Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները չպետք է առանձնացվեն մյուս երեխաների խնդիրներից եւ կարիքներից, եւ եթե ինչ-որ ծրագիր է մշակվում, կամ նախաձեռնություն է լինում երեխաների համար, ապա դրանք անպայման պետք է ներառեն եւ հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները:
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանը:
«Ամենակարեւոր խնդիրներից է՝ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը, որը շատ- շատ երեխաների մոտ ոտնահարված է, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Շատ հաճախ ընտանիքները հրաժարվում են իրենց երեխաներից հենց հաշմանդամության պատճառով: Պատճառները տարբեր են, չկան ծառայություններ, չկան բավականաչափ տեղեկություններ, որպեսզի ընտանիքն իրեն ապահով զգա, չկա աջակցություն այդ ընտանիքին, որպեսզի կարողանա խնդիրները լուծել, եւ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնունդը ողբերգություն չդիտարկվի»-ասաց Զառա Բաթոյանը: Նրա ներկայացմամբ՝ կարծրատիպ կա, որ հաշմանդամություն ունեցող երեխայի համար ավելի շատ գումար է պետք, ոչ, ավելի շատ ծառայություններ են պետք:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Բաթոյանի ներկայացմամբ՝ եթե հաշմանդամություն ունեցող երեխան չի կարողանում իր բնակությանը մոտ գտնվող դպրոցում ուսում ստանալ, չկան պայմաններ, ապա ոտնահարվում է ոչ միայն երեխայի կրթության իրավունքը, այլեւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը: Նման դեպքերում այդ երեխաներն, ըստ Բաթոյանի, ստիպված են լինում կամ թողնել իրենց ընտանիքը եւ հատուկ հաստատությունում սովորել, որը հեռավոր մարզերում ու քաղաքներում գրեթե չկա, կամ էլ ընտանիքը ընտրում է այլ տարբերակ՝ չի հրաժարվում երեխայից, բայց հնարավոր է նա կրթությունից դուրս մնա: Այս առումով, կարեւոր է բոլոր համայնքներում ներառական կրթության ներդրումը:
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հանրային վայրերի մատչելիության խնդրին, Զառա Բաթոյանն ասաց՝ «Դրական փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մենք դրսում, քաղաքում, սրճարաններում ու խանութներում տեսնենք հաշմանդամություն ունեցող մարդկանց, երեխաների»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը, որը հաշմանդամություն ունեցող երեխայի մայր է, նկատեց՝ «Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը շատ մեծ խոչընդոտ է, հասարակությունը դեռեւս մնում է կարծրատիպային: Շատ ծնողներ խուսափում են երեխաներին միջավայր հանել, հասարակական վայրեր տանել: Լինում են դեպքեր, որ խուսափում են դպրոցից, կամ էլ տանելու դեպքում՝ մեծ հիասթափություններ են ապրում»:
Տիկին Սահակյանը մի պատմություն ներկայացրեց, երբ իրենց միջոցառման ժամանակ ծնողներից մեկը, որն իր երեխային մանկատուն էր տարել հաշմանդամություն ունենալու պատճառով, տարիներ հետո հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց ծնողների հետ ու մեծ ցավ է ապրել, որ իր երեխային լքել է:
Նման դեպքերում, ինչպես նշեց Սահակյանը, շատ կարեւոր է բժիշկների, հարազատների օգնող վերաբերմունքն այդ մայրերին, որոնք առաջին անգամ բախվել են այդ խնդրին: Տիկին Սահակյանը պատմեց, որ տարիներ առաջ, երբ ծննդաբերել է իր երեխային, որը հաշմանդամություն է ունեցել, ճիշտ է, բժիշկներն ուղիղ ձեւով չեն ասել՝ հրաժարվի, կամ մի հրաժարվի. «Բայց նրանց բազմաբովանդակ, տխուր լռությունն ինձ սպանում էր»:
Զառա Բաթոյանն էլ ասաց, որ պաշտոնական տվյալներով այսօր հաշմանդամություն ունեցող 8 հազար երեխա կա, բայց չկա վիճակագրություն, թե նրանցից
քանիսն ունի սովորելու դժվարություն, կամ՝ բժշկական ծառայության եւ այլ խնդիրներ:
Անդրադառնալով ներառական կրթությանը՝ Զառա Բաթոյանն ասաց, որ մանկավարժական համալսարանում իրենք որոշ առարկաներ են ներդրել, եւ ակնկալվում է, որ մասնագիտացում ստացած ուսուցչի տարրական գիտելիքները պետք լինեն ներառական կրթության սկզբունքները:
Արմինե Սահակյանի կարծիքը ներառական կրթության մասին՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ