Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱԺ-ում վիճել էր Արամ Մանուկյանի հետ, երբ վերջինս բողոքել էր, թե այնքան սիրուն եք ներկայացնում բյուջեի հաշվետվությունը, ասես ուրիշ աշխարհից եք:
Հրանուշ Հակոբյանը պատասխանեց Արամ Մանուկյանի հարցին՝ կապված սիրիահայերի շտապ տեղահանման հետ. «Ասում եք՝ լավ ես ներկայացնում: Լավ չեմ ներկայացնում, իրոք, վիճակը լավ չէ: Բայց մյուս կողմից նրանց տեղահանման խնդիրները այնքան էլ հեշտ խնդիր չեն: Երբ խոսում ենք ավտոբուսների մասին, ասում են՝ վստա՞հ եք, որ մեր երեխաներին չեն փորձի ոչնչացնել ճանապարհին: Սիրիահայերի կողմից բարձրացված հարցերին փորձում ենք ընթացք տալ: Եթե բոլոր սիրիահայերը ճամբարներում ապրում են 1 դոլարի չափով պայմաններում, ապա ՀՀ-ում սիրիահայերի վիճակն այդպիսին չէ, բոլորին փորձ է արվում համապատասխան օգնություն տրամադրել: Դա ՄԱԿ-ի տվյալներն են, որ ամենաապահով վիճակը սիրիահայերի, ՀՀ-ն է: Իսկ սիրիահայերին բերելը հեշտ չէ, որ ասենք օդանավն իջեցրեցինք՝ բոլորը վեր կացան եկան: Մենք ասում ենք՝ մեր դռները բաց են»:
Ինչ վերաբերում է Նոր Հալեպ թաղամասին, որի մասին նույնպես հարց էր ուղղել Արամ Մանուկյանը՝ նախարարն ասաց. «Նոր Հալեպի կառուցումը սիրիահայերի խնդրանքն ու պահանջն է եղել, իրենք առաջարկում են 20-30 հազար դոլար դնեն, որ ունենան բնակարան եւ իրար հետ ապրեն՝ իրար կողք կողքի: Դա հոգեբանական խնդիր է: Առաջարկեցին ստեղծենք դպրոց, մենք ստեղծեցինք, որովհետեւ դպրոց ստեղծելն ավելի հեշտ է, քան թաղամաս կառուցելը: Հիմա եթե իրենք այս պահին իրենց սեփական բնակարան ունենալու խնդիրը չեն ուզում լուծել, հո չե՞մ կարող իրենց պարտադրել, որ լուծեն: Իսկ ֆինանսներ մի ամբողջ թաղամաս կառուցելու համար պետությունը ո՞րը կառուցի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ