Այսօր Աշոցքի կենտրոնում բողոքի էին դուրս եկել գյուղի բնակիչները: Թեման դարձյալ կաթի գինն էր, կաթնամթերող ընկերություններն այսօրվանից որոշել են նորից նվազեցնել գյուղացիներից գնվող կաթի գինը՝ մեկ լիտրի արժեք սահմանելով 130 դրամը:
Նշենք, որ մեկ ամիս առաջ կաթի գինը դարձյալ նվազեցրել էին ՝ հասցնելով 150-160 դրամի, իսկ այսօրվանից սահմանվել է 130 դրամ: Այս փաստն այնպես էր զայրացրել Աշոցքի բնակիչներին, որ նրանք ամենավերջին քննադատական խոսքերն էին հնչեցնում թե՛ նախագահի ու վարչապետի, թե՛ Աշոցքից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ու գյուղնախարարի հասցեին:
Գյուղացիներն առավել վրդովված են այն փաստից, որ մեկ կամ երկու օլիգարխ Ուկրաինայից կաթի փոշի են ներկրում Հայաստան՝ այսպիսով սահմանափակելով իրենց արտադրած կաթի պահանջարկը: «Հանքային ջուրը 160 դրամ է, իրենք կաթի համար 130 դրամ են վճարում մեզ, մի լիմոնը 150-200 դրամ է, ուրեմն կաթը էնքան մեռած է, որ լիմոն էլ չարժե հա՞… Ղազանչվա ջուրը տանում, լցնում են ջերմուկի շշերը, իբր ջերմուկ են արտադրել, բերում, վաճառում են ժողովրդի վրա, այդ նույն ջուրը զակատ արած, բուտուլկով հետ է գալիս մեզ ՝150-160 դրամ, իսկ կաթը, որի վրա էսքան չարչարվում ես, հանկարծ դառնում է 130 դրամ », -նեղվեց գյուղացիներից մեկը:
Մի երիտասարդ էլ դժգոհեց, որ մայիսի 1-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում 30 տոկոսով նվազեցրել են կաթի գինը, բայց գոնե 1 տոկոսով չեն էժանացրել մածունի, թթվասերի ու մյուս կաթնամթերքների գները:
Կարդացեք նաև
«Իրենք ստացած շահույթը մենակ իրենց ջեբն ու նախարարների ջեբը կուղարկե, հո էդպես չեղա՞վ, գյուղացին ո՞ւմ հոր էշն է, կաթը կտանեմ, կթափեմ ու կգնամ Հայաստանից, թեեւ մի բուռ մարդ է մնացել էստեղ: Սաղ Սերժն է անում, չես հասկանում, թե էդ գյուղատնտեսության նախարարությունը ինչի՞ են պահում: Էս երկրում մենակ Արարատյան դաշտավա՞յրն է, չի կարելի չէ՞ անտեսել գյուղական համայնքները»,- նեղվեց երիտասարդը: Վերջիններս հաշվարկ են անում՝ պնդելով, որ իրենք հարկադրաբար, վնասով են պահում անասուններին, Աշոցքում գարուն ու ամառ չկա, կա ձմեռ ու աշուն: Ձմռանը անասունին պահելու համար առնվազն ամեն մեկի վրա 200 հազարից ավելի գումար են ծախսում, իսկ հիմա չեն էլ կարող մտածել կաթի վաճառքից 200 հազար դրամ ստանալու մասին: «Չգիտես ի՞նչն է մեր քյարը, էն, որ ոտքե՞րս է կոտրվում անասուն պահելուց»,- ասում էր տարեց գյուղացիներից մեկը:
Մեկ այլ գյուղացու հաշվարկներով էլ, մի կովը մեկ տոննայից ավելի կաթ չի տալիս, եթե կաթի գինը լինի 130 դրամ, ապա մեկ տոննան կլինի 130 հազար դրամ, մինչդեռ իրենք ցուրտ եղանակներին՝ 7 ամիս շարունակ, անասուններին կերակրում են, ընդ որում խոտի մեկ տուկն արժե 1500 դրամ, իսկ անասունը 2 տոննա խոտ է ուտում, որը կազմում է 200 տուկ: Ըստ գյուղացու, ստացվում է, որ իրենք 20 հազար դրամ կերի մեջ են տուժում, չհաշված նախրապանին տրվող վարձը, իրենց չարչարանքը, անասնաբույժին տրվող գումարները:
Գյուղացիները վրդովված են, որ կաթի փոշի ներկրողները մի տոպրակը վաճառում են 10-12 հազար դրամով, իսկ կաթնամթերող ընկերությունները, գնելով դրանք, մի պարկից 500-600 լիտր կաթ են հանում: Դրա համար էլ, ըստ գյուղացիների, իրենց ապրանքը տեղում է մնում: Ըստ նրանց, եթե այսպես շարունակվի գյուղը կքայքայվի, գյուղացիներն էլ վարկերի տակ են:
Գյուղացիները պահանջում են, որ ՀՀ վարչապետը անձամբ գա իրենց հետ տեսության, այլ ոչ թե գյուղնախարարին կամ այս գերատեսչության որեւէ այլ պաշտոնյայի ուղարկի: «Որտեղ լենտ կտրելու տեղ կա, վարչապետն էնտեղ է, Աշոցքում ի՞նչ է կորցրել, որ գա: Մեր պահանջն է, որ վարչապետը գա, այլապես կփակենք ճանապարհը, կամ էլ դիմում կգրենք, կանցնենք Վրաստանի իշխանության տակ»,- սպառնացին գյուղացիները:
Նշենք, որ ըստ գյուղնախարարության տեղեկատվության, տեղում խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը և Ռոբերտ Մակարյանը մեկնել են Աշոցքի տարածաշրջան: Նրանց հետ Աշոցք է մեկնել նաև Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչիկ Պողոսյանը: Բողոքի ակցիայի ժամանակ այս պաշտոնյաները այնտեղ չէին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ