Լրահոս
Օրվա լրահոսը

«Գամ ստեղ նստեմ կմկմամ, որ դուր գա՞մ». Հրանուշ Հակոբյանը վիճեց Արամ Մանուկյանի հետ (Տեսանյութ)

Հունիս 01,2015 16:32

Այսօր ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նրան լսելուց հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ա՜յ, տիկին Հրանուշ, այնպես սիրուն եք ներկայացնում, ոնց որ դուք ուրիշ աշխարհում եք, մենք՝ ուրիշ»:

Արամ Մանուկյանը դժգոհեց. «Ռաֆայելյան վարժարանը, Մելքոնյան վարժարանը հայապահպանության համար չէ՞ր, ուրիշ ազգեր չունեին: Մշակույթի, կրթական օբյեկտները ոչնչացրինք, հիմա էլ խոսում ենք հայապահպանությունի՞ց: Սիրիահայերին անմիջապես տարհանել է պետք, ուրիշ լուծում չկա: Նալբանդյանի հետ քննարկե՞լ եք ինչ եք անելու: ՀՀ իշխանությունները պարտավոր են հայերի ապահով տարհանման խնդիրը վերցնել իրենց վրա, չկա Քեսաբը, չկա Դերզորը, ինչքա՞ն պիտի լինի, որ իմանաք՝ այդ մարդկանց ոչնչացնելու են»:

Aram-Manukyan

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ, թե Նոր Հալեպի կառուցման համար հիմնադրամ էին բացել, այդ գործն ո՞ւր է հասել. «Ես ինչո՞ւ եմ այդպես ոչ հաճույքով լսում ձեր հաղորդումները, իրավիճակը լրիվ ուրիշ է, տիկի՛ն Հակոբյան, բացարձակ ուրիշ: Սփյուռքի մեր հայրենակիցները ուղիղ երկու անգամ նվազեցրել են տրանսֆերտները, դեպի ՀՀ, ներդրումները 2 անգամ պակասել են: Կտրուկ պակասում է ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը, բիզնես սկսելը, Հայաստան գալը: Դուք կառավարության անդամ եք, այսպես Արի տուն ասելով՝ խնդիրը չի լուծվի, մի ամբողջ իշխանություն ասում է՝ գնա տնից, ո՞նց է խնդիրը լուծվելու: Այսպես չի կարելի ասել՝ համերգ, գիրք, տպագրություն, շատ լավ է: Բայց երկիրը ձեռից գնում է, հո թռուցիկով չի, երգուպարով չի»:

Հրանուշ Հակոբյանը բորբոքվեց. «Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռքներս ծալենք նստե՞նք, գամ ստեղ նստեմ կմկմամ, որ դուր գա՞մ: Որպես կառավարության անդամ իմ առաջ խնդիր է դրված ծրագրեր իրականացնել, եւ ես այսօր հայտարարում եմ, որ ծրագրեր իրականացրել եմ: Չենք տապալվում, Սփյուռքի հետ կռիվների մեջ չենք մտնում եւ Սփյուռքը մեզ վստահում է»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Ռաֆայելյան վարժարանը փակվել է 1996-ին: Բայց եթե հետո էլ փակվեր՝ Սփյուռքի նախարարությունը ոչինչ անել չէր կարող. «Այո, դժվարություններ կան, հայկական դպրոցների նկատմամբ կա արդեն վերապահում, մարդիկ ուզում են ավելի ճոխ դպրոցներ: Սա ակնհայտ է: Ծնողներին համոզել այսպես հեշտ չի: Հեշտ չի, հենց ես ասեցի՝ իրենք էլ ինձ կլսեն ու չեն տանի կողքի որակավորում ունեցող դպրոց, կբերեն ավելի ցածր դպրոց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930