Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լևոն Ավետիսյան) ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արշակ Սվազյանը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից: Ուստի դատավորը հետաձգեց նիստը` հայտարարելով, թե Սվազյանը ժամանակ կունենա պատրաստվել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին, ժամը 16.30-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեղադրող դատախազ Գագիկ Մարգարյանը միջնորդել էր Արշակ Սվազյանին որպես պատիժ սահմանել երկու ամսյա կալանք:
Նիստից հետո Արշակ Սվազյանը հայտարարեց. «Եթե դատարանն այդպես որոշի, որևէ խնդիր չեմ տեսնում, կնստեմ»: Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից, չի՞ զղջում, ասելիք չունի՞, Արշակ Սվազյանը պատասխանեց. «Նախաքննության ժամանակ ասել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ: Տղամարդն իր արածի համար չի զղջում, ես արել եմ ու չեմ զղջում իմ արածի համար: Տղամարդը, եթե մի բան ասում, անում է, պետք է տեր կանգնի, հետո հետ չկանգնի իր ասածից, ես իմ արածներից հետ չեմ կանգնում»:
Մեր այն հիշեցմանը, թե հայտարարել է, որ ով Սերժ Սարգսյանին հայհոյի, նորից նույն կերպ է վարվելու, ինչ-որ թեկնածուներ կա՞ն, Արշակ Սվազյանը պատասխանեց. «Եթե լինեն, դուք կիմանաք»:
Կարդացեք նաև
Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը դատարանի դահլիճում միջնորդել էր մեղմ պատիժ կիրառել Արշակ Սվազյանի նկատմամբ` նաև հակադրվելով մեղադրող դատախազի այն հիմնավորմանը, թե Արամ Մանուկյանը ԱԺ պատգամավոր է, այդ պատճառով պետք է ծանր պատիժ սահմանել: Լիանա Բալյանը նշեց, թե չի արդարացնում ոչ իր պաշտպանյալին, ոչ էլ Արամ Մանուկյանին ու ասաց. «Եթե դատախազը մատնանշում է` քանի որ ԱԺ պատգամավոր է, այդ պատճառով պետք է ծանրացնեն մեղքը, ես էլ հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ պատգամավորն իրավունք չունի հայհոյելու: Ես ոչ հայհոյանքն եմ ընդունում` որպես արդարացնող երևույթ, ոչ էլ բռնությունը, երկուսն էլ դատապարտելի են: Ես չեմ արդարացնում, չեմ ասում, որ Արշակ Սվազյանը ճիշտ է արել, բայց նաև ԱԺ պատգամավորը իրավունք չուներ հայհոյելու, երկու կողմն էլ մեղավոր են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ