնում, ընտրություններից հետո եկավ, ասեց՝ առաջինը շրջանի բաղնիքի հարցն եմ լուծում, երկրորդ օրը բաղնիքը հիմքից քանդեցին, տարան, էլ չի եկել: Էդ էլ իրա խոստումը, բաղնիքի մատերիալը գողացան տարան», -ասաց մի կին:

Մի տղամարդ էլ կողքից միջամտեց՝ հեգնելով. «5 հազարդ տվել, գնացել է, դու էլ ի՞նչ գործ ունես իր հետ»:

Այս խոսքերից տիկինն ավելի վրդովվեց՝ բացականչելով. «Հայաթափեցին Հայաստանը, էն պայմանը դրեցին, որ ժողովուրդն էլ կաթ չմթերի, էն պայմանը դրեցին, որ սաղ թողնեն գնան»: Մեր հարցին, թե շա՞տ են այստեղից հեռացողները, բնակչուհին ասաց. «Շատ-շատ, դպրոցը դատարկվել է , ծայրամասային տեղանք է, գյուղ կա մի աշակերտ ունի, երբ ժամանակ է եղել՝ էդ գյուղն ունեցել է 25-30 առաջին դասարանցի»:

Գյուղի մեկ այլ բնակչուհի էլ, որը դժգոհում էր Հայաստան կաթի փոշի ներկրող «խուժան ու փողոցային օլիգարխից», որի պատճառով իրենց ապրանքը այլեւս պահանջարկ չունի, լսելով իրենց պատգամավորի անունը, ասաց. «Երեսը տեսնում ենք, որ դիմե՞նք, մի անգամ սխալվեցի դիմեցի Աշոտ Աղաբաբյանին, ինձ խոստացավ օգնել, որ տուն ստանամ, բայց մինչեւ օրս ես անտուն եմ: Դիաբետով հիվանդ, միայնակ կին եմ, Տեր հայրն է իր տունը տվել, որ փողոցներում չմնամ, գնամ ապրեմ, էդպիսի բան կլինի՞: Առավոտ 5-ից գոմը տանջվենք, որ մի հատ խուժան օլիգարխ կաթի փոշին բերի, լցնի՞ Հայաստան, մեր անարատ կաթն էլ մնա՞: Մեր կաթը ջրի գին դարձնե՞ն, ժողովրդին սովի մատնե՞ն, մեր չարչարվենք, որ մեր հաշվին հարստանան, կշտանան, չաղանան, փորերն ուռցնեն, մեր շնորհիվ մեկ միլիոն ռոճիկ առնեն նախարարությունում ու հետն էլ դժգոհեն, որ քի՞չ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930